Բանկային համակարգը՝ ռիսկի տակ. Կառավարությունը մտադիր է հասանելիություն ստանալ քաղաքացիների բանկային հաշիվների նկատմամբ

Այս իշխանությունները երբեք էլ չեն վարանել վերհսկողության տակ վերցնել բանկային համակարգը՝ իրենց քաղաքական հակառակորդներին ու անհնազանդներին պատժելու, նաև հնազանդեցնելու ու «խելքի բերելու» ակնկալիքով։ Իշխանության գալուց հետո տարբեր ժամանակներում փորձեր են արել օրինական ու ոչ օրինական ճանապարհներով տիրապետել մարդկանց անձնական տվյալներին։ Հաջողել կամ չեն հաջողել, բայց երբեք չեն հրաժարվել շարունակել այդ արատավոր պրակտիկան՝ առանց մտածելու բանկային համակարգի վրա դրա հնարավոր հետևանքների մասին։ Այսօր էլ նույնն են անում։

Բանկային համակարգը կրկին կանգնած է ռիսկի առաջ։ Կառավարությունը, հանձինս Պետեկամուտների կոմիտեի, մտադիր է տոտալ վերահսկողության տակ վերցնել քաղաքացիների անձնական հաշիվները և հասանելիություն ստանալ նրանց բոլոր ֆինանսական շարժերի նկատմամբ։

Խոսքն անձնական միջոցների կամ բանկային խնայողությունների շարժերի մասին է։

Դրանք անձնական գաղտնիք են և պաշտպանված բանկային գաղտնիքի մասին օրենքով։

Կարդացեք նաև

Բանկային գաղտնիք ասվածը, իհարկե, անձեռնմխելի չէ և այսօր էլ կարելի է հասանելիություն ստանալ բանկային գաղտնիք պարունակող տվյալներին։ Բայց դրա համար պետք է բավարար հիմքեր ներկայացնել և ստանալ դատարանի համաձայնությունը։

Հիմա ՊԵԿ-ն ուզում է այդ «խորդուբորդությունները» հանել արանքից ու հեշտ տարբերակով, առանց «ավելորդությունների»՝ միանգամից հնարավորություն ստանալ տիրապետել քաղաքացիների անձնական միջոցների վերաբերյալ տեղեկատվությանը՝ ինչքա՞ն փող ունեն, ո՞ր բանկում կամ բանկերում են պահում, տարվա ընթացքում ինչքանո՞վ են այդ փողերն ավելացել կամ պակասել, և այդպես շարունակ։ Այլևս չեն ուզում իրենց ավելորդ գլխացավանքի տակ դնել, պատճառաբանված հիմնավորումներ ներկայացնել, ստանալ դատարանի համաձայնությունը։

Միանգամից կդիմեն քաղաքացուն ու կհարկադրեն ներկայացնել քաղվածք՝ սեփական հաշվի շարժերի վերաբերյալ։

Եթե հանկարծ փորձեն չտրամադրել՝ կտուգանեն, այն էլ՝ աստղաբաշխական չափի տուգանքներով։ Տուգանելուց հետո էլ, եթե շարունակեն համառել, էլի կտուգանեն։

Առաջին անգամ չներկայացնելու դեպքում պատրաստվում են տուգանել առնվազն 2 մլն դրամի չափով։ Դրանից հետո չներկայացնելու դեպքում՝ առնվազն 4 մլն դրամի չափով։ Հետո՝ 6 միլիոնի չափով, ու այդպես շարունակ։

Քաղաքացիների բանկային գաղտնիքին ներկայացվող տվյալներն ազատ ու անխոչընդոտ ստանալու համար, Պետեկամուտների կոմիտեն հերթական անգամ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով ուզում է խմբագրել կամ փոխել բանկային գաղտնիքի մասին օրենքը։

Թեև իրականում դա ոչ թե խմբագրում է կամ փոփոխություն, այլ պարզապես բանկային գատնիքի չեղարկում։

Դրանից հետո, բանկային գաղտնիք ասածն ընդհանրապես իմաստազրկվում է։

Ո՞ւմ է պետք այդ «գաղտնիքը», եթե հարկային հասարակ տեսուչը կարող է պահանջել կամ պարտադրել ստանալ ցանկացած քաղաքացու ավանդային հաշվի մնացորդն ու շարժերը։ Այդ դեպքում ի՞նչ բանկային գաղտնիքի մասին կարող է խոսք լինել։

Նման մի նախաձեռնություն ժամանակին ՊԵԿ-ը էլի էր ներկայացրել, Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն էլ՝ առանց մտածելու ու հետևանքները հաշվի առնելու, այն վավերացրեց։ Լավ է, գոնե Սահմանադրական դատարանը կասեցրեց դրա կիրառումը՝ համարելով հակասահմանադրական։

Բայց, ինչպես տեսնում ենք, կառավարությունը մտադիր չէ հրաժարվել մարդկանց անձնական միջոցների շարժերին, առանց դատ ու դատաստանի, հնարավորինս հեշտ հասանելիություն ստանալու գայթակղությունից։ Թեև դրանում զարմանալու ոչինչ չկա։ Այս իշխանությունը եկած-չեկած՝ ամեն ինչ անում է բանկային գաղտնիքն արժեզրկելու համար։

Դեռ իշխանափոխությունից անմիջապես հետո բանկային համակարգը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակահարմարությունների տիրույթում։ Հրապարակվեցին ու հասանելի դարձան մարդկանց անձնական տվյալները, որոնք պաշտպանված էին բանկային գաղտնիքի մասին օրենքով։ Բայց այդպես էլ դրա համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։

Ժամանակին դա անում էին՝ օրենքը շրջանցելով ու խախտելով, հիմա ուզում են անել՝ օրենքը փոխելով ու բանկային գաղտնիք ասվածը զրոյացնելով։

Ո՞վ կարող է ասել, թե դրանից հետո ո՞ւր կարող են հայտնվել քաղաքացու բանկային տվյալները։ Ոչ մի երաշխիք չկա, որ դրանք չեն օգտագործվի մարդկանց շանտաժի ենթարկելու կամ այլ նպատակներով։ Հարկային հասարակ տեսուչն իր հետաքրքրությունների շրջանակներում ցանկացած քաղաքացուց կարող է պահանջել տեղեկություն՝ բանկային շարժերի վերաբերյալ, և օգտագործել իր հայեցողությամբ։

Սա պարզապես անթույլատրելի է, և ոչ միայն մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, այլև հենց բանկային համակարգի կայունության համար։ Այս նախաձեռնությանն օրենսդրական տեսք տալու պարագայում, էապես կթուլանա վստահությունը բանկային համակարգի նկատմամբ, կսկսվի ֆինանսական միջոցների արտահոսք։ Մարդիկ կմտածեն՝ արժե՞ արդյոք իրենց խնայողությունները պահել բանկերում ու դրա համար մի բան էլ հաշվետվություն ներկայացնել հարկային մարմիններին, բնականաբար, հարկվելու հեռանկարով։

Դեռ չհաշված, որ վաղն էլ կարող են հաշվետվություն պահանջել այդ գումարների ծագման վերաբերյալ։

Գլխացավանքից հեռու մնալու ակնկալիքով՝ շատերը կնախընտրեն իրենց խնայողությունները պահել ոչ թե բանկերում, այլ սեփական վերմակի տակ։

Կսահմանափակվի ֆինանսական միջոցների մուտքը բանկային համակարգ։

Թե ի՞նչ են մտածում սրա մասին Կենտրոնական բանկում, հայտնի չէ։ Կենտրոնական բանկն առայժմ լուռ է։ Լուռ են նաև բանկերը։ Բայց այդ լռությունը շատ թանկ կարող է նստել նրանց վրա։

Մի բան հստակ է՝ անմտություն է թույլ տալ՝ ում խելքին ինչ փչի, անի բանկային գաղտնիքի հետ, անկախ նրանից` գործող կարգավորումները դո՞ւր են գալիս, թե՞ ոչ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս