«Պիտի կռվենք, որ թույլ չտանք պղծեն՝ ինչ ստեղծել ենք. եկել են «զադանիաներով», բայց վաղը-մյուս օրը ռադ են լինելու». Արթուր Սահակյան
Այս տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը որոշել են միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։
Այսպիսով՝ 2023 թվականի մայիսի 11-ին հայցը ներկայացվել էր դատարան, և մինչև դատարանի վերջնական որոշումը «Գոյ» թատրոնը գործելու է։
168.am-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանն ասաց, որ դատական նիստը նախատեսված է հոկտեմբերի 18-ին կամ 19-ին։
«Միայն «Գոյ» թատրոնը պահելու մտադրությամբ ենք մենք մտել դատական գործընթացների մեջ։ Գիտեք, այսպիսի մի բան կա, եթե գործը տարված է, ոչ մի փաստաբան այս գործը չի վերցնում, իսկ մեր փաստաբանը վստահ է, որ Կառավարությունն ամեն ինչ արել է խախտումներով, թե՛ սահմանադրության, թե՛ ներքին կանոնադրության։ Մենք ազգային փորձարարական կենտրոն ենք, և մեր կենտրոնը Սունդուկյանի թատրոնին միացնելու որևէ իմաստ չկա»,- նշեց Արթուր Սահակյանը։
Հարցին՝ այս ընթացքում որևէ հանդիպում ունեցե՞լ է ԿԳՄՍ նախարարության որևէ ներկայացուցչի հետ՝ հարցը քննարկելու համար, Արթուր Սահակյանը պատասխանեց, որ անձամբ ինքը հանդիպում չի ունեցել որևէ պաշտոնյայի հետ։
«Ես չեմ հանդիպել, որովհետև կյանքը շատ կարճ է մարդկանց հանդիպելու համար։ ԿԳՄՍՆ-ից թատրոնը փակելու հիմնական ջատագովը գնացել է Մատենադարան, հիմա տեղն եկել է մեկ ուրիշը, ասում են՝ ադեկվատ մարդ է, ես չգիտեմ։ Ախր ես չպետք է նրանց հետ հանդիպեմ, սա իրենց տնտեսությունն է, իրենց պատկանող։ Իրենք ժամանակավոր մարդիկ են, ինչպես և բոլորը։ Իրենք գալիս են քանդելու, ինչպես այդ ամբողջ կառավարությունն է, քանդել, փշրել, Ղարաբաղը տվեցին ու պետք է գնան։
Ես որևէ պաշտոնյայի հանդիպելու մոլուցք չունեմ։ Իրենք պետք է գան աշխատեն ու ծառայեն այս բնագավառին։ Հիմա մարդիկ տարբեր կերպ են ընկալում իրենց ստանձնած պաշտոնը, չեն հասկանում, որ դա պատասխանատվություն է, այլ ոչ թե վայելք։
Ինչ-որ ժողովներ եթե լինում են, մեր տնօրենին տեղեկացնում են, նա գնում է։ Հարցնում եմ, ինչ-որ «հատուկ» վերաբերմունք կա՞, ասում է՝ չէ, նորմալ խոսում ենք։
Արցախում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո բոլոր ներկայացումները դադարեցրել էինք, հիմա նորից վերսկսել ենք, փորձում ենք մեր արցախցիներին բերենք ներկայացումներին՝ որոշ ժամանակով իրականությունից կտրվելու համար»,- շեշտեց Արթուր Սահակյանը։
Հարցին՝ դատական գործընթացները չե՞ն խանգարի թատրոնի բնականոն աշխատանքին, Արթուր Սահակյանը պատասխանեց՝ ավելի շատ խանգարում է այն հոգեվիճակը, որը կա դրսում, երբ մեր Արցախի հայրենակիցները բռնի տեղահանված են, ունեն հազարավոր խնդիրներ: Թատրոնը հանդարտ կլինի, երբ մարդը տրամադրություն ունի ու գնում է թատրոն ժամանակ անցկացնելու։ Հիմա այնպիսի իրականություն է, որ կոպիտ ասած՝ այս յուղով մենք էլ ենք տապակվում։
«Իհարկե, ամեն ինչ նյարդեր է պահանջում, մեզ բերել-հասցրել են այստեղ, պիտի կռվենք, պիտի կռվենք այն ամենի համար, ինչ ստեղծել ենք, որպեսզի թույլ չտանք պղծեն պիղծերը։ Իրենք եկել են «զադանիաներով», բայց վաղը-մյուս օրը ռադ են լինելու, ոչ մեկը հավերժ չէ»,- եզրափակեց Արթուր Սահակյանը։