Ճնշումը փոխարժեքի շուկայում թուլացել է, բայց դեռ պահպանվում է. Ի՞նչ տեղի կունենա առաջիկայում

Ի հայտ եկած բացասական սպասումների հետևանքով փոխարժեքի շուկայում մի պահ սկսված աժիոտաժը Կենտրոնական բանկին արտաքուստ հաջողվեց հաղթահարել։ Դա ի՞նչ նստեց ԿԲ-ի վրա, հայտնի չէ, բայց տարադրամային ներարկումներից հետո դրամի կտրուկ արժեզրկումը դադարեց, իսկ արհեստականորեն ձևավորված բարձր փոխարժեքները նվազեցին։

Սակայն, դրանով հանդերձ, շուկայում լարվածությունն ու անկայունությունը շարունակում է պահպանվել։ Պարբերաբար դա արտահայտվում է փոխարժեքի տատանումների տեսքով։ Դրամը երբեմն-երբեմն արժեզրկվում կամ արժևորվում է, իհարկե, ոչ նախկին տեմպերով։ Բայց այդ իրավիճակը վկայում է, որ ճնշումը շուկայում շարունակում է պահպանվել։

Դա նկատելի է նաև փոխարժեքի մարժայի տեսքով. առք ու վաճառքի տարբերությունը բավական մեծ է, ինչն անկայուն իրավիճակներին բնորոշ երևույթ է։

Արժույթի փոխանակման կետերում վերջին օրերին դոլարը գնվում է հիմնականում՝ 400, վաճառվում՝ 406 դրամով։ Հանգիստ պայմաններում առք ու վաճառքի տարբերությունը սովորաբար 2-3 դրամ է։ Հիմա կրկնակի-եռակի բարձր է, ինչը դեռևս պահպանվող սպասումների հետևանք է։

Կարդացեք նաև

Արժութային շուկայի վերջին տատանումներից հետո նկատելի է դոլարի գնի որոշ բարձրացում։ Մինչ այդ բավական երկար ժամանակ այն փոխանակման կետերում գնվում էր՝ 385, վաճառվում՝ 388 դրամով։ Այսօր հաստատված փոխարժեքները դրանից առնվազն 15 նիշով բարձր են, ինչը նշանակում է, որ այս ընթացքում դոլարը հասցրել է գրեթե 4 տոկոսով թանկանալ։

Սակայն դա միայն դոլարին չի վերաբերում։ Շուկայում արձանագրված վերջին իրադարձություններից հետո թանկացել են նաև Հայաստանում բարձր պահանջարկ վայելող մյուս երկու տարադրամները։ Խոսքը եվրոյի և ռուսական ռուբլու մասին է։

Գրեթե 15 կետով թանկացել է եվրոպական արժույթը։

Երկար ժամանակ նվազելուց հետո բարձրացել է նաև ռուբլու գինը։ Բայց ի տարբերություն դոլարի և եվրոյի, ռուբլու թանկացման վրա ազդել է ոչ միայն դրամի թուլացումը, այլև ռուսական շուկայում ռուբլու ամրապնդումը։

Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած ռուբլին ռուսական շուկայում արժևորման միտումներ է դրսևորում։ Այն ժամանակ դոլարը գնանշվում էր ընդհուպ 101,3 ռուբլով։ Հաշված օրերի ընթացքում ռուբլին գրեթե 8 տոկոսով ամրապնդվեց։ Դոլարի գինը ռուսական շուկայում իջավ 93 ռուբլու։

Ռուբլին սկսեց արժևորվել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց, որով որոշ արտահանողների պարտավորեցրեց վաճառել իրենց արտարժույթը։ Հրամանագիրը վերաբերում էր 43 ընկերությունների խմբի, որոնք զբաղված են արտահանմամբ, և որի արդյունքում մատակարարումների դիմաց տարադրամ են ստանում։ Այդ ընկերությունները կամ ընկերությունների խմբերը ՌԴ նախագահի հրամանագրից հետո ստիպված կլինեն իրենց ստացած արտարժույթը փոխանցել լիազորված բանկերի իրենց հաշիվներին և իրականացնել այդ արտարժույթի պարտադիր վաճառք ներքին շուկայում։

Ձեռնարկված միջոցառման նպատակն էր՝ նպաստել փոխարժեքի կայունացմանը և ռուբլու ամրապնդմանը։

ՌԴ նախագահի այս հրամանագրից հետո, ինչպես և սպասվում էր, ռուբլին սկսեց ամրապնդվել։ Դա արտահայտվեց նաև Հայաստանի արժութային շուկայում։

Թեև այս դեպքում ռուբլու փոխարժեքի վրա ազդող գործոնները երկակի էին՝ ռուբլու ամրապնդումը ռուսական շուկայում և դրամի թուլացումը։

Այս գործոններով պայմանավորված՝ վերջին օրերին ռուբլին Հայաստանում ամրապնդվել է։ Մինչ այդ ցածր լինելով 4 դրամից, վերջին օրերին ռուբլին փոխանակման կետերում գնվում է հիմնականում՝ 4,25, վաճառվում՝ 4,32-4,35 դրամով։

Հայաստանում վերջին օրերին ռուբլին թանկացել է ավելի շատ, քան դոլարը։

Ենթադրվում է, որ առաջիկայում այս միտումը դեռ կշարունակի պահպանվել՝ հաշվի առնելով ռուսական ֆինանսական շուկայում ի հայտ եկած այն գործոնները, որոնք կարող են նպաստել ռուբլու ամրապնդմանը։

Ի տարբերություն ռուբլու, դրամը թուլացել է։ Վերջին կտրուկ արժեզրկումից հետո այն կրկին արժևորվեց, բայց նախկինի համեմատ կորցրել է քաշը՝ ինչպես ռուբլու, այնպես էլ՝ մյուս հիմնական արժույթների նկատմամբ։ Այսինքն՝ արժեզրկվել է։

Դրամի արժեզրկումը կապված է ոչ միայն ձևավորված սպասումների, այլև շրջանառության մեջ դրամի զանգվածի ավելացման հետ։

Բավական քանակությամբ դրամ է տեղափոխվել Արցախից՝ մեր հայրենակիցների միջոցով, որն այս կամ այն կերպ մտել է շրջանառության մեջ։

Կանխիկի որոշակի ավելացում կա նաև այն ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են Արցախի քաղաքացիների ֆինանսական օժանդակության տրամադրման միջոցով։ 9-10 մլրդ դրամի բաշխում է արվել 100-հազարական դրամների շրջանակներում։ Որոշակի հատկացումներ են եղել նաև մի քանի այլ ուղղություններով։ Դրանք հանգեցրել են շրջանառության մեջ դրամի զանգվածի ավելացմանը՝ նպաստելով ազգային արժույթի թուլացմանը։

Մյուս կողմից՝ նկատելի է նաև տարադրամի պահանջարկի ավելացման միտում, որն ուղեկցվում է դրսից տարադրամային հոսքերի կրճատմամբ կամ սահմանափակմամբ։ Այլևս արտաքին ֆինանսական հոսքերի նախկին ակտիվությունը չկա։ Եվ դա վերաբերում է առաջին հերթին՝ մասնավոր տրանսֆերտներին։

Վերջին ամիսներին տրանսֆերտները նվազման միտում ունեն՝ նախորդ տարվա բարձր ակտիվությունից հետո, ինչի հետևանքով այդ գործոնի ազդեցությունը փոխարժեքի շուկայի վրա գնալով թուլանում է։ Դա արտահայտվում է՝ ինչպես ֆինանսական միջոցների ներհոսքի, այնպես էլ՝ արտահոսքի տեսքով։ Այս տարի անհամեմատ ավելի քիչ գումար է մնացել ներքին շուկայում տրանսֆերտային տեղաշարժերից, քան անցած տարի։

Փոխարժեքների վրա մյուս կարևոր ազդեցությունները գալիս են տնտեսությունից։ Իսկ տնտեսական գործընթացներն այնքան էլ նպաստավոր չեն այդ առումով։ Ներքին տնտեսության արտահանելի հատվածում, որոնց շրջանակներում ձևավորվում են տարադրամային միջոցները, ունենք արտահանման կրճատում, հետևաբար՝ նաև տարադրամային մուտքերի նվազում։

Այս երկու-երեք գործոնները բավարար են, որպեսզի ճնշումը դրամի վրա մեծանա։ Այլ հարց, թե այն մինչև ո՞ւր կարող է հասնել։ Անորոշությունները, հատկապես՝ աշխարհաքաղաքական, այնքան մեծ են, որ նույնիսկ կարճաժամկետում դժվար է կանխատեսումներ անելը։ Ամեն դեպքում, եթե կտրուկ շրջադարձեր չլինեն, ապա առավել հավանական է, որ առաջիկայում, փոփոխական դրսևորումներով, կշարունակվի դրամի սահուն արժեզրկումը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս