Ադրբեջանի «կանաչ լույսը» Նիկոլ Փաշինյանին, կամ՝ ինչպես ոչ ռազմական ճանապարհով «օկուպացնել» Հայաստանը
EADaily-ի փոխանցմամբ, Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից՝ երկրների միջև քաղաքական տարաձայնությունները լուծելուց հետո։
«Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի գազային և էլեկտրաէներգետիկ համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, իսկ հետո սկսեցինք Վրաստանի տարածքով նոր գազատարի շինարարությունը՝ մեր երկիր գազ մատակարարելու համար։ Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կլինի, և մենք կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ համակարգերը, ինչպես այն օրերին»,- նշել է նա:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը նախ այս առաջարկը դիտարկել է Բաքվի և Մոսկվայի միջև մրցակցություն առաջացնելու դիվանագիտական նոու հաու, այնուհետև վերլուծական հոդվածի միջոցով հասկացրել է, թե ինչ կախվածության մեջ է հայտնվելու Հայաստանն այս դեպքում, որի ղեկավարը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, անընդհատ ինքնիշխանության պաշտպանությունից և պահպանումից է խոսում:
Ըստ ադրբեջանական հոդվածագրի, եթե հայկական առաջարկն այլ տեսանկյունից դիտարկեն, և, օրինակ, ադրբեջանական գազը հայկական շուկայում հիմնական գնագոյացնողը լինի, «ֆանատիկ-ռևանշիստների՝ դաշնակների, ղարաբաղյան կլանի», բոլոր երազանքները, այսպես ասած, կբախվեն մի իրականության հետ կամ ստիպված կլինեն դիմադրել մի իրականության, որը կոչվում է տնտեսական կախվածություն:
«Մենք ապրում են մի այնպիսի աշխարհում, որտեղ օկուպացիայի ձևերն ու լծակները շատ ավելին են, և դրանք, այսպես ասած, շատ ճկուն են աշխատում: Ով այսօր կարող է վիճարկել համաշխարհային տնտեսության՝ ԱՄՆ-ի կողմից տնտեսական օկուպացիան՝ «Այֆոն», երաժշտություն, հագուստ, Հոլիվուդ: Կամ՝ կախվածությունը ինտերնետից, ինտերնետային ծառայություններ մատուցողներից, սա ուժեղ է, քան ԱՄՆ բանակը: Մենք, իհարկե, ԱՄՆ չենք, չենք էլ ձգտում: Բայց Հարավային Կովկասում Ադրբեջանն ունի այն, ինչ չունեն ոչ մեկը՝ մեծ տնտեսություն, նավթ, գազ, ռեգիոնալ ուժեղ դաշնակիցներ, շուկա և այլն: Եվ եթե Բաքուն կարողանա ճիշտ կառուցել իր տնտեսական հարաբերությունների հայեցակարգը, ապա Հայաստանը տնտեսապես այնպիսի կախվածության մեջ կհայտնվի Ադրբեջանից, որ հաջորդ ընտրությունների ժամանակ անցողիկ կլինեն միայն պրոադրբեջանական կուսակցությունները, և ամեն հաջորդ վարչապետ առաջին օտարերկրյա այցը կանի Բաքու և մտադրություն կհայտնի շարունակել բարիդրացիական հարաբերությունները «եղբայրական» հարևան Ադրբեջանի հետ: Սա գուցե ուտոպիա թվա այսօր, բայց նման օրեր շուտով տեսնելու ենք այն բանից հետո, երբ Ադրբեջանը դոմինանտ դեր ունենա ՀՀ տնտեսության մեջ, նաև «փափուկ» և մշակութային ուժ լինի Հայաստանում: Հեռու չէ այն օրը, երբ ՀՀ-ում պրոադրբեջանական կուսակցությունները դոմինանտ կլինեն: Հենց այս ապագան տեսնելով էր Ադրբեջանի նախագահն ասում, որ Զանգեզուր ենք մտնելու ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»,- գրել է ադրբեջանցի հոդվածագիրը՝ հավելելով, ՀՀ ազգային ուժերը, ղարաբաղյան կլանը, բիզնեսմենները կվերածվեն մարգինալ խմբերի:
Ադրբեջանական հոդվածից մեջբերումներ անելով՝ բնավ նպատակ չունենք ադրբեջանական մտքեր, թեզեր գեներացնելու, հատկապես, երբ դա շատ լավ անում են իշխանության ներկայացուցիչները, և այս առիթն էլ իրենք են տվել: Իսկ այս ապագան իրապես հեռու չէ Նիկոլ Փաշինյանի իշխանության և նրա ընտրած խաղաղության օրակարգի և ճանապարհային քարտեզի դեպքում, որը հեռու է արժանապատիվ լինելուց և չի ապահովելու կայուն խաղաղություն, առավելևս՝ ինքնիշխան պետություն:
Ի՞նչ է ստացվում՝ Ադրբեջանը հերթական անգամ տողատակով հասկացնում է, որ նոր ընտրության դեպքում աջակցելու են Նիկոլ Փաշինյանի՞ն, ինչպես դա մինչ այս արել են անուղղակի այլ ձևերով:
Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 4-ին Իլհամ Ալիևը գաղտնազերծում էր արել.
«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»:
Այսինքն, Ալիևը հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության, 2 տարի սահմաններին լարվածություն չի ստեղծել, մինչև որ Փաշինյանը չի խախտել պայմանավորվածությունը:
Իսկ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, ինչը Փաշինյանը որակեց ռազմական հեղաշրջման փորձ:
Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից մեկ օր հետո՝ 2021-ի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան»,- նշել էր նա:
Այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս դատապարտել էր ՀՀ-ում «ռազմական հեղաշրջման փորձը»:
«Մենք դատապարտում ենք ցանկացած ռազմական հեղաշրջում կամ նման հեղաշրջման փորձ, կարևոր չէ, թե աշխարհի որ երկրում է դա տեղի ունենում։ Մարդիկ իրավունք ունեն քննադատել իրենց երկրի կառավարությանը, պահանջել այդ կառավարության հրաժարականը։ Անընդունելի է, սակայն, երբ զինվորականներն են պահանջում ընտրված կառավարության հրաժարականը: Այնպես որ, մենք դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»,- նշել էր Չավուշօղլուն։
Ըստ այդմ՝ շատ կարծիքներ և տեղեկություններ կան, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնից հեռացավ արտաքին մի շարք գործոններ և վտանգներ հաշվի առնելով, մասնավորապես, թուրքական գործոնը:
2021 թվականի գարնանն էլ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարը հայտարարել էր, թե Անկարան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի որոշումը։
Իսկ Նիկոլ Փաշինյանը նույն ժամանակահատվածում՝ 2021-ի մարտին, արտահերթ ընտրությունների անցկացման Թուրքիայի ողջույնը ձեռքին, Արագածոտնի մարզ «նախընտրական» իր այցի ժամանակ Ներքին Բազմաբերդում հավաքվածներին փորձել էր համոզել՝ դադարեք թուրքին թշնամի համարել:
«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- շեշտել էր նա՝ ըստ էության, մի կողմ թողնելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության փաստը, դրանից հետո Ադրբեջանի ձեռքով կատարված ցեղասպանությունները, որոնք թշնամական հարաբերությունների մեկնարկային կետերն են հանդիսացել:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը փորձել էր հասկացնել, որ Ադրբեջանին և Թուրքիային պետք է դիտարկել որպես գործընկեր՝ հօգուտ ՀՀ տնտեսության զարգացման: Այլ կերպ՝ ապաշրջափակումից Հայաստանը ևս շահելու է. դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այն պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև պետք է հուսալի երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի և Իրանի հետ։
«Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է։ Եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք։ Եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք։ Կոմունիկացիաների բացումը, առավել ևս՝ էս իրավիճակում, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին,– հայտարարել է Փաշինյանը` հավելելով,– Եթե մեզ հաջողվի բացել երկաթուղային ուղիները, այդ դեպքում կկարողանանք ոչ թե պղինձը հանքաքարի տեսքով արտահանել, այլ ստեղծել պղնձաձուլական արտադրություններ և սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել»:
Արդեն 2021 թվականի հունիսին ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել էր՝ «ընտրություններում հաղթեցին Ադրբեջանը և հայկական գյուղերը»:
Եվ հիմա ադրբեջանական վերևում հիշատակված արձագանք-հոդվածը, ըստ էության, կանաչ լույս է Փաշինյանի համար՝ սկսելու նոր քաղաքական պնդումներ, և մեսիջ, որ եթե նոր ընտրություններ լինեն, ինչպես որոշ խմբեր, անհատներ և ուժեր պահանջում են, Փաշինյանը և նրա համար վտանգ չներկայացնող ուժերն ունենալու են թուրք-ադրբեջանական տանդեմի լիակատար աջակցությունը: Սա նշանակում է, որ ազգային ուժերը չպետք է պասիվ դիրք բռնեն, այլ համախմբվեն ու ակտիվանան՝ թույլ չտալու ՀՀ պետականության կործանումը և ՀՀ-ի՝ վիլայեթացումը: