
Իր կնոջ ֆեյսբուքյան հրապարակումները՝ հե՞չ, աշխատակիցներինը՝ մե՞ջ․ Արմեն Քոլոյանի նախապայմանները՝ Հանրային ռադիոյում

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, ամիսներ առաջ Ֆեյսբուքում արցախցիների սոցիալական խնդիրներին առնչվող հրապարակման ներքո վիրավորական մեկնաբանություններ էր արել՝ նրանց որակելով իբրև «աստծուց մոռացված դժբախտներ», նա նաև հավելել էր՝ «մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ»։
Արմեն Քոլոյանն այդ ժամանակ հրաժարվել էր մեկնաբանել իր կնոջ գրառումը, ավելին՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, թե չի կարդում իր կնոջ գրառումները։
Պարզվում է՝ նա իր կնոջ գրառումները չի կարդում, բայց փոխարենը՝ հետևում է աշխատակիցների ֆեյսբուքյան անցուդարձին, ավելին՝ նկատողությունների, կարգապահական պատասխանատվությունների է ենթարկում նրանց, եթե մի բան իր սրտով չի լինում։
168․am-ը տեղեկություններ ունի, որ, հենց այսպես, երկար տարիներ իր ու իր ընտանիքի կյանքը դրսում ապահոված Քոլոյանը, ում զավակներն այսօր էլ արտերկրում են ապրում, որոշել է խիստ նկատողությամբ, ապա նաև նկատողությամբ «սաստել» Հանրային ռադիոյի երկարամյա աշխատակից Ալիսա Գևորգյանին, որի որդին՝ Դավիթ Գևորգյանը, 44-օրյա պատերազմի նահատակներից է։
Արմեն Քոլոյանի այս գործողություններն Ալիսա Գևորգյանը փորձել է վիճարկել իրավական ճանապարհով՝ 2 տարբեր հայցերով։
Դատական այս գործընթացների մասին փորձեցինք հստակեցումներ լսել հենց Ալիսա Գևորգյանից, նա, սակայն, մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ իրավական պրոցեսին՝ նկատելով, որ ցանկության դեպքում իր փաստաբանը կարող է խոսել գործի մասին։
Ալիսա Գևորգյանի պաշտպան Կարինե Ղաշանգյանը համաձայնեց մի քանի դիտարկումներ անել այս հայցերի վերաբերյալ։
Փաստաբանը նկատեց՝ հայցերից մեկը վերաբերում է կարգապահական խիստ նկատողությանը, որին Ալիսա Գևորգյանը ենթարկվել է իր էջում Հովհաննես Իշխանյանի գրառումը վերահրապարակելու համար։
Իսկ վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել էր․ «Նիկոլ Փաշինյանը, ողջ Քաղաքացիական պայմանագիր խմբակը, նրանց մեջ դուխով Արայիկ Հարությունյանը 5000 տղայի մտածված տարել են սպանելու, որ Թուրքիայից փող քերեն, անունը դնեն խաղաղություն․․․»։
«Ալիսան մարտ ամսին սրանով կիսվել է, իսկ այնտեղ մի տեղ մի նախադասություն կա Թուրքիայից փող քերելու մասով, որը հաշվի առնելով՝ Ալիսայից բացատրություն են պահանջել իր անմիջական ղեկավարի միջոցով։ Նրան են դիմել, թե կարգապահական խախտում է թույլ տրվել և բացատրություն պիտի ներկայացնի Ալիսան։ Այս ամենը եղել է էլեկտրոնային փոստով, հաղորդագրությունների տեսքով»,- մանրամասնեց Կարինե Ղաշանգյանը։
Փաստաբանի տեղեկացմամբ՝ Ալիսան իր ղեկավարին հայտնել է, որ նրա դիտարկումից հետո հեռացրել է ֆեյսբուքյան այդ գրառումն իր էջից, ապա հավելել․ «․․․ծանուցումից հետո հիշյալ գրառման առաջին նախադասության մեջ ինքս էլ խնդրահարույց միտք արձանագրեցի․ խոսքը վերաբերվում է Թուրքիայից «փող քերել» արտահայտությանը։
Նման մեղադրանքի համար կոնկրետ փաստեր առայժմ չկան։ Գրառումը որակել էիք լրագրողական սադրանք, այս որակմանն էլ մասնավորապես մասամբ պիտի համաձայնեմ, քանի որ գրառումը, իսկապես, սադրանքի հետևանք էր։ Դժվարանում եմ այն այլ կերպ որակել վարչապետի հայտարարությունը՝ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատից հրաժարվելու վերաբերյալ»։
Պաշտպանը հավելեց՝ Ալիսան ներողություն չի խնդրել։
«Իմ գնահատմամբ՝ այս ամեն ինչը քաղաքական հայացքների համար հետապնդում է։ Այսինքն՝ ռադիոընկերության գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի, ի սկզբանե տնօրեն նշանակվելու պահից սկսած, Ալիսայի հետ ունի տարաձայնություններ՝ Ալիսայի քաղաքական հայացքներով պայմանավորված։
Բայց շեշտում եմ, որ Ալիսայի քաղաքական հայացքները և նրա կարգավիճակը՝ որպես զոհված զինծառայողի ծնող, երբևէ նրա աշխատանքի որակի և աշխատանքի բովանդակության վրա չի ազդել և չի էլ ազդելու, որովհետև Ալիսան պրոֆեսիոնալ լրագրող է և գիտի իր կատարած աշխատանքի արժեքը։ Բայց կոնկրետ պարոն Քոլոյանի դրսևորած վարքագիծը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ լրագրողի նկատմամբ իր քաղաքական, անձնական քաղաքական հայացքների համար հետապնդում։
Ի դեպ, Ալիսայի բացատրությանն ի պատասխան՝ Քոլոյանն ասել է, թե Ձեր բացատրությունը չհամարեցի ամբողջական և չընդունեցի․ հետևաբար, Ձեզ կարգապահական պատասխանատվության ենք ենթարկում խիստ նկատողություն տույժի տեսակով։ 30 տարվա լրագրողը, որ չունի որևիցե նկատողություն, և, հակառակը, միշտ գովասանքի է արժանացել, միանգամից ենթարկվում է պատասխանատվության խիստ նկատողության ձևով,- հավելեց Կարինե Ղաշանգյանը՝ նկատելով, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ այդ ակտի հիմքում դրվել է մի իրավական հիմնավորում, որն ընդունվել է Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից և ոչ թե ռադիոընկերության կողմից,- Խորհուրդը 2019 թ.-ին ընդունել է որոշում լրագրողի էթիկայի վերաբերյալ, ինչն էլ դրվել է իրենց որոշման անհատական իրավական ակտի հիմքում։
Մենք վիճարկում ենք նաև այս դրվագը, քանի որ նախ՝ չէր կարող խորհրդի ընդունած այդ որոշումը դրվել կարգապահական պատասխանատվության հիմքում, որովհետև կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար աշխատողը պիտի առաջին հերթին ծանուցված լինի այդ բոլոր որոշումների մասին, որպեսզի դրանցով առաջնորդվի, ապա նաև՝ չի կարող Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումը աշխատողի համար պարտադիր լինել․ խորհրդի որոշումները պարտադիր են միայն Հանրային հեռարձակողի գործադիր մարմինների համար (այսինքն՝ այս դեպքում՝ գործադիր տնօրեն և իր անձնակազմ։ Աշխատողի համար պարտադիր են գործադիր մարմնի կողմից ընդունված որոշումները»։
Ալիսա Գևորգյանի պաշտպանը նշեց, որ երկրորդ նկատողությունն իր վստահորդը ստացել է արդեն հունիս ամսին, երբ էջում վերահրապարակել է Արամ Աբրահամյանի անդրադարձը, հունիս ամսին արդեն ստացել է 2-րդ նկատողությունը։
«Հրամայում եմ 2025 թվականի մայիսի 30-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Արամ Աբրահամյանի՝ 168.am կայքում վիրավորական եզրեր պարունակող գրառումը տարածելու համար «Ռադիոլուր» լրատվական և վերլուծական ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին հայտարարել նկատողություն»,- նշել է Արմեն Քոլոյանն իր հերթական նկատողության մեջ։
Փաստաբան Կարինե Ղաշանգյանը դատարանից ակնկալիքներին անդրադառնալով՝ նշեց․ «Այս 2 դեպքում էլ իրավական ակտերը պետք է անվավեր ճանաչվեն, որովհետև 2 դեպքում էլ օրենքի կոպիտ խախտումներով են դրանք ընդունվել։ Եվ մենք տարել ենք վիճարկման ոչ միայն հանգամանքը, որ այստեղ օրենքի կոպիտ խախտումներ են թույլ տրվել, այլև այն, որ Ալիսայի կատարած արարքը իրենից չի ենթադրում խախտում»։
Հիշեցնենք՝ Արմեն Քոլոյանը Հանրային ռադիոյի տնօրեն ընտրվեց 2024 թ․-ի ամռանը։ Տնօրեն դառնալուց անմիջապես հետո նա ռադիոյի լուրերի բաժնում փակցրեց ժամացույց՝ «Բաքու» գրությամբ։ Իր այս քայլը նա հիմնավորեց տարածաշրջանի երկրների ժամային գոտիների տարբերությունը ֆիքսելու անհրաժեշտությամբ՝ այն դեպքում, որ Երևանի և Բաքվի միջև ժամային տարբերություն չկա։