«Ալիևը գնալու է ռազմական ճանապարհով, նա շտապում է, փորձում է բլիցկրիգային քաղաքականություն վարել». Գառնիկ Դավթյան
Գրանադայի հանդիպումն արձանագրում էր, առաջինը՝ ՀՀ պետականության կորուստ, երկրորդը՝ Հայաստանի տարածքը վերածել թուրք-ադրբեջանական կամ այլ երկրների շուկայական հարաբերությունների տարածքի, երրորդ՝ հայտարարության ստորագրումն ինքնին Ադրբեջանին պատերազմ սկսելու քարտ-բլանշ է տալիս։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ խոսելով հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած հանդիպման մասին, որին հրաժարվել էր մասնակցել Ադրբեջանի նախագահը։
Մանրամասնելով, փորձագետն արձանագրեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախը սկուտեղի վրա նախորդ տարի հոկտեմբերի 6-ին Պրահայում մատուցվեց Ադրբեջանին, որից մեկ տարի հետո ականատես եղանք Արցախում տեղի ունեցած ողբերգությանը, ապա ակնհայտ է դառնում, որ Գրանադայում՝ հատկապես տարածքային ամբողջականության ճանաչումը թվերով, իրենից ենթադրում է «անկլավների» վերադարձ, փախստականների վերադարձ Հայաստան։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հերքումներին, թե Գրանադայում անկլավների հարց չի քննարկվել, «միջանցքի» հարցն էլ փակված է, Գառնիկ Դավթյանը հակադարձեց՝ երեք տարի է՝ իշխանությունը «հերքում» է։
«Բնականաբար, իշխանությունն այդ ամենն անում է իր լսարանի, փորձագիտակական և քաղաքագիտական դաշտի մասնագետներին հակադարձելու համար, սակայն դրանք անդամալույծ հայտարարություններ են»,- նկատեց Գառնիկ Դավթյանը։
Փորձագետն այն կարծիքին է, որ Ալիևը Գրանադայի հանդիպումից հրաժարվեց, քանի որ նրան Արցախի վերաբերյալ որևէ քննարկում այլևս հետաքրքիր չէ, որովհետև այդ հանդիպումն ուշացած էր ու ոչ արդիական։
«Ալիևին հիմա ամեն ինչ պարզ է, տեսնում է, որ տարբեր հատվածներում ռազմական ուժ կիրառելով՝ կարող է Նիկոլին ծնկած վիճակով պառկեցնել գետնին, դրա համար ուժ է կիրառում։ Եթե լինի ռազմական ագրեսիա, որի հավանականությունը բավականին մեծ է, Արևմուտքը մի քանի կոչ կանի, որից հետո հասարակությունն ու իշխանությունը կբավարարվեն ու կասեն, որ կոչ են անում։
Ալիևն այս բոլոր հաշվարկներն ունենալով՝ գնալու է ռազմական ճանապարհով, Ալիևը շտապում է և փորձում է բլիցկրիգային քաղաքականություն վարել։ Ալիևին բնավ պետք չէ ստորագրել այն առաջարկների տակ, որոնք ինքն ասել է, քանի որ տեսնում է, որ կարող է ավելին ստանալ, օրինակ, Սյունիքով «միջանցք», տարածքներ, որոնք Հայաստանին կզրկեն պետականությունից։
Ինչ վերաբերում է Գրանադայում ընդունված հայտարարությանը, որին Ադրբեջանի ղեկավարը չի մասնակցել, ապա դա վերջին խայտառակությունն էր, երևի կոմեդիայի ինչ-որ սցենար էր՝ ստորագրել են թուղթ, որի տակ Ադրբեջանի ստորագրությունը չկա, այն միայն մեզ է վնասում»,- շեշտեց Գ. Դավթյանը։
Խոսելով Արցախի նախկին նախագահների, նախկին պետնախարարի ու արտգործնախարարի, ինչպես նաև ՊԲ նախկին հրամանատարի ու տեղակալի՝ այս պահին ադրբեջանական գերության մեջ գտնվելու մասին, Գառնիկ Դավթյանը նկատեց.
«Սա ազգային խայտառակություն է՝ բախտի քմահաճույքին թողնել հաղթանակած ղեկավարներին։ Ունեմ նաև կասկածներ, որ անգամ եղել են տարբեր տեղեկատվական հոսքեր, որ Նիկոլն այդ մարդկանց չի ցանկանում տեսնել Հայաստանում, գիտենք նաև՝ ում կողմից է այդ հայտարարությունը եղել»,- ընդգծեց Գառնիկ Դավթյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում