Փաշինյանի չփակած «ռազմական» էջերը

Փաշինյանի «ռազմական» մանիպուլյացիան. 80-ականների զենքի էջը փակված չէ

2020թ․ հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսին Նիկոլ Փաշինյանը 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին, հայտարարել էր, որ ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի «ամոթալի» էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:

«2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված»,- ասել էր նա:

168.am-ը մի քանի անգամ անդրադարձել է այս թեմային և փաստերով ապացուցել, որ 80-ականների զենքի թեման բացառապես քաղաքական թեմա է, որն առաջացավ Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմից հետո հնչեցված խոսքերից հետո, իսկ ռազմական տեսանկյունից այն միանգամայն սին թեմա է: Այլ հարց է, որ ժամանակակից պատերազմները և անվտանգային ներկա մարտահրավերները, միջավայրն այլ պահանջներ են դնում: Սա այլ թեմա է: Իսկ հայկական սպառազինությունը, զենքերը 70-ականների, 60-ականների և 50-ականների են, օրինակ, Դ-20 հաուբիցները 1953թ․ են թողարկվել:

Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել անպիտան «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ, որոնք միայն մեր երկրում մոդեռնիզացումից հետո ենթակա եղան կիրառման: Այս մոդելի բոլոր համալիրներն արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը:

Azeri Defence-ը՝ հղում անելով NIN շաբաթաթերթին, գրել էր, որ 2019թ․ ընթացքում Հայաստանն այլ սպառազինությունների շարքում գնել է նաև սերբական Zastava M55 զենիթային կայանք, որը թողարկվել է 1955-ին:

Այս տարվա մայիսին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ «հակառակորդը հետևում է քեզ և տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ՝ 1980-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի»:

Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը, ըստ էության, նկատի ունի Սու-30-ները: Այսինքն, ըստ Փաշինյանի տրամաբանության՝ եթե ՍՈւ-30-ները գնել ենք 2019-2020թթ., ուրեմն դրանք 2020-ի «զենք» են:

Հիասթափեցնենք Փաշինյանին. Սու-30-ը Սու-27-ի կատարելագործված տարբերակն է։ Սու-30-ի առաջին նախատիպն օդ է բարձրացել դեռ 1988 թվականին, իսկ Սու-27-ինը՝ 1977թ․։ Ճիշտ է, այս ընթացքում Սու-30-ը կատարելագործվել է, սակայն նույն կերպ կարող են կատարելագործվել նաև այլ զինատեսակներ, եթե դրանց անհրաժեշտությունը կա:

Նշենք, որ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի գնած ՍՈՒ-30ՍՄ կործանիչները հրթիռներ չունեն՝ նշելով, որ չեն հասցրել գնել դրանք մինչև պատերազմը, մինչդեռ ավելի վաղ հայտարարել էր, որ «ՍՈւ 30-ները մարտական խոցումով առաջին վարժական թռիչքներն են իրականացրել»:

 Հայկական «հին» սպառազինությունը՝ 2020թ․ 5-րդ սերնդի պատերազմում

 ՌԴ «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի» հետազոտական զեկույցում ռուս փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատերազմի ժամանակ կիրառված Հայաստանի ՀՕՊ միջոցների ճնշող մեծամասությունը բավարար չափով ժամանակակից չի եղել:

«ՀՀ ՀՕՊ համակարգերից «Վերբա» ՇԶՀՀ-ն (շարժական զենիթահրթիռային համալիր.- Մ.Պ.), «Բուկ-Մ1-2» ԶՀՀ-ն և «Տոռ-Մ2ԿՄ»-ներն են մշակվել 1990-ականների կեսերից հետո: 2020թ. չափանիշներով անգամ «Բուկ-Մ1-2»-ը առանձնապես ժամանակակից համակարգ չէր, քանի որ սպառազինություն է մտել 1998թ.՝ որպես միջանկյալ համակարգ «Բուկերի» դասի մոդեռնիզացիայի շարքում:

«Իր հնարավորություններով այդ համակարգը էականորեն զիջում է 2008թ․ սպառազինություն մտած «Բուկ-Մ2»-ին և 2016թ․ «Բուկ-Մ3»-ին, որոնք հագեցած են առավել ժամանակակից ռադարներով և կատարելագործված հրթիռներով»,- ասվում է հետազոտության մեջ:

Հետազոտողները փաստում են «որոշակի կասկածներ»՝ կապված Հայաստանի կողմից այդ համակարգերի գնման ժամկետների հետ: Նախքան պատերազմը Հայաստանի «Բուկ-Մ1-2» համակարգեր ունենալու փաստը հիմնավորվում է 2017թ. անցկացված շքերթում դրանց առկայությամբ: Մինչդեռ, ըստ փորձագետների, զորահանդեսին ցուցադրվել է Գյումրիի ռուսական ռազմաբազային պատկանող տեխնիկա` ներկված ՀՀ զինված ուժերին բնորոշ գույներով:

Նշվում է, որ պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը «Բուկեր» է առաջարկել Հայաստանին, սակայն դրանք վերանորոգման կարիք են ունեցել, և հնարավոր չի եղել անմիջապես կիրառել:

Այս վարկածը հաստատել էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը` նշելով, որ պատերազմի առաջին օրը հայկական կողմի ունեցած 6 միավոր «Բուկ-Մ1-2» համակարգերից միայն մեկն է պիտանի եղել, իսկ մյուսների վերանորոգման համար Ռուսաստանից մասնագետների են սպասել: Արդյունքում` այս ՀՕՊ համակարգերը չեն ծառայել Արցախի պաշտպանության գործին:

Նույնատիպ կասկածներ կան նաև «Վերբա»-ի հետ կապված: Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը Ռուսաստանից մեծ քանակությամբ «Վերբա» և «Իգլա» է պատվիրել, սակայն 2020թ. պատերազմի մեկնարկի ժամանակ «Վերբան» դեռ մատակարարված չի եղել:

Հետազոտողների խոսքով` Հայաստանի ունեցած ՀՕՊ համակարգերից միայն «Տոռ-«Մ2ԿՄ»-ն է արդյունավետ պայքարել հակառակորդի անօդաչուների դեմ:

Նշվում է, որ Հայաստանն ունեցել է 6 միավոր «Տոռ», որոնք պատերազմի ժամանակ տեղակայվել են Արցախում: Դրանք նախապես պետք է ծածկեին 280 կմ-անոց ճակատը, սակայն առաջնագծի ընդլայնումից և հոկտեմբերի վերջերին «Օհանյանի գծի» ճեղքումից հետո 470 կմ-ի վերածված ճակատն այդ 6 միավորն ապահովել չէր կարող, քանի որ դրանց առավելագույն հեռահարությունն ընդամենը 15 կմ է:

Ռուս փորձագետների զեկույցում ասվում է, որ ՊԲ-ին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ 6 «Տոռ-Մ2ԿՄ»-ներից 4-ը հայկական կողմը կորցրել է մարտական գործողությունների առաջին 15 օրվա ընթացքում:

Ի դեպ, ըստ ադրբեջանական մամուլում շրջանառված տեղեկությունների, պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից ոչնչացվել է նաև մոտ 10 Zastava M55:

Ռուս փորձագետների նշում են, որ պատերազմի ժամանակ հայկական ՌՕՈՒ-ի և ՀՕՊ-ի միջև քիչ համագործակցություն է եղել:

«Ըստ տեղի աղբյուրի՝ սեփական կրակից խոցվել է մինչև հինգ թռչող սարք՝ 4 Սու-25 գրոհային օդանավ և մեկ Մի-8 օդանավ (դրանցից երկու Սու-25-երն իբր խոցվել են Վարդենիսի շրջանում Ս-125 ԶՀՀ-ից ռազմական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս, իսկ մեկը՝ Ղարաբաղում՝ ՇԶՀՀ-ից): Այդ կորուստները կազմում են Հայաստանի ՌՕՈՒ Սու-25-երի ընդհանուր թվի 25%-ը և Մի-8-երի 10%-ը»,- պնդում են նրանք:

Սա հաստատել էր նաև ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

«44-օրյային մենք ունեցանք մի քանի թռիչք, որոնցից երկուսը մենք ինքներս խփեցինք, կորցրեցինք ինքնաթիռները, մյուսը հաջող թռիչք ունեցավ, կարողացավ վերադառնալ, և կասկածներ կան, որ մեր ինքնաթիռներից մեկն էլ պատահաբար խոցվել է նաև մեր կրակոցի արդյունքում: Դա պետք է քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի: Բայց որ մեր 2 անհաջող թռիչքները հյուսիսային հատվածում տեղի է ունեցել ոչ պրոֆեսիոնալ պատրաստվածության պատճառով, դա բոլորը գիտեն, դրա մասին զինված ուժերում բոլորը գիտեն»,– Հանրային հեռուստատեսության եթերում ասել էր Ա. Քոչարյանը:

Իհարկե, հայկական կողմը ևս ռազմատեխնիկական կորուստներ է պատճառել հակառակորդին, բայց տվյալ դեպքում հոդվածի խնդիրը դա չէ․ այն առանձին ուսումնասիրության թեմա է։ Մեր այս հրապարակմամբ ցույց ենք տալիս, որ Փաշինյանը չի փակել 80-ականների զենքի էջը: Ավելին, պատերազմի ժամանակ հին արտադրության անորակ հրթիռներ են կիրառվել, ինչի մասին օրերս հայտարարություն տարածեց ՀՀ ԱԱԾ-ն:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն սեպտեմբերի 25-ին դարի բացահայտումը ազդարարող իրեն բնորոշ ոճով հաղորդագրություն էր տարածել, որ խոշոր չարաշահումներ թույլ տալու պատճառով ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյանը: Ուժային այդ կառույցի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր.

«ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ ՀՀ ներմուծելու, դրանց մի մասը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատչելի գնով ձեռք բերելու, օրացուցային ժամկետներն անցած լինելու, նպատակային օգտագործման համար պիտանի չլինելու պատճառով մատակարար ընկերությանը վերադարձման ենթակա լինելու և հետագա պահպանության համար ՀՀ պաշտպանության նախարարությանն ի պահ հանձնված լինելու հանգամանքի մասին, տեղեկություններ ունենալով նաև, որ մատակարար կազմակերպությունը նշված անորակ հրթիռները չի կարողացել իրացնել, նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ձեռնամուխ լինելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները լրացած, տեխնիկական վիճակը պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռները շուկայականից բարձր գնով ձեռք բերելու և արդյունքում նույն ընկերության ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարի մարման գործընթացին և այդ նպատակով հանցավոր արդյունքին հասնելու մեկ միասնական դիտավորությամբ, առանց շուկայում նույնատիպ ապրանքի գնի համեմատական վերլուծության, ձևականորեն կատարված սակարկությունների արդյունքում փոխադարձ պայմանավորվածությամբ մեկ միավոր հրթիռի գինը սահմանել են 1.100 ԱՄՆ դոլար և, հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռներ ձեռք բերելու իրական պահանջարկը, ներկայացրել է մեծ քանակությամբ հրթիռների գնման հայտ»,- հատուկ ազդեցիկությամբ ասվում էր հաղորդագրության մեջ:

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Անորակ հրթիռները գնվել են 2018թ․:

Այս գործով սեպտեմբերի 30-ին ԱԱԾ էր հրավիրվել Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Ստացվում է՝ Փաշինյանը ոչ միայն չի փակել նախկինների 80-ականների զենքի էջը, այլև «հին» անորակ սպառազինություն է գնել և կիրառության մեջ դրել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական այցերի ժամանակ հպարտանում էր, որ բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել:

«Кавказский узел» պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ պնդում է, որ Փաշինյանը մանիպուլյացիայի է դիմում սպազինության վրա ծախսված միջոցների առումով:

Նշվում է, որ, օրինակ, արդեն 2015թ․ վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016-ի շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների օրոք ռուսական վարկով 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:

Մասնավորապես, միայն С-300-ի շուկայական արժեքը 250 մլն դոլար է, «Իսկանդերներն» էլ ավելի թանկ են և չունեն շուկայական արժեք:

«Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ ոչ ամբողջությամբ՝ խիստ կրճատված և աղավաղված: Մասնավորապես, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն Սու-30-ների գնմանը, որոնք մատակարարվել էին առանց զինամթերքի և չէին ներգրավվել պատերազմին: Եթե սրանք չհաշվենք, ապա Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին ՀՕՊ-ի և հրթիռների համար բաժին է ընկնում ընդամենը 58 միլիոն դոլար»,- ասվում է հոդվածում: 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ իրենց օրոք մշակված «Տոռ» համալիրներ ձեռք բերելու պլանով նախատեսված էր երեք խմբաքանակ:

Ընթացիկ տարվա փետրվարին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Տոռ-Մ2ԿՄ» համալիրների առաջին խմբաքանակը մինչև վերջ չենք ստացել:

Մնում է հուսալ, որ Հայաստանը կկարողանա ամբողջությամբ հասնել խոստացված ռուսական նոր սպառազինության մատակարարմանը:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին դաշույն էր նվիրել հայ պաշտոնակցին՝ ասելով, թե Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը կարելի է սկսված համարել:

Տեսանյութեր

Լրահոս