Հարկերի հավաքագրման ճշգրտված պլանը թերակատարվել է. Ի՞նչ եղան այն գերակատարումները, որոնցով վերջերս հպարտանում էր Նիկոլ Փաշինյանը

Վերջին երեք ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպն էապես ընկել է։ Ընկել է նաև տարեկան աճի տեմպը։

Ինն ամիսների տվյալներով, բյուջեի ճշգրտված պլանի նկատմամբ հարկային եկամուտների գերակատարում այլևս չկա։ Այն գերակատարումը, որի մասին մի քանի ամիս առաջ շտապում էր հայտարարել Նիկոլ Փաշինյանը։ Ասում էր՝ «Պետական բյուջեի եկամտային հատվածը առաջին կիսամյակում գերակատարել ենք 49,9 մլրդ դրամով»։

Այս գերակատարումից հիմա ոչինչ չի մնացել։

Բյուջեի հարկային եկամուտները, ճշգրտված պլանի համեմատ, նույնիսկ թերակատարվել են։

Կարդացեք նաև

Ինն ամսվա համար նախատեսված էր ապահովել 1 տրիլիոն 618 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Այնինչ՝ ապահովվել է 1 տրիլիոն 617,1 միլիարդի եկամուտ։

Ճշգրտված պլանի համեմատ՝ 900 մլն դրամով պակաս մուտքեր են ստացվել։

Սա է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը խուսափում է խոսել բյուջեի եկամուտների, առավել ևս՝ գերակատարումների մասին։ Ժամանակին խոսում էր, որովհետև գիտեր, հետո այդպիսի առիթ չի լինելու։

Որքան թուլանում են արտաքին գործոնների ազդեցությունները Հայաստանի տնտեսության աճի վրա, այնքան ավելի է կրճատվում հարկային մուտքերի աճի դինամիկան։

Եթե առաջին երկու եռամսյակներում դրանք աճել էին 18,9 տոկոսով, արդեն երրորդում աճը կազմեց ընդամենը 7,5 տոկոս։

Աճի տեմպը երրորդ եռամսյակում ավելի քան 2,5 անգամով ընկել է։

Առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ավելի էր հավաքվել շուրջ 176 մլրդ դրամ։

Այնինչ՝ երրորդ եռամսյակում ավելի է հավաքվել ընդամենը 35,8 միլիարդ։

Ընդ որում, սրանում ներառված է նաև այն գումարը, որը տարվա առաջին կեսին, մասնավորապես՝ հունվար-հունիսին, չկատարված պարտավորությունների դիմաց վճարել է օնլայն առևտրի հարթակում գործող «Վայլդբերրիզ» ընկերությունը։ Խոսքը 3,6 մլրդ դրամ միանվագ վճարման մասին է։

Եթե առաջին կիսամյակի հաշվին այս մեկանգամյա վերականգնումն էլ չլիներ, ապա հարկային եկամուտների աճը երրորդ եռամսյակում շատ ավելի փոքր կլիներ։

Բյուջեի այս տարվա հարկային եկամուտների ճշգրտված պլանը կատարելու համար անհրաժեշտ է ապահովել մուտքերի առնվազն 15,3 տոկոս աճ։ Ինն ամսվա տվյալներով, աճն արդեն դրանից ցածր է։ Եթե այս տեմպով շարունակվի հարկային եկամուտների հավաքագրումը, տարեվերջին էլ ավելի ցածր կլինի։

Հուլիսից սկսած՝ հարկային եկամուտների աճի տեմպն էապես ընկել է։

Առաջին կիսամյակի տվյալներով, մուտքերն ավելացել էին 18,9 տոկոսով։ Արդեն յոթ ամիսներին աճն իջավ 16,4 տոկոսի։ Ութ ամիսներին կազմեց 15,5 տոկոս։

Ինն ամիսների արդյունքում նվազեց ևս 0,5 տոկոսային կետով և կազմեց 15 տոկոս։

Հուլիսին, նախորդ տարվա համեմատ, հարկային եկամուտների չնչին աճ գրանցվեց. դրանք ավելացան ընդամենը 2,8 մլրդ դրամով կամ 1,7 տոկոսով։

Նախկին որևէ ամսում մուտքերի այսպիսի փոքր աճ չէր արձանագրվել։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում բյուջեի հարկային եկամուտներն աճել էին 15,2 տոկոսով։ Ապրիլին նույնիսկ անցնում էին 28 տոկոսից։ Մայիսին հարկային եկամուտներն ավելացել էին 18,5 տոկոսով։ Հունիսին մուտքերի աճի տեմպը որոշ չափով նվազեց, բայց շարունակեց մնալ բավական բարձր՝ 15,5 տոկոս։ Արդեն հուլիսին արձանագրվեց աճի տեմպի կտրուկ անկում։

Օգոստոսին մուտքերն ավելացան 12,4 միլիարդով։ Աճի տեմպը կազմեց 8,7 տոկոս։

Դատելով մուտքերի վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեի վերջին հայտարարությունից՝ սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ ավելի է հավաքվել 20,7 մլրդ դրամ։ Անցած տարվա սեպտեմբերին հավաքվել էր 173,6 մլրդ դրամ, այս տարի հավաքվել է 194,3 միլիարդ։ Աճի տեմպն ավելացել է, բայց շատ հեռու է առաջին կիսամյակի ցուցանիշից։ Սեպտեմբերին հարկային եկամուտներն ավելացել են 11,9 տոկոսով։

Գնալով զգացնել են տալիս արտաքին հիմնական գործոններ, որոնք տարեսկզբին նպաստել էին հարկային եկամուտների բարձր աճերի ձևավորմանը, հատկապես՝ նախորդ տարվա սկզբի ցածր բազայի նկատմամբ։

Խոսքն առաջին հերթին ներմուծում-վերարտահանումներին է վերաբերում, որի արդյունքում բավական մեծ քանակի հարկային մուտքեր էին գոյանում բյուջեի հաշվին։ Դա տեսանք նաև որոշ ընկերությունների վճարած հարկերում, որոնք զբաղվում են մի շարք ապրանքների վերարտահանումներով։ Այդպիսի առանձին ընկերությունների մոտ վճարած հարկերն այս տարվա առաջին կեսին անգամներով ավելացել են։

Վերջին շրջանում, սակայն, վերարտահանումների աճի տեմպն էապես ընկել է։ Կառավարությունն իր հերթին՝ խստացումներ է մտցնում երկակի ապրանքների վերարտահանումների նկատմամբ, ըստ էության, միանալով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին։

Տարեսկզբի հարկային եկամուտների բարձր աճերը պայմանավորված էին նաև բանկային համակարգում նախորդ տարվա ընթացքում գեներացված բարձր շահույթներով ու շահութահարկի վճարներով։

Այս գործոնների արդյունքում, եթե մինչև վերջերս ՊԵԿ-ին հաջողվում էր բավական բարձր հարկային եկամուտներ ապահովել, ապա տարվա երկրորդ կեսին իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ։ Հարկային եկամուտները, չնայած շարունակում են աճել, այնուհանդերձ աճի տեմպն էապես ընկել է։ Ճշգրտված պլանի նկատմամբ ինն ամսվա մուտքերը գրեթե 1 միլիարդով թերակատարվել են։

Այսպես շարունակվելու դեպքում, տարեվերջին թերակատարումը շատ ավելի մեծ կարող է լինել։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս իրավիճակին բախվել ենք առաջին կիսամյակի գրեթե 50 մլրդ դրամ գերակատարումից հետո, ընդամենը 3 ամսվա ընթացքում։ Այնինչ տարեվերջին դեռ 3 ամիս էլ կա, ու բյուջեի հարկային եկամուտների հետ կապված խնդիրներն այդ ընթացքում կարող են ավելի սրվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս