Կինոարդյունաբերության զարգացումը Հայաստանում. «Առաջարկ Հայաստանին»

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի» նախագահ Հովհաննես Գալստյանի առաջարկների ամփոփագիրը։

Ի՞նչ անել շահութաբեր կինոարդյունաբերություն ունենալու համար առաջարկն արմատական բարեփոխումների ռազմավարական պլան, որը վերաբերում է կինոարդյունաբերության բոլոր շղթաներին՝ նախագծերի ֆինանսավորումից մինչև արտադրություն և վաճառք, և որի կիրառումը կնպաստի բարձրարժեք ֆիլմերի ստեղծմանը և հայկական կինոարդյունաբերության միջազգային մրցունակության շեշտակի բարձրացմանը։

ԱՌԱՋԱՐԿ 1

Կինոյի Պետական Համակարգի բարեփոխումներ՝ արդյունավետ համակարգ – պրոֆեսիոնալ կառավարում

Պետական աջակցությունը կինոարդյունաբերության պահպանման ու շարունակականության գրեթե միակ երաշխիքն է։ Կայուն կինոարդյունաբերություն ունենալու համար պետական աջակցության արդյունավետ մեխանիզմի առկայությունը չափազանց կարևոր է, իսկ բացակայությունը հանգեցնում է կինոարդյունաբերության անկմանը, ինչի ականատեսն ենք այսօր և անկախության երեք տասնամյակների ընթացքում։ Նախկին խորհրդային մերձբալթյան երկրներն ու անգամ մեր անմիջական հարևան Վրաստանը, կարողացել են մաքրել կինոյի կառավարման պետական համակարգը կոռուպցիայից, թայֆայականությունից, ստվերայնությունից՝ ապահովելով իրենց նոր ազգային կինոյի ներկայությունը համաշխարհային կինոէկրաններին, խոշոր կինոփառատոներում և մրցանակաբաշխություններում։

Կինոյի պետական կառավարման համակարգը բարեփոխելու և համակարգի հետագա արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ապահովել կինոյի մասնագիտական համայնքի՝ հասարակական միությունների ներկայացուցիչների ներկայությունը կինոյի պետական կառավարման համակարգում։

Կինոնախագծերին տրվող պետական աջակցությամբ ֆիլմերի նախագծերի ընտրության, գնահատման և ֆինանսավորման համակարգի թափանցիկությունն ու մրցութային հանձնաժողովների հաշվետվողականությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է սահմանել ֆիլմերի գնահատման հստակ չափորոշիչներ և կիրառել «Հայաստանի Կինոյի Հիմնադրամի» մրցութային հանձնաժողովների վերահսկողության արդյունավետ մեխանիզմ։

Գործողությունների պլան․

• Կինոոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործում, Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի կիրառում։

• Հեղինակային և հարակից իրավունքների մասին օրենքի կիրառում։

• Կինոոլորտում գործող Հասարակական Կազմակերպությունների ներգրավում կինոյի պետական կառավարման գործընթացում։

• ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ կինոյի պետական կառավարման խորհրդի ստեղծում, կինոոլորտի ներկայացուցիչերի ներգրավում խորհրդում։

• Կինոնախագծերին տրվող պետական աջակցությամբ ֆիլմերի նախագծերի մրցութային հանձնաժողովների անդամների չափորոշիչների սահմանում։

• Կինոնախագծերին տրվող պետական աջակցությամբ ֆիլմերի նախագծերի մրցույթների ժամկետների, մասնակցության կարգի հստակեցում և ամրագրում:

• Կինոնախագծերին տրվող պետական աջակցությամբ ֆիլմերի նախագծերի ընտրության, գնահատման և ֆինանսավորման չափորոշիչների սահմանում, կիրառում։

• Կինոնախագծերին տրվող պետական աջակցությամբ ֆիլմերի նախագծերի մրցութային հանձնաժողովների կողմից կինոնախագծերի ընտրության գործընթացի թափանցիկության և վերահսկողության մեխանիզմի ապահովում։

• Պետական աջակցություն ստացած կինոնախագծերի արտադրության գործընթացի վերահսկողության մեխանիզմների սահմանում, կիրառում:

• «Ազգային ֆիլմ» հասկացության իրավական ձևակերպում, կիրառում։

• Երկրում ստեղծվող կինոարտադրանքի լիցենզավորում, հաշվառում։

• Կինոարդյունաբերության ծրագրային հետազոտությունների, հուսալի վիճակագրական և վերլուծական (փորձագիտական) տեղեկատվության ստեղծում, համակարգում, տարածում:

• Կինոարդյունաբերության գործունեության համար անհրաժեշտ երկրորդ շղթայի մասնագետների (պրոդյուսերների, ռեժիսորների, օպերատորների օգնականներ, հարդարման նկարիչներ, ձայնային ինժեներներ, լուսային ինժեներներ, և այլն..) կրթության և որակավորման բարձրացման համակարգի կիրառում:

ԱՌԱՋԱՐԿ 2

Ֆիլմարտադրության ոլորտում Հարկային արտոնությունների համակարգի ներդրում, ներդրումների խթանում

Հայկական կինոյի այօրվա խոր ճգնաժամը հաղթահարելու, պետության կողմից հայկական ֆիլմարտադրող ընկերությունների մրցունակ ֆիլմեր ստեղծելու գործընթացին սատարելու լավագույն գործիքներից մեկը ՀՀ-ում գործող ֆիլմարտադրող ընկերությունների համար հարկային արտոնությունների ռեժիմի կիրառումն է։

Մեկենասության ինստիտուտի խթանում

Հայկական կինոարդյունաբերության ֆինանսավորման եղանակները շատ չեն տարբերվում եվրոպականից. պետական աջակցություն` կինոնախագծի բյուջեի 30-ից մինչև 70%, համատեղ արտադրության դեպքում` այլ երկրների ֆոնդեր, հեռարձակողներ: Տարբեր են միայն ֆինանսավորման ծավալները: Միջին հոլիվուդյան ֆիլմի բյուջեն մոտ 25 մլն դոլար է, միջին եվրոպական ֆիլմն արժե 5-8 մլն․ եվրո, ռուսական ֆիլմերի միջին բյուջեն՝ 2․5-3 մլն եվրո: Հայաստանում արտադրվող լիամետրաժ խաղարկային ֆիլմի բյուջեն տատանվում է 400․000ից մինչև 1 մլն․ եվրո:

Մասնավոր ներդրումները և պետական ֆինանսավորումը Հայաստանում չեն համադրվում։ Պետական ֆինանսավորումը ենթադրում է կինոնախագծերի գաղափարական և մշակութային բարձր չափորոշիչներ: Մասնավոր ներդրողները չեն կարևորում արվեստի բաղադրիչը և ունեն գովազդի կամ շահույթ ստանալու նպատակ։ Այդուհանդերձ, ո՛չ պետության կողմից ֆինանսավորող «արթհաուս» ֆիլմերը, ո՛չ մասնավոր ներդրումներով ստեղծվող «կոմերցիոն» ֆիլմերը, մեծ հաշվով, չեն ծառայում իրենց նպատակին։ Առաջինները չեն հասնում միջազգային էկրան, որպեսզի հանրահռչակեն Հայաստանի Հանրապետության մշակութային ներկայությունը համաշխարհային արվեստում, «կոմերցիոն» ֆիլմերը մնում են լոկալ շուկայի սպառման սահմանափակ դաշտում՝ առանց գերշահույթի։

Հայկական նոր կինոն կարող է մրցակցային դառնալ և հայտնվել միջազգային շուկաներում միայն ֆինանսավորման աղբյուրների համադրման ու կրկնապատկման արդյունքում։ Մրցունակ ֆիլմ արտադրելու համար պետք է նախագծի արտադրության փուլում ներգրավել և՛ պետական աջակցություն, և՛ մասնավոր ներդրում, և՛ միջազգային ներդրողներ ու հիմնադրամներ, և՛ հեռարձակողների միջոցներ։ Այս ամենի համադրումն է, որ կարող է ֆիլմի արտադրության հաջող ավարտից հետո ճանապարհ հարթել ֆիլմի համար դեպի միջազգային շուկա և փառատոնային էկրաններ։

Հայաստանում կինոարդյունաբերության զարգացմանը էապես խթանելու համար անհրաժեշտ է ՀՀ տարածքում իրավաբանական գրանցում ունեցող և կինոարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող, ֆիլմեր արտադրող ընկերություններին ազատել Ավելացված արժեքի հարկից, եթե ընկերության շրջանառությունը չի գերազանցում 200 մլն ՀՀ դրամի շեմը։

Մեկենասության ինստիտուտի ձևավորմանը խթանելու համար, Հայաստանում ազգային ֆիլմերի արտադրության մեջ ներդրում կատարած մասնավոր անձանց կամ կառույցներին ՀՀ պետական բյուջեից փոխհատուցել նրանց կողմից պետությանը փոխանցած ԱԱՀ-ից՝ ֆիլմում կատարված ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան մինչև 200 մլն ՀՀ դրամը։ ՀՀ պետական բյուջեից ֆիլմի ներդրման չափով Ավելացված Արժեքի Հարկի փոխհատուցված չափը համարել պետության կողմից կատարած ներդրում ֆիլմում և այդ չափով ապահովել պետական բաժնեմասը ֆիլմում, կամ, եթե պետությունն արդեն աջակցել է կինոնախագծին, ավելացնել պետության բաժնեմասն այդ չափով։

Գործողությունների պլան

• Փոփոխություններ և լրացումներ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։

• Մեկենասության խթանման տեղեկատվական արշավի կազմակերպում․ մեկենասության խրախուսում։

• Մեկենասության համար կինոնախագծին տրվող «Ազգային ֆիլմի» վկայականի առկայությունը՝ որպես պարտադիր պայման, ամրագրում։

• «Ազգային ֆիլմի» վկայականը ստանալու համար հետևյալ չափորոշիչների սահմանում․

1. Գլխավոր Պրոդյուսերը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

2. Արտադրող ընկերությունը գրանցված է ՀՀ-ում:

3. Ստեղծագործական կազմի՝ ռեժիսոր, օպերատոր, սցենարի հեղինակ, կոմպոզիտոր, նկարիչ, հագուստների նկարիչ, գլխավոր դերակատարներ, առնվազն 51%-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

4. Ֆիլմի լեզուն հայերեն է, կամ ֆիլմը ՀՀ տարածքում բնակվող ազգությունների լեզվով է, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը անհրաժեշտ է և հանդիսանում է հեղինակների մտահղացման արդյունքը:

5. Նկարահանումների ոչ պակաս, քան 70%-ը իրակացվում է ՀՀ տարածքում:

6. ՀՀ-ում ֆիլմի տարածման իրավունք ունեցող ընկերությունները գրանցված են ՀՀ-ում:

7. Արտադրության ծախսերի մեջ օտարերկրյա ներդրումների ծավալը չի գերազանցում ընդհանուր ծախսերի 50%:

• «Ազգային ֆիլմերի» էկրան բարձրանալու ընթացքի կարգավորում, պրեմիերաների և ցուցադրումների ժամկետների հսկողություն, վարձույթի վերահսկում, հաշվառում, վիճակագրության հասանելիության ապահովում։

• Միջազգային շուկաներում «Ազգային ֆիլմերի» տարածման խթանում:

• ՀՀ բանկերի կողմից «Ազգային ֆիլմերի» հարակից իրավունքների բաժնեմասի դիմաց կինոարդյունաբերությանը նպաստավոր պայմաններով վարկավորման համակարգի ներդրում։

• Գույքային գրավի դիմաց կինոարդյունաբերությանը նպաստավոր պայմաններով բանկային վարկավորման համակարգի մշակում և ներդրում:

ԱՌԱՋԱՐԿ 3

Ֆիլմ Հանձնակատարի ինստիտուտի ներդրում․ ՀՀ-ում միջազգային կինոնախագծերի նկարահանումների խթանում

• Ֆիլմ Հանձնակատարի Ինստիտուտի վերակենդանացում

• Միջազգային կինոխմբերի հետ համագործակցության և կապի միասնական կենտրոնի ստեղծում

Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակ

Ֆիլմերի Հանձնաժողովների կամ Ֆիլմ Հանձնակատարի (Film Commission or Film commissioner) ինստիտուտը հիմնադրվել է 20-րդ դարի կեսերին՝ 1949 թ-ին, ԱՄՆ-ում, որից հետո լայն տարածում է գտել աշխարհում։ Այսօր չկա քիչ թե շատ կայացած կինոարդյունաբերությամբ որևէ երկիր, որտեղ չի գործում Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակ։ Կինեմատոգրաֆիական հարուստ ավանդույթներով ու զարգացած ենթակառուցվածքներով երկրներում գրասենյակների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի։

Գործառույթներ և նպատակ

Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակը պետական կառույց է, որի գործունեության նպատակը համաշխարհային կինոարդյունաբերության և հեռուստաինդուստրիայի ներկայացուցիչների ներգրավումն է իր գործունեության վայրում՝ քաղաք, երկիր կամ տարածաշրջան։ Կառույցն աջակցում է ֆիլմարտադրող ընկերություններին՝ տրամադրելով տեղեկություններ իր գործունեության տարածքի նկարահանման վայրերի, լոգիստիկ հնարավորությունների, տեխնիկական հագեցվածության վերաբերյալ և օգնում է նկարահանումների համար տեղական իշխանություններից թույլտվություններ ստանալու գործընթացներում։ Նաև ուղղորդում է տարածաշրջան ժամանած նկարահանման խմբերին՝ տեղական ռեսուրսների, նկարահանող անձնակազմի, սարքավորումների, կացարանների, սննդի օբյեկտների հասանելիության հարցում: Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակը կարողանում է գրավիչ ներկայացնել տարածքը արտասահմանյան նկարահանող խմբերի համար, կազմակերպելով շնորհանդեսներ համաշխարհային կինոարդյունաբերության կարևոր միջոցառումների ընթացքում և ապահովում է միջազգային կինոխմբերի կողմից նկարահանումների կազմակերպումը իր տարածքում, ինչով խթանում է տեղական տնտեսությունը՝ աշխատատեղերի ստեղծման, ծախսային մուտքերի և զբոսաշրջության հաշվին:

Միջազգային ինտեգրում

Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակները նաև նպաստում են միջազգային կինոարդյունաբերության մասին տեղական համայնքի իրազեկության բարձրացմանը, տեղական շուկայում աշխատող մասնագետների որակավորման բարձրացմանը, ու այդ ամենի արդյունքում՝ լոկալ կինոարտադրության ինտեգրմանը համաշխարհային կինոարդյունաբերություն։

Ծախսերի նվազեցում

Նկարահանման վայրերի մասին տեղեկատվության տրամադրումից, լոկալ կինոարդյունաբերությունը միջազգայնացնելուն ուղղված ջանքերից ու լոգիստիկ խնդիրների կարգավորումից բացի, Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակի կարևորագույն առաքելությունն է ֆիլմերի արտադրության համար իր երկրում, համայնքում, քաղաքում կամ տարածաշրջանում գործող հարկային արտոնությունների ու տնտեսական խթանիչների մասին տեղեկատվության տարածումը, որոնց կիրառումը կարող է օգնել միջազգային նկարահանման խմբերին նվազեցնելու արտադրական ծախսերը:

Տնտեսա-իրավական Կարգավիճակ

Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակը, որպես կանոն ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր ծառայությունները մատուցում է անվճար՝ ֆինանսավորվելով համայնքային, քաղաքային կամ ազգային որևէ կառույցից ու տեղակայվելով զբոսաշրջության, տնտեսական զարգացման կամ կինոյի կառավարման պետական գրասենյակներում։

ԱՌԱՋԱՐԿ 4

Պետական բաժնեմասով ժամանակակից թվային կինոթատրոնների ցանցի ստեղծում. ծախսածածկվող եւ շահութաբեր կինոարդյունաբերություն

• Պետական բաժնեմասով թվային Կինոթատրոնների ցանցի ստեղծում

• Պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերի տարածման խթանում

Տնտեսական Հիմնավորում

Հաշվենք բյուջետային՝ փոքր (մինչև 100 հանդիսատես) կինոթատրոնի բացման տնտեսական նպատակահարմարությունը, որպես օրինակ վերցնելով Երևանի ՆՈՐ ՆՈՐՔ համայնքը, որը ընդհանուր սահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն համայնքների և Կոտայքի մարզի հետ:

Տարածքը՝ 1449.8 հա։ Բնակչությունը՝ 129 400 մարդ։

Դահլիճ ` 90 նստատեղով։ Օրվա ընթացքում ցուցադրվող սեանսների քանակը՝ 6։

Տոմսի միջին արժեքը 1000 – 1500դրամ

Ակնկալվող եկամուտի հաշվարկ՝ 90 տեղ Х 6 սեանս Х 1000 դրամ Х 30 օր = 16․2 մլն դրամ:

Ընդունենք, որ կինոթատրոնը աշխատելու է իր առավելագույն հնավորության մինչև 50%-ի չափով: Ամսական եկամուտը՝ 8 մլն դրամ: Կինոթատրոնի հիմնական ծախսը ֆիլմերի դիստրիբյուտորներին տրվող վճարն է, գովազդի ծախսերը, աշխատավարձերն ու հարկերը, որոնք ամսեկան հաշվարկով կազմում են մոտ 5 մլն դրամ։ 12 ամսվա ընթացքում կինոթատրոնի շահույթը կկազմի 36 մլն դրամ: Ներդրման վերադարձը, առավելագույն ներդրման՝ շենքի կապիտալ վերանորոգում և այլն, կկազմի 3 տարի:

Վարձութային քաղաքականություն

Պետական բաժնեմասով գործող բյուջետային թվային Կինոթատրոնների ցանցում ցուցադրվող ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա արտադրողների ֆիլմերը պետք է մտնեն վարձույթ նույն օրը, միասնական մարկետինգային արշավից հետո։ Վարձութային քաղաքականությունը պետք է մշակվի երկարատև ժամանակահատվածի համար, միևնույն ժամանակ պետք է ճկուն արձագանքի շուկայում հայտնված թարմ, նոր ֆիլմերի առաջարկներին և հանդիսատեսի պահանջներին: Սակայն լինելու է ֆիլմերի մի տեսակ, որոնց ցուցադրության առաջնահերթությունը տրվելու է կինոթատրոնների այս ցանցին։ Դրանք այն ֆիլմերն են, որոնց արտադրությունը իրականացվել է պետական աջակցությամբ և որտեղ առկա է պետական բաժնեմաս։ Կինոթատրոնների ցանցում ՀՀ ֆիլմարտադրողների ֆիլմերի ցուցադրությունը կնպաստի դրանց տարածմանը, հիմքեր կստեղծի ծախսածածկման համար, իսկ նախագծերին աջակցող պետական մարմինը՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամը», հնարավորություն կունենա հսկել պետության մասնակցությամբ ստեղծված ֆիլմերի լոկալ վարձույթի հոսքերը և ստանալ պետական բաժնեմասով իր համար նախատեսված գումարները ուղիղ կինոթատրոնից։ Կինոթատրոնային ցանցի վարձույթի քաղաքականության մասնագետը պետք է նաև մշտապես հետևի համաշխարհային կինոշուկաներում հայտնվող նոր ֆիլմերին, մասնակցի խոշոր կինոշուկաներին՝ նոր ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելու և հայաստանյան վարձութային դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով:

Ամփոփում

Տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող բյուջետային կինոթատրոնների փորձը մեծ հաջողությամբ կիրառվում է սկանդինավյան երկրներում: Դրանք քաղաքային մշակութային մթնոլորտ են ձևավորում մեգապոլիսների կենտրոններից հեռու գտնվող համայնքներում, արագորեն դառնում են հեռավոր համայնքների բնակիչների սիրելի մշակութային ու ժամանցի վայրերից մեկը, խթանում են վարչական տարածքի ինտեգրմանը երկրի մշակութային կյանքին, կամուրջ են հանդիսանում կինոարվեստի ու հանդիսատեսի միջև և հնարավորություն են ստեղծում ֆինանսական նոր հոսքերի համար:

ՀՀ Մինչև 100․000 բնակչություն ունեցող քաղաքներում կամ մեծ քաղաքների (Երևան, Գյումրի, Վանաձոր) վարչական տարածքներում, պետություն-մասնավոր համագործակցությամբ հիմնադրել տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող բյուջետային ժամանակակից թվային մինիպլեքս՝ մինչև 100 հանդիսատեսների համար նախատեսված, կինոթատրոնների ցանց: 5 տարվա ընթացքում նվազագույնը եռապատկել Երևանի և մարզերի կինոթատրոնների թիվը, արմատապես բարելավել վարչական տարածքների մշակութային կյանքի որակը, ստեղծել մոտ հարյուր նոր աշխատատեղեր և ամուր հիմքեր՝ ծախսածածկվող, ապա նաև շահութաբեր կինոարդյունաբերություն ունենալու համար:

Գործողությունների պլան

• Իրականացնել ՀՀ տարածքում մարզերի 40,000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում աշխատող կինոթատրոնների կամ ֆիլմերի ցուցադրության համար պիտանի էկրանների հաշվառում, մոնիթորինգ։

• Իրականացնել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում աշխատող կինոթատրոնների կամ ֆիլմերի ցուցադրության համար պիտանի էկրանների հաշվառում, մոնիթորինգ։

• Իրականացնել քաղաքների կենտրոնական մասում, տրանսպորտային հանգույցի հարևանությամբ, ավտոկայանատեղիով ապահովված տարածքների, մշակույթի տների, հասարակական այլ շինությունների, որոնք կապիտալ հիմնանորոգումից հետո կարող են աշխատել որպես կինոթատրոն, հաշվառում, մոնիթորինգ:

• Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում և մարզերի խոշոր քաղաքներում իրականացված մոնիթորինգի արդյունքում ընտրել 9-12 շինություն, որոնք կապիտալ վերնորոգման և նախագծային աշխատանքերի իրականացման արդյունքում կարող են աշխատել որպես կինոթատրոն։

• Կազմել ժամանակակից թվային կինոթատրոնի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների նախահաշիվ։

• Կազմել ընտրված 9-12 կինոթատրոններից յուրաքանչյուրի համար առանձին շինարարական աշխատանքների և, բոլորի համար միևնույն, տեխնիկական սարքավորումների նախահաշիվ։

• ՀՀ կառավարություն ներկայացնել «Համայնքային ենթակայության թվային մինիպլեքս կինոթատրոների ցանցի» ծրագիրը՝ հիմնավորումներով և նախահաշվով ստանալ ՀՀ կառավարության կողմից ծրագիրը մասնակի ֆինանսավորելու համաձայնությունը։

• Բանակցել մասնավոր ներդրողների հետ և ապահովել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերի բացակայող հատվածը։

• Սկսել համայնքային ենթակայության թվային մինիպլեքս 4 կինոթատրոնների կառուցումը Երևանի 3 համայնքներում և ՀՀ մարզերից որևէ մեկում։

• Երեք տարում ավարտել ծրագրում ներառված բոլոր 12 կինոթատրոնների գործարկումը։

ԱՌԱՋԱՐԿ 5

Հայաստանում արտադրված ֆիլմերի առաջխաղացում միջազգային կինոշուկայում ու փառատոներում։ Կինոժառանգություն։

Հայաստանում արտադրված ֆիլմերի առաջխաղացման խթանում

Անկախության շրջանում ՀՀ-ում արտադրված, ՀՀ քաղաքացի կինոռեժիսորի ոչ մի խաղարկային ֆիլմի չի ստացել մրցանակ Ա դասի որակավորում ունեցող միջազգային կինոփառատոներում։ Բարձրակարգ փառատոների մրցութային ծրագրերում հայկական ֆիլմերի ընդգրկվելու դեպքերը հազվադեպ են։ Հայկական ոչ մի ֆիլմ չի արձանագրել հաջողություն միջազգային շուկայում։ Պատճառները բազմաթիվ են՝ ֆիլմերի աջակցության անարդյունավետ համակարգ, ֆինանսական միջոցների սղություն, անմրցունակ կինոկրթություն, փորձի պակաս, տեխնիկական միջոցների, այդ միջոցները սպասարկող անձնակազմի սղություն, դերասանական դպրոցի ցածր մակարդակ։

Սակայն հայ կինոարդյունաբերության միջազգային ինտեգրման ամենաէական խոչընդոտը մարկետինգային առաջխաղացման և գովազդի բացակայությունն է, ավանդույթ, որ ժառանգություն է մնացել Խորհրդային համակարգից, որտեղ ֆիլմերի պատվիրատուն՝ պետությունը, հոգում էր նաև վարձույթի հարցերը։ Մինչդեռ Համաշխարհային կինոարդյունաբերությունում ֆիլմերի առաջխաղացման գումարները կազմում են ֆիլմի արտադրական ծախսերը մոտ կեսը, իսկ բլոկբաստերների դեպքում մարկետինգային ծախսերն անգամ գերազանցում են արտադրական բյուջեն։

Անհնար է ունենալ արդյունավետ կինոարդյունաբերություն՝ առանց ավարտված ֆիլմերի տարածման հանդեպ վերաբերմունքի արմատական փոփոխման։ Ֆիլմերի շուկայական տարածումը կինոարդյունաբերության շղթայի վերջին, բայց ամենակարևոր փուլն է, որովհետև առանց ֆիլմերի վրա ծախսվող գումարների վերադարձի հնարավոր չէ արդյունավետ շղթա ունենալ։ Ֆիլմերի առաջխաղացման պատասխանատուն պետք է հանդիսանա արտադրողը, իսկ արտադրության մեջ ներգրավված կողմերը, այդ թվում պետությունը, պետք է գումարներ հատկացնեն ֆիլմի առաջխաղացմանը։

Ավելին, պետությունը պետք է միջոցներ հատկացնի ՀՀ-ում ստեղծված այն ֆիլմերի առաջխաղացման համար, որոնց ֆինանսվորմանը չի մասնակցել և որտեղ չունի բաժնեմաս, քանի որ այդ ֆիլմերը, հայտնվելով միջազգային բարձրակարգ կինոփառատոների էկրանին կամ մեծ շուկայում, հանրահռչակում են Հայաստանի Հանրապետությունը և համալրում են բյուջեի հոսքերը։

Միջազգային շուկաներում հայկական ֆիլմերի ներկայություն

Բարձրակարգ ֆիլմերի տարածման համար շատ կարևոր են միջազգային կինոփառատոները, որոնք լավագույն միջոցն են բարձրակարգ ֆիլմերի հանդեպ ուշադրության կենտրոնացման։ Ա դասի կինոփառատոնները, ինչպիսիք են Կաննը, Բեռլինը, Վենետիկը, իրենց վրա են սևեռում համաշխարհային մամուլի ուշադրությունը և այդ փառատոների ծրագրերում ընդգրկված ֆիլմերը ստանում են հսկայական գովազդ՝ առանց սեփական միջոցներ ծախսելու։ Այդ պատճառով չափազանց կարևոր է հայկական տաղավարների ներկայությունը հաաշխարհային խոշոր կինոփառատոներին կից գործող կինոշուկաներում։

Մինչ 2025 թվականը Հայաստանը 15 տարի անընդմեջ մասնակցել է Կաննի կինոշուկային և 8 տարի՝ Բեռլինալեի մաս կազմող Եվրոպական կինոշուկային։ Հայկական տաղավարի պատասխանատուները ապահովել են ֆորմալ ներկայություն, բայց ոչինչ չեն արել հայկական նոր ֆիլմերի առաջխաղացման համար։

Իրավիճակը կարելի է ասել արմատապես փոխվել է 2025 թ-ին, երբ առաջին անգամ Կաննի կինոշուկային Հայաստանը ավանդական պետական տաղավարից զատ ներկայացել է նաև մասնագիտական՝ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարով՝ շնորհիվ «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցության։ Մասնագիտական տաղավարում կազմակերպվել են հայկական 8 մրցունակ կինոնախագծերի շնորհանդեսներ, դրանց վրա սևեռելով միջազգային կինոպրոֆեսիոնալների ուշադրությունը։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարի գործունեության արդյունքում հայկական կինոնախագծերը կարողացել են ապահովել 1 միլիոն Եվրոն գերազանցող ներդրումներ հայկական նախագծերի համար։ Այս փորձը հուշում է, որ ավանդական պետական տաղավարի ներկայությունը պետք է ենթարկվի ձևաչափի փոփոխության, կամ փոխարինվի կինոհամայնքը ներկայացնող տաղավարով։

Հայկական կինոժառանգության պահպանում և հանրահռչակում

Հայաստանը Խորհրդային միությունից ժառանգել է հայկական կինոյի ամբողջ Ոսկե Ֆոնդը՝ անգնահատելի և եզակի հարստություն, որը կարիք ունի գիտական ուսումնասիրության, խնամքով և հատուկ պահպանման, թվայնացման և հանրահռչակման։ Պետությունը հատկացնում է որոշ միջոցներ այս ամենը կազմակերպելու նպատակով, սակայն մինչև օրս հստակեցված չէ կինոժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման միասնական ռազմավարություն, ինչի առկայությունը չափազանց կարևոր է։

Հայաստանում կինոարդյունաբերության շահութաբերությանը խթանելու համար անհրաժեշտ է Կինոյի կառավարման ազգային մարմին՝ «Հայաստանի կինոյի հիմնարդրամի» ֆիլմերի ֆինանսավորման արդեն առկա փուլերին՝ «Զարգացում», «Արտադրություն», «Հետարտադրություն» ավելացնել «Տարածում» փուլը՝ առնվազն արտադրական փուլի կեսի չափով ֆինանսավորմամբ։ Հարկ է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի ներկայացվող ավարտված ֆիլմերի հայտերը՝ դրանց տարածման համար տրվող ֆինանսավորման չափը որոշելու նպատակով։

Գործողությունների պլան

• Կինոյի կառավարման ազգային մարմին՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամի» կանոնակարգում կատարել փոփոխություններ և համալրումներ, որոնք թույլ կտան օրենսդրորեն ամրագրել ֆիլմերի ֆինանսավորման արդեն առկա փուլերին «Տարածում» փուլի հավելումը։

• Հաստատել կինոյի կառավարման ազգային մարմին՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամի» կողմից «Տարածում» փուլի համար տրվող տարեկան գումարի չափը՝ արտադրական փուլի առնվազն կեսի չափով։

• «Հայաստանի կինոյի հիմնադրամի» ֆիլմերի ֆինանսավորման մրցութային հանձնաժողովին կից ձևավորել «Տարածում» փուլի ֆինանսավորման համար ներկայացվող նախագծերի հանձնաժողով՝ ավարտված ֆիլմերի Հայտերը ուսումնասիրելու և ֆինանսավորման չափը որոշելու նպատակով։

• Սահմանել «Հայաստանի կինոյի հիմնադրամի» կողմից «Տարածում» փուլի համար մրցույթին ներկայացվող Հայտերի չափորոշիչներն ու գնահատման կարգը։

• Հաստատել խոշոր կինոփառատոներին կից գործող այն կինոշուկաների ցանկը (նվազագույնը՝ 4 կինոշուկա), որոնց Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող տաղավարի ներկայությունը պարտադիր է։ Ամրագրել այդ կինոշուկաներին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները պետական բյուջեում։

• Մշակել միջազգային կինոշուկաներին Հայաստանի Հանրապետության պատվիրակության ներկայանալու նպատակով անցկացվող մրցույթի կարգը, սահմանել չափորոշիչներ։

• Հաստատել միջազգային կինոփառատոների ցանկը, որոնց պաշտոնական մրցութային ծրագրում ընտրված լինելու դեպքում կինոնախագծի հեղինակի մասնակցությունը պետք է ֆինանսավորվի պետական բյուջեի միջոցների հաշվին։

• Մշակել կինոժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման միասնական ռազմավարություն։

Հովհաննես Գալստյան. «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի» նախագահ

Կինոարդյունաբերության զարգացման ռազմավարություն և գործողությունների հնգամյա պլան 2026-2030-ի ամբողջական ծավալուն աշխատությունը հանդիսանում է «Առաջարկ Հայաստանին» նախագծի սեփականությունը

Տեսանյութեր

Լրահոս