Եթե Արշակ Կարապետյանը փաստեր ունի, թող հանրայնացնի, այլ մեկնաբանություն չունեմ. Տիգրան Աբրահամյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը երեկ հանդես էր եկել կոչով՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը ստիպել է իրեն քաղաքական պայքար սկսել:
Նա Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին կոչ արեց համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պատասխանելով Պաշտպանության նախկին նախարարի կոչի վերաբերյալ հարցին, թե իր քաղաքական ուժը կաջակցի՞ Ա. Կարապետյանի շարժմանը, նկատեց.
«Այն հանգամանքը, որ Արշակ Կարապետյանն այս իշխանություններին դավաճան է համարում, դա, իհարկե, որոշակի նորություն էր՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո, դրանից առաջ՝ որպես խորհրդական, դրանից հետո՝ որպես այս իշխանության թիմի անդամ պաշտպանության նախարար, տևական ժամանակ աշխատել է։
Նման հայտարարություն ո՛չ դրանից առաջ է արել, ո՛չ էլ ազատելուց հետո, թե նրա մոտ ինչ նոր գաղափարներ են առաջացել ու ինչու է որոշել իրական գնահատականներն այսօր հնչեցնել, անկեղծ ասած, ինձ համար այս պահին երկրորդական հարց է, չեմ ուզում առավել ծավալվել»։
Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի մեկ այլ հայտարարությանը, թե իր ունեցած հավաստի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունն է Ադրբեջանին խնդրել, որպեսզի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալեն և թույլ չտան հասնել Հայաստան՝ քաղաքական որոշակի գործընթացներ չծավալելու համար, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ չի զարմանում, երբ որևէ գործիչ՝ անկախ նրանից՝ զբաղվում է հասարակակա՞ն, թե՞ քաղաքական գործունեությամբ, իշխանությանը դավաճանական որակում է տալիս։
«Ըստ էության իշխանությունն էլ է սկսել չզարմանալ իրեն այդպիսի որակումներ տալուց, բայց տարօրինակն այն հանգամանքն է, որ այսքան ժամանակ նախկին նախարարը լռել է, նույնիսկ իրեն պաշտոնանկ անելուց հետո մանրամասն չի խոսել, թե ինչ պատճառներով է այդ պաշտոնը լքել։
Իհարկե, իր հայտնի ուղերձում խոսում էր այն մասին, որ կրակ բացելու հրաման է տվել ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, և դա է դարձել պաշտոնանկության պատճառը։ Ինքը պետք է մանրամասներ ներկայացնի հանրությանը, եթե փաստեր ունի, թող հանրայնացնի։ Կարծում եմ՝ հանրությունը լրացուցիչ փաստերից միայն գոհ կլինի»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում