«Ժողովրդավարության բաստիոնից»՝ պարեկապետություն

«Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է և քաղաքացու համար պաշտպանվածության իրականություն ստեղծելն է»,- Արտաշատում Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Պարեկային ոստիկանության ներդրումը ներկայացնելով՝ որպես վերջին հինգ տարիներին իրականացված ամենակարևոր բարեփոխումներից մեկը։

Ի՞նչ արդյունքներ է արձանագրել Պարեկային ոստիկանությունը, որքանո՞վ են արդարացված դրա ստեղծման իրական և հայտարարվող նպատակները, և ի՞նչ անտեսանելի ռիսկեր է պարունակում դրա ներդրմամբ շահագրգիռ երկրների ու կազմակերպությունների ներգրավվածությունն այդ գործընթացում, առանձին քննարկման նյութ է, որը պահանջում է՝ ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ՝ ավելի լայն՝ քաղաքական, այդ թվում` արտաքին քաղաքական համատեքստ։ Այդ ամենից բացի, սակայն, ուշադրության է արժանի Նիկոլ Փաշինյանի գնահատականը Պարեկային ոստիկանության ստեղծման նպատակներին, որը բացահայտում է նրա, նաև նրա իշխանության աշխարհայացքային, գաղափարաբանական խեղվածությունը պետության ու քաղաքացիների անվտանգության հարցերում։

Փաշինյանը քաղաքացու պաշտպանվածության զգացումը, կամ, ինչպես ինքն է ասել՝ «պաշտպանվածության իրականությունը» ուղղակի կապի մեջ է դնում Պարեկային ծառայության, այսինքն՝ իրավակարգի ապահովման ներքին կառուցակարգի հետ։

Առաջին հայացքից, մակերեսային ընկալմամբ՝ դրանում արտառոց ոչինչ չկա, եթե խնդիրը դիտարկում ենք զուտ ներքին կարգուկանոնի հարթությունում։ Սակայն փոքր-ինչ ավելի լայն համատեքստում, հայկական իրականության ավելի ընդգրկուն հարթությունում, քաղաքացու պաշտպանվածության զգացումը Պարեկային ծառայության հետ կապելու մոտեցումը մատնում է դա արտահայտողի քաղաքական անմեղսունակությունը։ Տեքստը, որով Նիկոլ Փաշինյանը կարևորել է Պարեկային ծառայության ներդրմամբ քաղաքացու պաշտպանվածության իրականության ապահովումը, կարող էր ադեկվատ լինել սկանդինավյան որևէ երկրի կամ ամերիկյան որևէ նահանգի պարագայում։ Այլ է պատկերը, երբ քաղաքացու պաշտպանվածության զգացումը Պարեկային ծառայության միջոցով ավելացնելու մասին խոսում է երկրի ղեկավարը, որի տարածքից 150 քառակուսի կիլոմետրը երկու տարուց ավելի օկուպացված է թշնամական երկրի բանակի կողմից, որի՝ մինչև վերջերս անքակտելի մաս հանդիսացող Արցախը հայաթափված է, և որը կանգնած է ցանկացած պահի թշնամական երկու պետությունների կողմից ռազմական ագրեսիայի ենթարկվելու վտանգի առաջ։

Կարդացեք նաև

Ընդ որում, այդ մասին խոսում է երկրի ղեկավարը, որն առնվազն վերջին երկու տարիներին գրեթե չի մասնակցել զինված ուժերում որևէ նոր ստորաբաժանման, բանակի մարտունակությունը բարձրացնող որևէ նոր միավորի բացման արարողությանը, ավելին, տևական ժամանակ է՝ աջուձախ հայտարարում է, որ բանակով ու զենքով հնարավոր չէ անվտանգություն ապահովել։

 Այս երկու՝ քաղաքացու պաշտպանվածությունը Պարեկային ոստիկանությամբ պայմանավորելու ու զինված ուժերին անուշադրության մատնելու իրականություններն արտահայտում են Նիկոլ Փաշինյանի աշխարհայացքային, մտածողության արատները։

Դրանց հիմքում այն դիրքորոշումն է, որ Հայաստանին, ՀՀ քաղաքացուն ուղղված սպառնալիքներն ունեն ոչ թե արտաքին, այլ ներքին ծագում, հետևաբար՝ կարելի է ինքնահոսի մատնել արտաքին պաշտպանության համակարգերի զարգացումը և կենտրոնանալ «ներքին թշնամիներից» քաղաքացուն պաշտպանելու գործի վրա։ Այս աշխարհայացքային խեղումը բացահայտում է նրա արժեհամակարգային առաջնահերթությունները։ Նիկոլ Փաշինյանի համար առաջին տեղում սեփական իշխանությունն է, որը պաշտպանության կարիք ունի «ներքին թշնամիներից», արտաքին թշնամիները նրա համար պակաս վտանգավոր են, որովհետև սպառնում են ոչ թե սեփական իշխանությանը, այլ Հայաստանի պետականությանը։

Դա է պատճառը, որ «քաղաքացու պաշտպանվածության իրականության» անվան տակ Փաշինյանն այդքան կարևորում է սեփական իշխանության անվտանգությունը, իրականում թքած ունենալով քաղաքացու պաշտպանվածության զգացմանը շատ ավելի իրական սպառնալիք հանդիսացող՝ արտաքին թշնամիներից բխող վտանգների վրա։ Գուցե նաև այն պատճառով, որ արտաքին թշնամիների կողմից ստացել է սեփական իշխանության անվտանգության երաշխիքներ՝ պայմանով, որ արտաքին պաշտպանության համակարգերի փոխարեն՝ հզորացնելու է ներքին իրավակարգի պաշտպանության ինստիտուտները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս