«Այս իշխանությունն արմատախիլ է անում այն, ինչ կապված է Արցախի հետ, պետականությունը թաղում են, որ նորից չհառնի». Ալյոշա Գաբրիելյան
Այն, ինչ կատարվել է Արցախում և այսօր կատարվում է Հայաստանում, կանխամտածված պայմանավորվածություններ էին, որոնք ձեռք են բերվել առաջինը՝ Պրահայում՝ եռակողմ հանդիպման ժամանակ, և երկրորդը՝ Բրյուսելում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից տեղյակ են եղել ՀՀ իշխանությունները, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իշխող խմբակը, դրա մասին խոսել է նաև Թուրքիայի նախագահը։ Արցախցի երեք գումարման պատգամավորի կարծիքով՝ դրան տեղյակ է եղել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որը մեծ կապեր է ունեցել Փաշինյանի հետ։
«Ի սկզբանե մեզ թվացել է, որ եթե ռուս խաղաղապահ ուժերը ներկա են այնտեղ, այդքան խորությամբ չէին գնա դրան, ինչ-որ տեղ էլ նրանք մեզ պետք է պաշտպանեին, որպեսզի դուրս չգայինք։ Սակայն ամեն ինչ կանխորոշված էր, կարծում եմ՝ տարածաշրջանի երկրների համաձայնությամբ, նկատի ունեմ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի։
Պատերազմը հանրության համար անսպասելի էր, կեսօրին մոտ սկսվեց և իր ինտենսիվությամբ ավելին էր, քան 44-օրյա պատերազմի նախօրեին, երբ նախնական պատրաստություն կար ու հարվածում էին մեր մարտական դիրքերին։ Այս անգամ լավ նախապատրաստվել էին, Ասկերանում էի բնակվում, ամեն ինչ մեր գլխավերևով թռնում էր, թշնամին լավ ռեզերվ ուներ՝ նախապատրաստված հատուկ նշանակության ջոկատներով։ Չէինք սպասում նման զարգացումների, մեր տղաներն իսկապես արիաբար կռվում էին, բնականաբար, զոհեր կային։ Արցախի իշխանությունը տեսնում էր, որ պատերազմն անհավասարաչափ ուժերով է ընթանում, ժողովուրդն անպաշտպան է, վերջաբանը եղավ այն, ինչ եղավ»,- նշեց Ալյոշա Գաբրիելյանը։
Նա հիշեցրեց՝ այն պայմանավորվածությունները, որոնք Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները ձեռք էին բերել պատերազմին նախորդող ժամանակահատվածում՝ Եվլախում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ, Ադրբեջանը հետո խախտեց։ Ադրբեջանն իր համար տակտիկական զենք էր վերցրել այն, որ Արցախից պետք է արցախահայությանը հանեն, բայց ոչ ամբողջությամբ։
«Ադրբեջանն իր հաշվարկներում սխալվել է, պայմանավորվածությունն այն էր, որ մերոնք ամբողջովին զինաթափվում են, հանձնում են զենքը, իսկ թուրքերը վերադառնում են իրենց ելման դիրքեր։ Իրենք ոչ թե վերադարձան իրենց ելման դիրքեր, այլ գրավեցին կարևորագույն հանգուցային կետեր։ Կոնկրետ Ասկերանի ուղղությամբ եկել էին և Ասկերան-Նախիջևանիկ ճանապարհին անմիջապես մոտ կանգնած էին, դրոշը տնկած վերահսկում էին, անզեն աչքով մենք նրանց տեսնում էինք։ Ավելի սարսափելին այն էր, որ Մարտակերտի ու Մարտունիի շրջաններում նրանք նաև մտան գյուղերը։ Սկսվել էր խառնաշփոթ վիճակ, որևէ մեկն իրավունք չուներ ժողովրդին մեղադրել, եթե հաշվի առնենք այն զոհերը, որոնք ունեցանք քաղաքացիական անձաց շրջանում։ Թուրքը գործում էր այնպես, ինչպես միշտ գործում էր դարի սկզբից մինչև այսօր, դրա համար բոլոր շրջաններից բնակիչները հավաքվեցին մեր «պաշտպանների» հենակետի մոտ՝ Իվանյանում։ Մարդիկ օգնության, պաշտպանվելու կարիք ունեին, ռուս խաղաղապահները ոչինչ չձեռնարկեցին»,- շեշտեց Ալյոշա Գաբրիելյանը։
Նրա բնորոշմամբ՝ Արցախում Ադրբեջանի ղեկավարությունն իրականացրել է ցեղասպանություն, դրա վերաբերյալ բազմաթիվ մարդիկ ունեն հստակ փաստեր։ Մարդկանց բռնի տեղահանել են իրենց բնօրրանից։
«Նույնիսկ կասեի, որ Ասկերանի շրջանում տեղի ունեցած պայթյունը կրկին ծրագրավորված էր՝ խուճապ առաջացնելու համար։
Արցախի իշխանությունը որոշել էր բնակչությանը պահել Արցախում, այսինքն՝ մեզ մեր բնօրրանից չկտրել, դժվարությունները հաղթահարելով՝ մնանք, բայց ամեն ինչ այնպես կազմակերպվեց, և այնպիսի խուճապ սկսվեց, որ որևէ իշխանություն չէր կարող դրա դեմն առնել։ Մարդիկ մի կտոր բենզին էին փնտրում, որ թողնեին դուրս գային։ Այդ ամենը պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանություն էր, և դրա մեղավորները միայն Ադրբեջանի ղեկավարությունը չէր, այլև այն մարդիկ, ովքեր ստեղծել էին այս իրավիճակը, ովքեր պայմանավորվել են, որ Արցախն այս ճանապարհով պիտի տան։ Ինձ համար, գիտե՞ք, որն է զարմանալին, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը հղում էր տալիս Նիկոլ Փաշինյանին, որ Արցախում բնակչության անվտանգությունն ապահովված էր, սա ցնորք է, ի՞նչ անվտանգության մասին էր խոսքը։
Ոչ մի ղարաբաղցի իրեն երբեք Ադրբեջանի կազմում չի պատկերացնում, մեր առջև երեք հիմնական խնդիր էր դրված՝ կամ ինտեգրվել Ադրբեջանին, պայքարել՝ թեկուզ սովի պայմաններում, և վերջապես՝ դուրս գալ Արցախից, մենք նախընտրել էինք պայքարով մնալ Արցախում, սա է եղել ժողովրդի կամքը։ Թուրքը թուրք է մնում, արյունը դեռևս չի չորացել։
Այս իշխանությունը ոչնչացնում, արմատախիլ է անում այն, ինչ կապված է Արցախի հետ, պետականությունը թաղում են, գցում են փոսի մեջ ու թաղում, որպեսզի նորից չհառնի»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում