2019թ. Փաշինյանի՝ Արցախում «դավադիր ուժերի» փնտրտուքից՝ մինչև Արցախի կորուստ և նախկին ղեկավարների կալանավորում Բաքվում. Ո՞ւմ դեմ եղավ դավադրություն

Բաքվում կալանքի տակ են պահվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, երկրի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Բաքուն նրանց մի քանի հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել:

Եվ այս համատեքստում, թերևս, տեղին է հիշել իշխանափոխությունից հետո Փաշինյանի՝ Արցախում դավադիրների փնտրտուքից մի քանի դրվագ:

Դրվագ առաջին

2019թ. փետրվարի 27-28-ին Իրան կատարած այցի ընթացքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

Կարդացեք նաև

«Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ:

Մենք որպես ժողովուրդ՝ այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է, և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողովրդի նկատմամբ»:

Դրվագ երկրորդ

2019թ. մայիսի 20-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ էլ Փաշինյանը հայտարարել էր. 

«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներն այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար: Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին՝ միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդին և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:

Իսկ 2019 թվականի հունիսի 5-ին Փաշինյանը «Ազատության» հարցին ի պատասխան՝ պարզաբանել էր՝ ովքեր են Արցախի հարցում դավադիր ուժերը, նա սլաքն ուղղել էր, ըստ էության, Արցախի այդ ժամանակվա գործող իշխանություններին՝ ասելով, որ թեև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տվել ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն, հետո փորձել են իրեն մեղադրել «հողեր հանձնելու մեջ»:

«Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր «պարի ընկերը», ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի իշխանություններին փոխանցել բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը: Նրանք տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ. 5 անգամ հարցրել եմ՝ «Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է բանակցվել», տեղյակ չեն եղել: Եվ էդքանից հետո, իրենք դրանից հետո գնում են իրենց օգնականների, սոցիալական ցանցերի… նույնիսկ անձամբ գրում են՝ «էս ապազգային իշխանությունը, հակաազգային իշխանությունը», հարց է ծագում՝ ինչի՞ համար են դա անում»,– նշել էր Փաշինյանը։

Հարցին, թե Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության հետ այս հարցը քննարկե՞լ է, և իր ձևակերպմամբ՝ «դավադիր ուժերի» վտանգը վերացա՞ծ է, Փաշինյանը պատասխանել էր. «Դա աշխատանքային հարց է, եկեք ես այդ թեմային չանդրադառնամ։ Վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն»:

Դրվագ երրորդ

2019 թվականի հուլիսին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նշած՝ դավադիր ուժերին և նրանց դեմ պայքարին, ասել էր.

«Ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս բացառենք որևիցե ուղղությամբ նման զարգացումներ: Այս պահին բանակը և անվտանգության ուժերն ամբողջովին պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք կատարելու: Կարծում եմ՝ այս պահին այդ սպառնալիքը նվազագույնի է հասցված»:

Հստակեցնող հարցին՝ ովքեր են այդ դավադիրները, Գրիգորյանն արձագանքել էր. «Այս պահին այն, ինչ հրապարակային ասվել է, ավելին ասել չեմ կարող»:

Իսկ Արմեն Գրիգորյանից առաջ՝ մայիսին, այդ ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել էր մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ դավադիր ուժերի մասին հայտարարությունը:

2019 թվականի մայիսին լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառել էր, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին դրանից առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

«Որպես Պաշտպանության նախարար, ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»,- ընդգծել էր Տոնոյանը:

Դրվագ չորրորդ. արցախյան արձագանքներ

2019 թվականի մայիսին այդ ժամանակ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, մասնավորապես, Factor.am-ին տված հարցազրույցում նշել էր.

«Մենք, առհասարակ, վտանգ ենք զգում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են հողեր հանձնել։ Կապ չունի՝ այդ մարդն ով է, Արցախո՞ւմ է, թե՞ Հայաստանում»:

Իսկ 2019 թվականի մայիսին այդ ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Ազատության» խնդրանքով մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իրավիճակը վերլուծելով՝ դրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց, և եթե կան այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն: Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր և կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողություններ»,– շեշտել էր նա:

2019 թվականի նոյեմբերի 10-ին էլ լրագրողների հետ զրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր հետևյալը.

«Ինչ վերաբերում է դավադիր ուժերին, այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական և դավադիր, այդ բոլորը դավադիր ուժեր են կամ գործիչներ»:

2020 թվականի մարտին Վիտալի Բալասանյանը 5TV-ի եթերում ասել էր, որ այդպես էլ չիմացան, թե ովքեր են Արցախում դավադիր ուժեր:

Իսկ 2020-ի հոկտեմբերի 9-ին՝ պատերազմի օրերին, Բալասանյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր. 

«Երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Արցախում կան հող ծախողներ, դավադիր պատերազմ հրահրողներ, ու հետո որևէ փաստ, որևէ ապացույց չբերեց, հենց այսօրվա համա՞ր էր հող նախապատրաստում։ Մենք մեր տղերքի արյան գնով, մեր ճերմակած մազերով՝ թուրքին սատկացնում ենք, կին-տղամարդ զինվոր են հիմա Արցախում, ջարդում ենք մեր օջախը մտած թուրքին, ու իրանց օֆիսներում նստած՝ մարդիկ դավաճաննե՞ր են ման գալիս։

Բարոյակա՞ն է, որ ես հիմա իմ երկիրը փրկելու, իմ հողից տարիներ շարունակ թշնամու մոտ գտնվող հատվածները հետ բերելու փոխարեն՝ գնամ դիրքեր ու սկսեմ հարցուփորձ անել, թե այդ դավաճանն ով է։ Հասկանո՞ւմ են, թե ինչ են հիմա քարոզում»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե՝ «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:

Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ:

Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն:

Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն:

Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում, և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»:

Ի դեպ, այն հատվածը, թե «տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում», Փաշինյանը հետո է ավելացրել:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ զինծառայողների շրջանում կեղծ, խուճապ առաջացնող լուրեր տարածողը սպա է՝ նշելով նրա անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն. Մ.։

Ի դեպ, Փաշինյանը 2020-ի սեպտեմբերին 21-ին, երբ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում ներկայացնում էր Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, «Պաշտպանված Հայաստան» խորագրի համատեքստում հայտարարել էր.

«Իմիջիայլոց, կարևոր է նաև տեղեկատվական պաշտպանությունը: Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է: Օրինակ, կարող է մեկը դրսից նպատակով ասի՝ գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը: Մեկը ինչ-որ տեղից, մի օտար երկրից, հավաստի աղբյուրից, և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան՝ ոնց, էդ ով, երբ: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակներից»:

Փաշինյանը նաև պատերազմից հետո շարունակեց դավաճանների և դավադիր ուժերի փնտրտուքը և շարունակում է նաև այսօր:

Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն Արցախը հանձնող են կարգել Արցախի դեռևս չլուծարված իշխանություններին և նախագահ Սամվել Շահրամանյանին, իսկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Բաքվի բանտում են, կարո՞ղ ենք մտածել, որ Փաշինյանի՝ Արցախում «դավադիրներ փնտրելու և արմատախիլ անելու» գործընթացն ավարտին է հասցված և վտանգներն արմատախիլ են արված: Իսկ գուցե դավադիր ուժերը հենց Արցախի նախկին ղեկավարների դե՞մ են աշխատել, և, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի ժամկետը պատահական չէր ընտրված, և ամեն ինչ հաշվարկված էր:

Ի վերջո, փաստը, որ այսօր թշնամու բանտերում են հայտնվել այն քաղաքական ու ռազմական գործիչները, որոնք գտնվում էին Փաշինյանի թիրախում՝ վկայում է այն մասին, որ նրանք ոչ «դավադիրներ» էին, ոչ էլ «օտարերկրյա գործակալներ» են, և, թերևս,  հենց նրանք էին, որ չէին ցանկանում «դավադրություններ թույլ տալ մեր պետականության նկատմամբ» և փորձում էին թույլ չտալ «որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»։

Ի դեպ, 2019-ի մայիսին, այնուհետև հունիսին Նիկոլ Փաշինյանն Արցախում դավադիր ուժեր էր փնտրում, մեղադրական սլաքներ ուղղում այդ ժամանակվա Արցախի իշխանություններին, իսկ արդեն օգոստոսին Ստեփանակերտի հրապարակում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», երբ դրանից ամիսներ առաջ՝ 2019-ի ապրիլին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը զգուշացնում էր. 

«Իրավիճակն արտաքինից, կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք։ Հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար, իհարկե, վճարում է։

Հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետև վերջիվերջո անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաև դե յուրե, և մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, և պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, և պետք է պատրաստվենք մարտական գործողությունների։ Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»:

Նշենք, որ Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել էր 2018-ի դեկտեմբերին: Իսկ գեներալի կանխատեսումը կատարվեց մոտ մեկ տարի հետո՝ 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց 44-օրյա պատերազմը, որը, ինչպես պատերազմի օրերին նշել էր Փաշինյանը, Արցախի կարգավիճակի համար էր:

Տեսանյութեր

Լրահոս