Արշակ Կարապետյանի պատասխանելիք հարցերն ու Նիկոլ Փաշինյանի չգրված մեղադրական եզրակացությունը

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր քաղաքական պայքար սկսելու մասին՝ նշելով, որ դրան մղել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը:

Իր տեսաուղերձում նա նշել էր, որ Պաշտպանության նախարարի պաշտոնից իրեն հեռացրել են, որովհետև չի կատարել թուրքական պահանջները՝ ուլտիմատումը, հրաման է տվել կրակ բացել հակառակորդի առաջխաղացման և ՀՀ տարածք ներխուժման դեպքում, Արցախ է գնացել և փորձել Արցախի պաշտպանությունը կազմակերպել, ինչպես նաև՝ համաձայն չի եղել Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ անվտանգության հետ կապված բոլոր մտադրություններին:

Վերջին միտքը Արշակ Կարապետյանը կրկնել է նաև news.am-ի հետ զրույցում:

«Ազգային անվտանգության ապահովման հարցերում իմ տեսակետը երբեք չէր համընկնում Հայաստանի գործող իշխանությունների տեսակետի հետ այն պարզ պատճառով, որ նրանք, մեղմ ասած, կոմպետենտ չեն այս հարցում։ Նրանք չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է և բաղկացած է ռազմական, տնտեսական, էներգետիկ անվտանգությունից և այլն»,- շեշտել էր գեներալը:

Կարդացեք նաև

Ի դեպ, նույն հարցազրույցում Արշակ Կարապետյանը դավաճանություն էր համարել գիտակցված գործողությունը կամ անգործությունը հօգուտ թշնամու, որը հանգեցրել է լուրջ հետևանքների, օրինակ, Արցախի կորստի:

Իսկ «ԱրմԻնֆոյի» հետ զրույցում էլ, անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի արձագանքին՝ «եթե Արշակ Կարապետյանը փաստեր ունի, թող հանրայնացնի», պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ դա կանի միայն իշխանափոխությունից հետո, հիմա դա անիմաստ է:

Ռազմական նախկին պաշտոնյայի այս պատասխանը կարելի է հասկանալ այն տեսանկյունից, որ իրավապահ մարմինները և դատարաններն անկախ չեն Նիկոլ Փաշինյանի ազդեցությունից:

Մյուս կողմից, գեներալը պետք է ասի այն, ինչն այդ պահին կարող է ապացուցել, զերծ մնա տրաֆարետային հայտարարություններից ու կոչերից: Սակայն, ինչպես նշեցինք, որքան էլ պաշտպանության նախկին նախարարի՝ Փաշինյանի դավաճանությունն ապացուցող փաստերը ներկայացնելու գործն ապագային թողնելն ինչ-որ առումով հասկանալի լինի, ամեն դեպքում, կան բաներ, որոնք, մեղմ ասած, անհասկանալի են: Օրինակ՝ դեռ 2018-ին համարել, որ Նիկոլ Փաշինյանի տեղը ոչ թե երկրի ղեկավարման ղեկին է, այլ խորհրդարանում, հետո համաձայնել դառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը՝ 3 տարի:

Ավելին, Արշակ Կարապետյանը համաձայնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարի պարտականությունները և դառնալ Փաշինյանի կառավարության անդամը:

Իսկ այդ ժամանակ արդեն բավականին հիմքեր կային այլ որոշում կայացնելու կամ չհամաձայնելու համար:

Առաջին՝ արձանագրված փաստ էր 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտությունը:

Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության առաջին կետի անտեսմամբ, որի համաձայն՝ «2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», Ադրբեջանին էր հանձնել Գորիս-Կապան ճանապարհը, միանձնյա որոշել էր հայկական զորքը հետ քաշել Սյունիքից:

Երրորդ՝ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

Չորրորդ՝ տեղի էր ունեցել Ադրբեջանի զինուժի կողմից 2021 թվականի մայիսյան ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, որին համարժեք պատասխան չէր տրվել:

Հինգերորդ, 2021 թվականի օգոստոսի 3-ին, երբ Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանին ներկայացնում էր ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին, հայտարարել էր.

«Ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:

Իր հերթին՝ նորանշանակ նախարարն արձագանքել էր. «Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք՝ որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի օրակարգն արդեն հայտնի էր՝ դելիմիտացված, դեմարկացված սահմաններ և ապաշրջափակում: Վերջինը, ինչպես նշել էր Փաշինյանը, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:

Այսինքն, Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանի օրակարգը շատ լավ հայտնի էր, անվտանգային հարցերի կապված քաղաքականությունը՝ նույնպես:

Յոթերորդ, Արշակ Կարապետյանը, ըստ էության, տեսել էր, թե Նիկոլ Փաշինյանը ինչ տեսակ գերագույն գլխավոր հրամանատար է, ինչպես է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ռազմական, ռազմաքաղաքական և քաղաքական որոշումներ կայացնում:

Ութերորդ, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը համապատասխան ինստիտուտներին մեղադրել էր պատերազմի հավանականության հարցում իրեն շփոթեցնելու կամ մտափոխելու փորձի մեջ:

Մասնավորապես, 2021թ. ապրիլին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ինքը պատերազմը հավանական է համարել:

«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,- շեշտել էր Փաշինյանն ու հավելել, թե սա ապացուցող փաստեր նույնպես կան:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրել է կամ իրենց գործը լավ չանելու մեջ, կամ՝ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու:

Արդյո՞ք ռազմական հետախուզությունը երկար տարիներ ղեկավարած և անվտանգային հարցերով Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը տիրապետում էր վերը նշված փաստերին, և, առհասարակ, նա որքանով է հավանական համարել պատերազմը և ինչ խորհուրդ է տվել Փաշինյանին պատերազմից առաջ:

Այստեղ հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 2-29-ը ներառյալ Փաշինյանն արձակուրդ էր տրամադրել իր գեներալ խորհրդականին:

Արդյո՞ք, երբ առնվազն պատերազմից 2 օր առաջ՝ 2020թ. սեպտեմբերի 25-ին, Փաշինյանը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, հետ է կանչել Կարապետյանին արձակուրդից, կամ ինչո՞ւ է արձակուրդ տրամադրել, երբ պատերազմը շատ հավանական և մոտ է համարել:

Բազմաթիվ հարցեր կան նաև պաշտպանության նախարարի պաշտոնից Արշակ Կարապետյանի ազատման պատճառների հետ կապված: Կարապետյանն ասում է, որ դրա համար հիմք է ծառայել իր կողմից թուրքական պահանջները չկատարելը և հակառակորդի առաջխաղացման ու ՀՀ տարածք ներխուժման փորձի դեպքում կրակելու հրաման տալը:

Մինչդեռ 2021-ի նոյեմբերի 15-ին Ա.Կարապետյանին ազատելու որոշումից օրեր անց՝ նոյեմբերի 17-ին, Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր.

«Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»:

Ինչ է կատարվել 2021թ. նոյեմբերյան մարտերի ժամանակ, ինչից է սկսվել, ով է տվել կրակելու հրաման և ով չի տվել, ինչ չի արել Արշակ Կարապետյանը կամ Սուրեն Պապիկյանը, և ինչ է արել Արշակ Կարապետյանը և Սուրեն Պապիկյանը, ինչո՞ւ չէ՝ ԳՇ պետը:

Մյուս կողմից, «Պաշտպանության մասին» մասին օրենքում հստակ նշվում է.

«Զինված ուժերի կողմից ռազմական սպառնալիքներին դիմակայման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ընդ որում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախապես ստանալով պաշտպանության նախարարի հաստատումը, իսկ դրա անհնարինության դեպքում` հնարավորին չափ արագ իրազեկելով նրան կայացրած որոշման մասին, կարող են որոշում կայացնել զինված ուժերի սահմանափակ, անհետաձգելի, արագ արձագանքման և (կամ) հատուկ առաջադրանք կատարելու նպատակով առանձին ստորաբաժանումների և միջոցների օգտագործման վերաբերյալ: Այդպիսի որոշումների կայացման, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ ՀՀ  պաշտպանության նախարարը զեկուցում է ՀՀ վարչապետին` ՀՀ վարչապետի սահմանած պարբերականությամբ և կարգով:

Անմիջական պատասխան գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության, զինված հարձակումը կասեցնելու և (կամ) դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը կանխելու անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման գործողությունների մասին որոշումը կայացնում է տեղում գտնվող ամենաբարձրաստիճան հրամանատարը` նախապես համաձայնեցնելով այդպիսի որոշումներն ըստ վերադասության, իսկ դրա անհնարինության դեպքում` հնարավորին չափ սեղմ ժամկետում զեկուցելով վերադաս ղեկավարությանը կայացրած որոշման մասին: Բոլոր նման դեպքերում ձեռնարկվող քայլերը պետք է լինեն համաչափ և սահմանափակվեն անմիջական վերահաս վտանգը կանխելու նպատակով»:

Եթե հիմք ընդունենք «Պաշտպանության մասին»  օրենքը, ըստ որի՝ Զինված ուժերի արագ արձագանքման և հատուկ առաջադրանք կատարելու նպատակով առանձին ստորաբաժանումների և միջոցների օգտագործման մասին որոշումների կայացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարը զեկուցում է վարչապետին, ապա հարց է ծագում՝ Արշակ Կարապետյանը տեղեկացրե՞լ է Փաշինյանին համապատասխան մտադրության մասին, ի՞նչ մտադրության մասին է խոսք եղել, և ի՞նչ է պատասխանել Փաշինյանը:

Ի դեպ, 2021թ. օգոստոսի 5-ին ՊՆ կոլեգիայի նիստում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, կրակելու հրաման էր տվել։

Կարապետյանը հրամայել էր անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նաև նախազգուշացրել էր, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ 1 սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են։ Սրանից հետո, սակայն, Ադրբեջանը շարունակել է ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ «պոկել» և վերահսկողության տակ առնել:

Ըստ այդմ՝ 2021թ. նոյեմբերի դեպքերի հետ կապված դեռ անպատասխան հարցեր կան, թեպետ կան հարուցված քրեական գործեր, որով անցնում է նաև բարձրաստիճան զինվորական:

Վերադառնանք Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան տարաձայնությունների պատճառներին և հավելենք, որ եղել են նաև դիրքեր տալ-չտալու մասին հարցեր, բայց, թերևս, կան նաև այլ պատճառներ, որոնց մասին մենք չգիտենք, և որոնք, հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյան-Արշակ Կարապետյան անձնական հարաբերությունների դաշտում են նաև:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվելուց մոտ 2 տարի հետո Արշակ Կարապետյանը որոշել է քաղաքական պայքար սկսել, որի հետ կապված գործուն քայլեր դեռ չենք տեսնում, փոխարենը նկատում ենք, որ պաշտպանության նախկին նախարարը զգուշավորություն է դրսևորում և չի փորձում ապացուցել, իր խոսքերով, Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ շահերի դավաճանությունը:

Այսինքն, Փաշինյանի մեղադրական եզրակացությունը շարունակում է մնալ չգրված, այն ռազմական ոչ մի նախկին ղեկավար և ոչ էլ ընդդիմադիր գործիչ չի փորձում իր վրա վերցնել, իսկ Նիկոլ Փաշինյանը գուցե դեռ երբ թուղթ ու գրիչը վերցնում է և սկսում ձևակերպել իր իսկ մեղադրական եզրակացությունը, ձևակերպում է, ձևակերպում, բայց ինչ-որ մի տեղ մտնում է փակուղի… 

Հ.Գ. Ի դեպ, հոդվածում բարձրացված հարցերը տրվել են Արշակ Կարապետյանին, բայց նա դարձյալ կրկնել է՝ անցյալի հետ կապված փաստեր կներկայացնի իշխանափոխությունից հետո, բայցև խուսափել է ներկային և ապագային առնչվող անվտանգային և ռազմական հարցերին պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս