Փաշինյանն «էներգետիկ անկախություն» է խոստանում, բայց չգիտի՝ ով է նոր ԱԷԿ-ը կառուցելու
«Առաջիկայում պիտի կողմնորոշվենք՝ ում հետ և ինչ ատոմակայան ենք կառուցելու»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով էներգետիկ ոլորտին:
Նա նշեց, որ որդեգրում են էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն, որն առավել քան իրատեսական է, բոլորովին վերջերս է դարձել իրատեսական՝ պայմանավորված վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման հանգամանքով։
Փաշինյանի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն արևային հստակ հսկայական ռեսուրս ունի, և իրենք այդ ռեսուրսը զարգացրել են։
«Առաջիկա 1 տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետև, ինչպես գիտեք, 2036թ. գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է, և ի դեպ, ատոմակայանի փակումը, որպես դե յուրե պարտավորություն, Հայաստանը ստանձնել է հեղափոխությունից առաջ՝ նախորդ իշխանության օրոք, 2017 թվականին։
Չնայած, պիտի ասեմ, որ զարգացող տեխնոլոգիաները հնարավոր է թույլ տան 2036-ից հետո ևս մեկ անգամ երկարացնել ՀԱԷԿ շահագործման ժամկետը, և մենք այս մասին քննարկումներ ենք վարում արդեն բավական ժամանակ հնարավոր գործընկերների հետ։
Նման որոշում, իհարկե, կկայացվի միայն միջազգային իրավասու կառույցների հետ սերտ գործակցությամբ և համաձայնությամբ։ Բայց հարկ համարեցի բարձրաձայնել, որ մենք այս թեմայի շուրջ արդեն բավականին երկար ժամանակ աշխատում ենք»,- ասաց նա:
Նրա խոսքով, էներգետիկան այն ոլորտն է, որտեղ զարգացումներն առավել քան դինամիկ են, և պետք է ուսումնասիրեն ՀՀ-ում էլեկտրական էներգիա արտադրելու բոլոր հնարավորությունները՝ սկսած գեոթերմալ տեխնոլոգիաներից, վերջացրած կանաչ ջրածնով:
Նա նշեց, որ ջրածնի արտադրությունը շատ երկրներում արդեն փորձարկվում և կիրառվում է, որպես բնական գազի այլընտրանք, որովհետև բնական գազի համաշխարհային պաշարներն ապագա որևէ մի կետում սպառվելու են։
«Ներկայացված ծրագրում մենք առանձնացրել ենք կառավարության 2026-2036թթ. գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներ։ Դրանք հետևյալն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում և հետագա զարգացում, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ճանապարհով»,- ասաց նա:

