29.800 և 86.600 քկմ տարածքների վերաբերյալ թվերը վերցված են Խորհրդային հանրագիտարանից. Նիկոլ Փաշինյան

«Բնական հարց  է առաջանում, թե ինչքանով է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը, հատկապես այն տրամաբանությամբ, որի մասին խոսել ենք։ Ասել ենք, որ մենք փորձում ենք և ամեն ինչ կանենք առաջիկա ամիսներին նման արդյունքի հասնելու համար»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և, եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական։

Հիշեցնելով այդ սկզբունքները՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29.800 քկմ է, իսկ Ադրբեջանինը՝ 86.600 քկմ։

«Ուզում եմ ասել, որ նաև մեր հայացքից չի վրիպել, որ այս թվերի ճշգրտությունը քննադատությունների առարկա ու թիրախ է դառնում, որովհետև ասում են՝ ինչ թիվ է 29.800-ը, այդ կլոր թվերը։ Անվստահությունն այստեղ էլ է աշխատում։ Ես ուզում եմ մեկ շատ կարևոր արձանագրում անենք, որպեսզի թեման ամբողջապես պարզ լինի, որովհետև պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում և հիմնական գաղափարը եղել է՝ հղում անել կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ մի աղբյուրի և հիմք վերցնել այդ թիվը, հասկանալով, որ հետագա քննարկումների և համաձայնությունների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա, դելիմիտացիա և այդպես շարունակ։ Ըստ էության այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրված են հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքները։ Այստեղ գալուց առաջ ևս մեկ անգամ դիտեցի, դա արձանագրված է հանրագիտարանի 1977 թվականի հրատարակություններում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Խոսելով երկրորդ սկզբունքի մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշանակում է՝ ելնել այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը կողմերը ճանաչել և ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրով։

«Հաջորդ սկզբունքն առանցքային նշանակություն ունի, նաև Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահին առկա իրադրությունն արձանագրող քարտեզների առկայությունը։ Պիտի ասեմ, որ կա շատ կարևոր հանգամանք, որ, ըստ էության, կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները։ Հետևաբար՝ կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում այդ գործընթացով կարելի է  առաջ գնալ։

Երրորդ սկզբունքը, ըստ էության, ներառված է նախորդ երկու սկզբունքների մեջ, հետևյալն է՝ բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա։ Այս սկզբունքի հիման վրա մեր դիրքորոշումը մենք վերջերս ամփոփեցինք Խաղաղության խաչմերուկ նախագծին ամբողջական ու հայեցակարգային տեսք տալով։ Բրոշյուրի մասին հասցրել եմ ձեզ պատմել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս