
Որպեսզի կարողանան թերակատարումն ինչ-որ ձևով փաստաթղթավորել, հիմա էլ որոշել են իրենց սուտ խոստումը հետաձգել. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, օրերս նշեց՝ 2024 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ, ՀՆԱ-ում հասնում են 6,6 տոկոսի. 2023 թվականի նկատմամբ այն աճում է 0,7 տոկոսային կետով:
Ֆիննախը տեղեկացրել էր նաև՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակ ունի փոխել կապիտալ ծախսերի իրականացման մեխանիզմը. «Ունենք նախագիծ, որը դեռ պետք է վերջնական հաստատվի կառավարության կողմից, որով պլանավորում ենք թույլ տալ կապիտալ ծախսերի տեղափոխումը մի տարվանից՝ մյուս»:
Շարունակ թերակատարվող կապիտալ ծախսերի խրոնիկ խնդիրն ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը համարում է հարված պետության կայունության ընդհանուր վարկանիշին:
«Պետական բյուջեն հենց այնպիսի հաշվետվություն կամ իրենց նախընտրական խոստումը չէ, որ չկատարեն, ու լինեն միայն քաղաքական հետևանքներ: Հատկապես կապիտալ ծախսերը. խոստանում են և պետական բյուջեով ամրագրում, դրա դիմաց ստանում են վարկեր՝ արտաքին պարտքն են ավելացնում: Կապիտալ ծախսը կարևորագույն կոմպոնենտներից մեկն է պետական ծախսի իմաստով, որովհետև եթե պարտք ես վերցնում, պայմաններից մեկը կայունության այն է՝ դա ծախսում ես ընթացի՞կ, թե՞ կապիտալ ծախսային ուղղություններով,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը, ապա անդրադառնալով նախարարի՝ կապիտալ ծախսերը հետաձգելու առաջարկին, հավելեց,- Այսինքն՝ գրում են բյուջեում, պարտքը վերցնում, հետո՝ թերակատարում, ու ոչ միայն ապաշնորհ են դրա համար, այլ նաև՝ իրականում ազնիվ չեն միջազգային գործընկերների հանդեպ: Ու որպեսզի կարողանան թերակատարումն ինչ-որ ձևով ձևակերպել, փաստաթղթավորել, հիմա էլ որոշել են իրենց սուտ խոստումը հետաձգել»:
Թադևոս Ավետիսյանը համոզված է՝ «հետաձգելով»՝ այդ խնդիրը ոչ միայն չի լուծվում, ավելին՝ խորանում է, որովհետև այսպիսի պոտենցիալով հաջորդ տարվա վրա տեղափոխելով՝ ակնհայտ է դառնում, որ «ի սկզբանե խաբում են»: