
Աղոթքի զորության մասին

Մի աղջիկ ուշ երեկոյան տուն էր վերադառնում: Նրա ճանապարհն անցնում էր թույլ լուսավորված այգու միջով, որը վատ համբավ էր վայելում: Աղջիկն աղոթեց այգու մուտքի առաջ ու ներս մտավ:
Ճանապարհի մոտ երկու երրորդն արդեն անցել էր, երբ մի կասկածելի տիպ տեսավ, որը հարևան ծառուղով էր գնում: Աղջիկը գնում էր անդադար աղոթելով: Մի պահ այդ տիպը նրա կողմը նայեց ու առաջ անցավ: Աղջիկը դուրս եկավ այգուց ու բարեհաջող հասավ տուն: Հաջորդ օրը տեղական լուրերը հաղորդեցին, որ այն նույն երեկոյան այգում մի կնոջ վրա հարձակում են գործել:
Աղջիկը ոստիկանություն գնաց և հայտնեց, որ մի կասկածելի մարդու է այնտեղ տեսել: Ոստիկաններն ասացին, որ արդեն կասկածյալ ունեն և խնդրեցին աղջկան նայել, թե արդյոք նրան է տեսել այգում:
Պարզվեց, որ այն նույն կասկածելի տիպն էր: Երբ ոստիկանը հարցրեց կասկածյալին, թե ինչու այս աղջկա վրա չի հարձակվել, քանի որ նրան ավելի շուտ էր հանդիպել, վերջինիս պատասխանը շփոթեցրեց բոլորին: «Ես, ինչ է, ապո՞ւշ եմ: Նա միայնակ չէր, այլ մի աժդահա տղայի հետ…»
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի