«Սերժ Սարգսյանի հայտարարությունը հույս է ներշնչում. հաշվի առնելով նրա փորձը, կարծում եմ՝ բաներ կան, որոնց մասին տեղյակ չենք». Տիգրան Վարդանյան
Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի մի շքերթ էր, որովհետև հնչեցին այնպիսի մտքեր, որ Հայաստանում ապրող քաղաքացիների մեծամասնության մոտ առնվազն ծիծաղ են առաջացրել կամ հերթական ատելության դոզան են ավելացրել ներկայիս կառավարիչների նկատմամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԵԽ ելույթին։
«Երբ ինքը հայտարարում է, թե ժողովուրդը համախմբվել է Կառավարության շուրջ և օգնում է Արցախից բռնի տեղահանվածներին, այդ անբարոյականը ստում է, որովհետև առաջին օրվանից ես ու իմ ընկերները, մեր նման շատ մարդիկ են օգնում արցախահայությանը, բայց Կառավարության կողմից մեկ դրամ անգամ մեզ չի փոխանցվել։ Երեխաների համար հագուստ, կերեր և այլն, տանում ենք մենք, նաև այն մարդկանց շնորհիվ, ովքեր մեր տեղը գիտեն, գալիս ու մեզ օգնում են։ Կառավարությունն այստեղ ոչինչ չի արել, եթե անող էին, ապա իրենք շատ լավ գիտեին, թե ինչ է լինելու Արցախում, թող մոդուլային քաղաք սարքեին մարդկանց համար կամ գոնե տան վարձերը կառավարեին, որոնք հիմա աստղաբաշխական թվերի են հասել»։
Անդրադառնալով Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթից հետո հնչած ծափահարություններին, Վարդանյանը հիշեցրեց, որ ԵԽ-ում նույն կերպ ծափահարում էին նաև Սահակաշվիլիին, Զելենսկիին. «Իսկ թե ինչ է լինում նրանց հետ՝ տեսանք, առաջաիկայում կտեսնենք, թե իր հետ ինչ է լինելու»։
Նա նաև հավելեց. «Այդ ծափահարություններից առաջ Արցախի հարցն ուներ լուծման երկու տարբերակ՝ արևմտյան և ռուսական։ Ռուսական տարբերակով, ինչպես գիտենք, ասվում էր, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել հետագայի վրա, իսկ արևմտյան տարբերակով՝ «Արցախն Ադրբեջան է, և վերջ»։ Հավանաբար Արևմտյան տարբերակով գնալու (դրանից առաջ էլ, երբ ԵՄ-ն Ադրբեջանի հետ կնքեց նավթային ու գազային նոր փաստաթղթեր) համար էին Փաշինյանին շնորհակալություն հայտնում, այսինքն՝ Արցախի վաճառքը տեղի ունեցավ Եվրոպայի համար շահեկան տարբերակով»։
Տ. Վարդանյանը զառանցանք է որակում ժողովրդավարության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, երբ Հայաստանում կա 20-ից ավելի քաղբանտարկյալ, կա բանտարկված կին, ով ունի երկու անչափահաս երեխա, ում մայրը խնամքի կարիք ունի։ «Այդ աղջիկը ճաղերի հետևում է։ Ես խորապես համոզված եմ, որ իրենց համար ավելի շահեկան կլիներ, որ ադրբեջանցիներն Արցախում բոլորին բնաջնջեին»,- նկատեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի նման հայտարարությունները քմծիծաղ են առաջացնում, քանի որ նրանք երբ 2018թ. եկան իշխանության՝ առնվազն երկու անգամ տապալել են սահմանադրական կարգը, շրջափակեցին ԱԺ-ն՝ մարդկանց ստիպեցին գնալ այնպիսի քայլերի, որոնք բերեցին 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններին։ Նա հիշեցրեց նաև Ն. Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացող դատավորների» մասին հայտարարությունը, որից հետո շրջափակեցին նաև դատարանների շենքերը։
«Նիկոլ Փաշինյանը ուզում է մեր հասարակության մեջ սերմանել այն միտքը, որ Արցախը տվել ենք, հանգիստ ապրելու ենք, բայց դա սուտ է, մենք տեսնում ենք, չէ՞, որ հանգիստ չենք ապրում։ Եթե այս ամենը մեր հասարակության լայն շերտերը գիտակցեին՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց կա՛մ ողջ չէր լինի, կա՛մ իշխանության ղեկին չէր լինի։
Խնդրում եմ, այս խոսքերս չընդունել որպես պառակտում, բաժանարար գծերի անցկացում արցախցիների և հայաստանցիների միջև, բայց ուզում եմ զուգահեռ անցկացնել, որը շատերի համար ընկալելի կլինի։ Այսպես՝ 90-ականներին Մատենադարանի մոտից սկսվեց Արցախի ազատագրական շարժումը, հիմա խնդրում եմ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին՝ դուրս գան փողոց ու ազատագրեն Երևանը, որովհետև միայն Երևանի ազատագրումից հետո շանս կա Արցախը հերթական անգամ ազատագրելու։ Իսկ սփյուռքում ապրող մարդկանց, հատկապես Կանադայի դեսպանին և այստեղ ապրող մեր հայրենակիցներին կխնդրեմ, որպեսզի իրենց երեխաներին դաստիարակելիս սերմանեն վրեժի և ռևանշի գաղափարը, որովհետև միայն իշխանափոխության ու պատերազմի դեպքում մեր երկիրն ապրելու հնարավորություն ունի, թե չէ այսպես ճզմելու են, ու վերջում մնա մի Էջմիածին»,- ասաց Տ. Վարդանյանը։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իրավիճակը միանշանակ փոխվելու և Արցախը հայկական պահելու հնարավորություններ կան։ Հարցին, թե այդ հնարավորությունները ե՞րբ պետք է օգտագործվեն, և դրա համար ժողովուրդն ի՞նչ պետք է անի, Տիգրան Վարդանյանը պատասխանեց, որ մի կողմ դնելով կուսակցական լինելը՝ Սերժ Սարգսյանին հավատում ու վստահում է։
«Երբ պատային ինչ-որ իրավիճակ է լինում, և կշիռ ունեցող մարդկանցից մեկը, որն ինձ համար Սերժ Սարգսյանն է, նման հայտարարություն է անում՝ թևաթափ չես լինում, հույս է ներշնչում։ Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի փորձը, կարծում եմ՝ բաներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք, բաներ կան, որոնք կարող է իմանալ միայն նախագահը, և ըստ ամենայնի դա հետևյալն է՝ նախագահի «ֆիշկան» միշտ եղել է ժողովուրդը, այն ժողովուրդը, որի նկատմամբ ինքն ուժ չկիրառեց։
Շատերը գրում էին Մոնթե Մելքոնյանի խոսքերը, թե երբ կորցնենք Արցախը՝ շրջում ենք հայոց պատմության վերջին էջը։ Մենք համաձայն չենք այս խոսքերի հետ, մեզ ավելի հոգեհարազատ են Սպարապետ Վազգեն Սարգսյանի այն խոսքերը, որ 21-րդ դարը մերն է լինելու։ Կարծում եմ՝ մենք սրան հասնելու ենք, իհարկե, դժվար է պատասխանել՝ երբ։ Մի քանի հանգամանք կա, նախ՝ հիմա մեզանից շատերը լծված են Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին օգնելու գործին, և հիմա մեզ համար էականը սա է։ Բայց նաև հույս եմ փայփայում, որ մեր հայրենակիցները ոչ թե քաղաքական շառլատանների ելույթները կլսեն, որոնք ցանակցած պայքար տանում են մարում, այլ կգտնեն իրենց քաղաքական ակելային»,- շեշտեց Տիգրան Վարդանյանը։
Խոսելով քաղբանտարկյալների մասին, նա ասաց, որ իշխանությունը նրանց կալանքի տակ է պահելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության են, որովհետև վախենում են նրանցից։
«Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ են պահում, քանի որ այն «անկլավները», որոնք Տավուշի մարզում ցանկանում ենք հանձնել, երբ Խաչատուրովի զինվորները տեսնեն գեներալին, հրաման են լսելու՝ ոչ մի քայլ ետ։ Մամիկոն Ասլանյանը քաղաքական տարբեր պատճառներով կրկին խանգարում է։ Տրամաբանական է, թե ինչու է Արմեն Աշոտյանը խանգարում, նա այն անձն է, ով մինչև բանտարկվելը յուրաքանչյուր ուրբաթ օր մերկացնում էր Նիկոլ Փաշինյանի բոլոր ստերը։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ Արմեն Աշոտյանին փակելով՝ որևէ հարց է լուծելու, սխալվում էր, Արմեն Աշոտյանն ավելի ակտիվ է»,- ընդգծեց Տիգրան Վարդանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում