«Ինչո՞ւ չեն վերցնում Խորհրդային մեծ հանրագիտարանը, որտեղ Հայաստանի տարածքը 31 հազար քկմ է՝ երևի համարձակություն չկա այս մասին բարձրաձայնելու». Ռուբեն Գալչյան
Նոյեմբերի սկզբին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տեղի ունենան Խորհրդային Միության ամենաթարմ քարտեզների հիման վրա։
«Խաղաղության պայմանագրի երկրորդ սկզբունքի առումով մենք պայմանավորվել ենք, և այդ առումով կա միջազգային ընկալում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Եվ ահա երկրորդ սկզբունքը խոսում է այն մասին, որ այդ սահմանազատման գործընթացը, հետագա դեմարկացիայի գործընթացը պետք է տեղի ունենա խորհրդային շրջանի ամենաթարմ օրինական, լեգիտիմ քարտեզների վրա։ Դրանք նախևառաջ 1974-78 թվականների քարտեզների խումբն է, որը պայմանական անվանում են 1975 թվականի քարտեզներ։ Մեծ հաշվով, որպես սկզբունք՝ Խորհրդային Միության ժամանակ եղած սահմանների հիման վրա։ Այսպես է, որ մեր համոզմամբ, մեր կարծիքով՝ նաև միջազգային հանրության ընկալմամբ և համոզմամբ, և իմ տպավորությամբ՝ նաև Ադրբեջանի ընկալմամբ այսպես է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացը»,- ասել էր Արարատ Միրզոյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել էր, որ 29.800 և 86.600 քկմ տարածքների վերաբերյալ թվերը վերցված են Խորհրդային հանրագիտարանից։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանն այս երկու հայտարարությունների առնչությամբ նախ ասաց, որ թվերը վերցված են ոչ թե Խորհրդային հանրագիտարանից, այլ Խորհրդային շտաբի քարտեզներից։
«Եթե հանրագիտարանային տրամաբանությամբ նայենք ու վերցնենք 1926 թվականի Խորհրդային մեծ հանրագիտարանը, ապա Հայաստանի տարածքը եղել է 31 հազար քկմ։ Ինչո՞ւ դա չվերցնել, այլ վերցնել 1975 կամ 1991 թվականներինը։
Երևի համարձակություն չկա, որպեսզի այս մասին բարձրաձայնեն»,- նշեց Ռուբեն Գալչյանը։
Ըստ քարտեզագետի, եթե Խորհրդային հանրագիտարանից են խոսում, ապա պետք է նաև բարձրաձայնեն, որ այդ ժամանակ 4 «անկլավներն» ապօրինաբար են համարվել ադրբեջանական, դրանց վերաբերյալ այսօր օրինական որևէ փաստաթուղթ գոյություն չունի։
«Զարմանալի է, որ հայկական կողմից այս մասին չեն խոսում, որ ադրբեջանական անկլավներ գոյություն չունեն, քանի որ դրանց վերաբերյալ իրավական որևէ փաստաթուղթ գոյություն չունի։
Մենք որքան Ադրբեջանին տեղի տանք, նա այդքան ավելին է մեզանից պահանջելու։ Ինչո՞ւ հայկական կողմից Ադրբեջանին որևէ պահանջ չի ներկայացվում։ Ադրբեջանը չի ընդունում իրեն՝ որպես Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այլ ընդունում է 1918-1920 թվականների անկախ հանրապետությունը։ Այդ ժամանակ որևէ անկլավ գոյություն չուներ, և 1200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքները, որ 30-ականներին տրվել են Ադրբեջանին, դրանք էլ Հայաստանինն էին։ Ուրեմն՝ Ադրբեջանն իրավունք չունի՝ ըստ իր Սահմանադրության, պահանջելու Խորհրդային Միության ժամանակ իրեն տրված տարածքների վերաբերյալ։ Սակայն որևէ մեկը չի համարձակվում հայկական կողմից սրա մասին բարձրաձայնել, խոսել»,- շեշտեց Ռուբեն Գալչյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանը մշտապես մեծ նկրտումներ է ունեցել հայկական տարածքների հանդեպ, հետևաբար՝ հայկական կողմը պետք է պահանջի ամբողջ Շահումյանի շրջանը՝ իր բոլոր գյուղերով։
«Ինչո՞ւ չենք խոսում Ադրբեջանում բնակվող 300 հազար հայերից, նրանց ունեցվածքի մասին, որոնց բռնի տեղահանելուց հետո ադրբեջանցիները տիրացել են հայության ունեցվածքին։ Ադրբեջանն ասում է՝ հայկական այս կամ այն տարածքն անկլավ է, քանի որ այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, հայերն էլ Բաքվում են ապրել ու այլ վայրերում։ Եթե Ադրբեջանը պահանջ է երկայացնում, մենք իր նկատմամբ կրկնակի պահանջ պետք է ներկայացնենք»,- եզրափակեց Ռուբեն Գալչյանը։