Սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա խորհրդային շրջանի ամենաթարմ քարտեզների հիման վրա, իմ տպավորությամբ՝ նաև Ադրբեջանի ընկալմամբ է այսպես. Արարատ Միրզոյան
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների համար նախատեսված քարտեզներից՝ ընդգծեց.
«Խաղաղության պայմանագրի երկրորդ սկզբունքի առումով մենք պայմանավորվել ենք, և այդ առումով կա միջազգային ընկալում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Եվ ահա երկրորդ սկզբունքը խոսում է այն մասին, որ այդ սահմանազատման գործընթացը, հետագա դեմարկացիայի գործընթացը պետք է տեղի ունենա խորհրդային շրջանի ամենաթարմ օրինական, լեգիտիմ քարտեզների վրա։ Դրանք նախևառաջ 1974-78 թվականների քարտեզների խումբն է, որը պայմանական անվանում են 1975 թվականի քարտեզներ։ Այս քարտեզի հիման վրա։ Մեծ հաշվով, որպեսզ սկզբունք՝ Խորհրդային Միության ժամանակ եղած սահմանների հիման վրա։ Այսպես է, որ մեր համոզմամբ, մեր կարծիքով՝ նաև միջազգային հանրության ընկալմամբ և համոզմամբ, և իմ տպավորությամբ՝ նաև Ադրբեջանի ընկալմամբ այսպես է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացը»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Ըստ ԱԳ նախարարի, խաղաղության պայմանագրի երրորդ սկզբունքը շատ շահարկված ու արծարծված թեման է՝ տարածաշրջանի ապաշրջափակումը։
«Ուզում եմ կրկին առիթն օգտագործել ու ասել, որ Հայաստանը ոչ միայն դեմ չէ, այլև շահագրգիռ է, եթե կուզեք իմանալ, Հայաստանն իրեն ամենամեծ շահառուներից մեկն է համարում տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի։ Բոլոր այն ենթակառուցվածքները, որոք պետք է ապաշրջափակվեն և օգտագործվեն հարևան երկրների կողմից, պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որ երկրի տարածքով անցնում են»,- շեշտեց նա։