Թվում է, թե խնդիրն առավելագույնս պարզ է. դրա մասին Ազգային ժողովի (ԱԺ) իրավաբանական ծառայությունն էլ է բացասական եզրակացություն տվել, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից էլ է դիրքորոշում արտահայտվել և անտեսվել ժողովրդավարություն բեմադրող քաղաքական ուժի կողմից: Ուրեմն ինչո՞ւ է ՍԴ-ն հետաձգում գործի քննությունը: Իրականում ՍԴ-ն անելանելի իրավիճակում է հայտնվել, ու հիմա պարզապես ժամանակ է ձգում՝ «երկնքից 3 խնձոր ընկավ» տրամաբանության մեջ հրաշքի սպասումով:
Սա ԲԴԽ-ի ամենևին էլ առաջին փորձը չէ Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրելու: Հուլիսի 3-ից հետո, երբ օրենքի կոպտագույն խախտումներով դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի 3 դատավորների լիազորությունները, սա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կազմը համալրելու կարծես թե 4-րդ փորձն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ դադարեցվել էին նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները:
«Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որ ԲԴԽ-ն մեզ խաբել է: Ամեն մեր միջնորդությունից հետո գնում էին խորհրդակցական սենյակ, վերադառնում, հրապարակում որոշումն ու բառացիորեն հայտարարում՝ պատճառաբանությունը կկարդաք դատական ակտում: Բայց ակտում այդ մասին որևէ տառ չկա»,- ասաց նախկին դատավորը: