ԲԴԽ-ն հայտնաբերել է Նաիրա Հովսեփյանի և Դավիթ Խաչատուրյանի ուղեկցորդներին
2023 թվականի սեպտեմբերի 29-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), իսկ ավելի ստույգ՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որոշեց կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները՝ համաձայն հավելվածի:
Որոշման 2-րդ կետով Ազգային ժողովին առաջարկվում է սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները՝ Վճռաբեկ դատարանի քրեական և քաղաքացիական պալատների դատավորների թափուր պաշտոններում ընտրելու համար:
Սա ԲԴԽ-ի ամենևին էլ առաջին փորձը չէ Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրելու: Հուլիսի 3-ից հետո, երբ օրենքի կոպտագույն խախտումներով դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի 3 դատավորների լիազորությունները, սա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կազմը համալրելու կարծես թե 4-րդ փորձն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ դադարեցվել էին նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները:
Խնդիրն այն չէ, որ իշխանությունը չէր կարողանում գտնել Վճռաբեկի քրեական և քաղաքացիական պալատների դատավորների թեկնածուների: Ի վերջո, մամուլը տևական ժամանակ գրում էր, որ ԲԴԽ անդամներ, Աննա Հակոբյանի ընկերուհի Նաիրա Հովսեփյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, կհայտնվեն Վճռաբեկի համապատասխանաբար քրեական և քաղաքացիական պալատներում: ԲԴԽ անդամի պաշտոնն այսօր կա, վաղը՝ ոչ, իսկ ապագան ապահովագրել պետք է, չնայած Դավիթ Խաչատուրյանի դեպքում մոտիվները փոքր-ինչ այլ են: Առիթ ունեցել ենք ասել, որ Դավիթ Խաչատուրյանն իրեն այնքան էլ կոմֆորտ զոնայում չի զգում Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ում:
Խնդիրը նրանց ուղեկցող այն երկու անձինք էին, ովքեր կհամաձայնեին գալ ԱԺ, անիմաստ ելույթ ունենալ, ձևական հարցերի պատասխանել՝ շատ լավ իմանալով, որ 0 ձայն են հավաքելու: Հիմա, փաստորեն, այդ անձանց գտել են:
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ-ում կուղեկցեն փաստաբան Անահիտ Հակոբյանն ու Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը:
Իսկ Նաիրա Հովսեփյանին կընկերակցեն փաստաբան Կարեն Թումանյանն ու Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանը:
Իհարկե, ոչ թե օրինականության, այլ բարոյականության դաշտում քննարկվելիք հարց է, երբ մեկը կողմ է քվեարկում դատավորի լիազորությունների դադարեցմանը, որ հետո ինքը զբաղեցնի նրա տեղը, բայց այնուամենայնիվ, սա է իրականությունը:
Ինչևէ, իշխանությունը հերթական անգամ կընտրի իր շահերը սպասարկող դատավորների, իսկ դատական համակարգի անկասելի անկումը շարունակվում է: