Թռիչք կկվի բնի վրայով. Հայաստանը՝ սուիցիդալ պարանոյայում

Նիկոլ Փաշինյանի քաղաքական կրեդոն (եթե, իհարկե, այդպես կարելի է անվանել այն, ինչի միջոցով նա աղետներ է ապահովել Արցախի, Հայաստանի համար) նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու ապաբարոյական կարողություն է: Նա այդպես վարվել ու վարվում է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության մեջ:

Պետք էր լուծել դատարանների հնազանդեցման հա՞րցը, ոչ մի խնդիր, Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց շրջափակել դատարանները: 

Հաջորդ փուլում նրան խանգարում էր Սահմանադրական դատարա՞նը, կրկին ընտրվեց ամենանողկալի ու հակաօրինական միջոցը՝ ապօրինի հանրաքվե, ապա դրա չկայացումից հետո՝ օրենքի հակաօրինական փոփոխություն: 

Նույնը՝ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ոչ յուրային ղեկավարների դեպքում. ընտրված համայնքապետերին մեկուսացրեցին շինծու քրեական գործերով:

Կարդացեք նաև

Խանգարում են քաղաքական ընդդիմախոսնե՞րը՝ էլի խնդիր չկա միջոցների մեջ խտրություն դնելու հարցում. Արմեն Աշոտյանը, Գրիգորի Խաչատուրովը, բազմաթիվ այլք ազատազրկված են խայտառակ, հակաօրինական քրեական գործերով: Բոլոր թվարկված և բազմաթիվ այլ պարագաներում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվել է ոչ թե ուղղակի նպատակներով, այլ մոլուցքի աստիճանի մտասևեռումներով, որոնց հասնելու համար միջոցների մեջ որևէ խտրություն չի դրել, չի առաջնորդվել լավի ու վատի, արդարի ու անազնիվի, օրինականի ու հակաօրինականի, բարոյականի և այլասերման չափանիշներով քայլերի միջև ընտրություն կատարելու սկզբունքով:

Բոլոր չափումներով գործողություններից նա ընտրել է միայն իր մտասևեռմանը սպասարկող միջոցը, եթե անգամ դա եղել է ապօրինի ու ապամարդկային: Մոլագարության կանխավարկածով երկրում ներքին կյանքն ապականելուց հետո կամ դրան զուգահեռ՝ նրա մոտ առաջացել են արտաքին քաղաքական մտասևեռումներ, որոնց ամենաինտեգրալ արտահայտությունն Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրն» է:

2020 թվականի ողբերգական պատերազմից հետո այդ «խաղաղության պայմանագիրը» դարձել է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական մեգա-մտասևեռումը, որի իրականացման համար նա պատրաստ է առանց բացառության ամեն ինչի՝ Արցախի ամբողջական հանձնումից (որն արդեն կատարել է)՝ մինչև տարածքային ու ռազմավարական զիջումներ Հայաստանի հաշվին: 

Խնդիրը տվյալ դեպքում խաղաղությունը չէ, որն ինքնին միանգամայն առողջ ու բանական ձգտում և նպատակ է: Խնդիրը ձգտման, նպատակի ու մտասևեռման տարբերությունն է: Որովհետև եթե առաջինի՝ նպատակի համար անհրաժեշտ պայման է իրատեսականությունն ու հասանելիությունը, ապա մտասևեռումը զուրկ է ռացիոնալ հիմքից և հենց դրանով բազմապատկում է դրա կրողի՝ միջոցների մեջ խտրություն չդնելու մոլագարությունը:

Սեփական մտասևեռումն ամենալավը բացահայտում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում ու ելույթում հայտարարելով, որ իրականում Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում: Բայց միևնույն ժամանակ նա անհոգնել կրկնում է «խաղաղության դարաշրջանին» իր անհոգնել նվիրվածության մասին: Այսինքն՝ խաղաղություն հաստատելու փաշինյանական ձգտումը, եթե անգամ ամենաանկեղծն է ու չունի այլ՝ դավադրապաշտական ենթատեքստեր, այս պահին իրատեսական չէ, հասանելի չէ, ուստի չի բավարարում «նպատակ» կատեգորիայի՝  նույնիսկ ակադեմիական պահանջներին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր ողջ արտաքին քաղաքականությունը, պետության ներքին ու արտաքին ռեսուրսներն ուղղում է մի նպատակի, որն անգամ նպատակ չէ դասական ընկալմամբ, այլ լավագույն դեպքում՝ ցանկություն, որն իրականացնելու ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ էլ, առավել ևս, տարածաշրջանային նախադրյալներ չկան։ 

Նորմալ իշխանությունը նման պայմաններում՝ կարևորելով խաղաղության հաստատումը, բայց միևնույն ժամանակ՝ սթափ գնահատելով առկա իրողությունները, պետք է իրականում անհոգնել պատրաստվեր պատերազմի, ոչ թե սեփական ռազմատենչության, այլ թշնամու՝ խաղաղություն չցանկանալու ու իր բոլոր քայլերը պատերազմի նախապատրաստությանն ուղղելու բացահայտ քաղաքականության բերումով։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ոչ միայն կարողացել է բարոյազրկել բանակը, սպառազինության համալրումը հասցնել զուտ իներցիոն մակարդակի, այլ անգամ արդեն քարոզչական տիրույթում սկսել է խոսել երկրի անվտանգության ապահովման հարցում զենք-զինամթերքի պակաս կարևորության մասին։

Ներքաղաքական մտասևեռումներով Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի տարիներին Հայաստանն անկարելիության աստիճանի թուլացրել է ներքնապես՝ դրա դիմաց ապահովելով միայն սեփական իշխանության պահպանումը։ Նրա արտաքին քաղաքական մտասևեռումները սպառնում են դիմադրողականությունից զրկված պետությունը հարվածի տակ դնել նաև արտաքնապես։

Մտասևեռումը, թույլատրելիից ավելի չափաբաժինների դեպքում, կլինիկական ախտորոշում է, որը պահանջում է բժշկական միջամտություն։ Քաղաքական մտասևեռումը, որոշակի առանձնահատկություններով, քիչ է տարբերվում հոգեբանականից և չկանխվելու դեպքում պետությանը սպառնում է այնպիսի հանգրվանով, որին հասնում է, օրինակ, սուիցիդալ մտասևեռում ունեցողը՝ համապատասխան հաստատությունից փախչելու դեպքում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս