«Նիկոլի՝ ջարդի դարաշրջանի պայմանագրի» շուրջ թելադրող կողմը միայն Ադրբեջանն է, հպատակեցվողը՝ Հայաստանն է. ադրբեջանագետ
Ադրբեջանը չի ընդունում խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքներն ամրագրելու՝ հայկական կողմի պահանջը. այս մասին երեկ հայտարարել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը, բայց սա դեռ ամենը չէ՝ նա պահանջել է առանց ստուգումների երթուղի, ապա շեշտել՝ ոչ մի քայլ չեն շարժվի 2021 և 2022 թվականներին գրաված դիրքերից:
Ի դեպ, այս ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից «խաղաղության» օրակարգերին հավատարմություն հայտնելու հաստատակամությունը դույզն-ինչ չի պակասել:
168.am-ի հետ զրույցում խոսելով Բաքվի բռնապետի ագրեսիայի հերթական չափաբաժնից՝ ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն արձանագրեց, որ Ադրբեջանը, ըստ իր պատկերացումների ու քաղաքականության, Հայաստանի հետ չի էլ ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել:
«Այդ հայտարարություններում ևս թաքնված են այդ մասին վկայող ակներև փաստեր, որոնք նույնիսկ կույրը կարող է տեսնել»,- նշեց նա՝ նկատելով, որ «խաղաղության պայմանագիրն առհասարակ համարում է «Նիկոլի՝ «ջարդի պայմանագիր»»:
Ադրբեջանագետն ուշադրություն հրավիրեց «անկլավների հարցի» մասին Ալիևի շեշտադրումներին.
«Նա խոսեց անկլավների վերադարձի մասին՝ նկատելով, որ դրանք ոչ թե պետք է լինեն քննարկման սեղանի շուրջ, այլ ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ ապրելու, և, որ քարտեզները ոչ թե պետք է լինեն 1970-ական թվականների, այլ՝ դրանից առաջ: Ի դեպ, նշվեց նաև, որ 70-ականների քարտեզներով հետաքրքրված են նաև այլ պետություններ, ոչ միայն Հայաստանը:
Այստեղ ակնհայտ է, որ «Նիկոլի՝ ջարդի դարաշրջանի պայմանագրի» շուրջ թելադրող կողմը միայն Ադրբեջանն է, հպատակեցվողը՝ Հայաստանն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Եվ սպասել, որ «խաղաղության պայմանագիր» կլինի, ու բոլորս հանգիստ կապրենք, չի՛ լինելու:
Ալիևը երեկ նշեց, որ եթե իրենք նկատեն ՀՀ կողմից որևէ սպառնալիք, ապա իրենք կանխարգելիչ մեթոդի կդիմեն ու կոչնչացնեն այդ վտանգները: Սա ենթադրում է, որ Ալիևը ցանկացած պահի կարող է հարձակվել Հայաստանի վրա՝ առանց որևէ մեկի հետ հաշվի նստելու»:
Գառնիկ Դավթյանը վստահեցնում է՝ այդ պայմանագիրն ունի այլընտրանք։ Նա համոզված է՝ «հայկական բազուկը» դեռևս ներուժ ունի, իսկ պետությունը թույլ ներկայացնելը, զինվորականության մեջ հուսալքության սերմանումը դիտավորությամբ է արվում:
«Եթե փորձենք անընդհատ տեղի տալ Նիկոլ Փաշինյանի անմիտ հայտարարություններին՝ կապված խաղաղության պայմանագրի հետ, ապա պետք է դառնանք թուրքի հարճ, Ադրբեջանի ստրուկ:
Ես չեմ հավատում, թե հնարավոր չէ որևէ բան անել. միակ բանը որ պետք է արվի, այս թուրք-ադրբեջանական ուժերին սպասարկող քաղաքական ուժին՝ «Քեմալական պայմանագրին»-«Քաղաքացիական պայմանագրին», վռնդելն է ՀՀ իշխանությունից»,- հավելեց նա՝ նկատելով, որ միայն այդ դեպքում շանս կտրվի մեր պետությանը:
Ի դեպ, մասնագետը տեղեկացրեց, որ խաղաղության մասին պատկերացումներն ադրբեջանական հանրային տիրույթում չեն տարբերվում իրենց պետության որդեգրած գծից, այն է՝ նվաճողական ցանկություններ, և այս համատեքստում՝ Հայաստանին ու հայ ժողովրդին ծաղրուծանակի ենթարկելու, մեր ազգի հանդեպ գեներացվող ատելության տարբեր դրվագներ:
«Իրենք խաղաղության օրակարգը մեկնաբանում են՝ ոչ թե իբրև խաղաղություն, այլ՝ Ադրբեջանի պահանջների աներկբա կատարում, և այդ պայմանագիրը, որպես այդպիսին, ադրբեջանական հանրային խոսույթում չի քննարկվում»,- ամփոփեց ադրբեջանագետը: