Թրամփը մտադիր է ստեղծել անվճար առցանց համալսարան
2024 թվականի ընտրություններում վերընտրվելու դեպքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է «հեղափոխություն» իրականացնել բարձրագույն կրթության ոլորտում և հիմնել առցանց համալսարան, որտեղ ուսումն անվճար կլինի ուսանողների համար։ Այս մասին հայտնում է POLITICO պարբերականը, որը տեղեկացել է Թրամփի ծրագրերի մասին։
Ըստ հրապարակման՝ համալսարանը կոչվելու է «Ամերիկյան ակադեմիա» և ֆինանսավորվելու է դաշնային բյուջեից։ Իր նախագիծը ֆինանսավորելու համար քաղաքական գործիչն առաջարկում է հարկել խոշոր մասնավոր համալսարանների, օրինակ՝ Հարվարդի միջոցները։ Համալսարանում կրթությունը կլինի անվճար և կօգնի բարձրագույն կրթություն ստանալ նրանց, ովքեր թողել են ուսումը. ԱՄՆ-ում կա ավելի քան 40 միլիոն այդպիսի մարդ:
Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները «ավելի շատ գումար է ծախսում բարձրագույն կրթության վրա, քան ցանկացած այլ երկիր»:
Նախկին նախագահի ծրագրերի համաձայն՝ ակադեմիան ուսանողներին կտրամադրի կրեդիտներ այլ ուսումնական հաստատություններում նախկինում ավարտած դասընթացների համար, և նրանց որակավորման մասին փաստաթուղթ կտրամադրի, որը թույլ կտա աշխատանքի անցնել ԱՄՆ պետական և դաշնային գերատեսչություններում:
Թրամփի նախընտրական շտաբի պաշտոնյաները POLITICO-ին ասել են, որ դեռ չեն որոշել, թե ով է ղեկավարելու նոր համալսարանը: