![](/banners/BeFunky-design.jpg)
Տարածաշրջանում ուժերի բալանսը խախտվել է, ինչը մարտահրավեր է նաև Իրանի անվտանգության համար. Վարդան Ոսկանյանը՝ Իրանի կարմիր գծերի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/Vardan-Voskanyan-4.jpg)
Տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին Իրանի պաշտոնական շրջանակները ՀՀ ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումների ժամանակ առիթ ունեցան ևս մեկ անգամ բարձրաձայել իրենց կարմիր գծերի, տարածաշրջանային հարցերում իրենց դերակատարման հնարավորությունների մասին:
Եթե տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին Իրանի որդեգրած դիրքորոշումը վերջին երեք տարիների ընթացքում պարբերաբար բարձրաձայնվել էր, ապա «տարածաշրջանում լարվածության թուլացման հարցում» կոնկրետ գործողություններով մասնակից դառնալու հայտը հանրայնացվեց օրերս:
Իրանի ԶՈւ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել էր՝ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման:
168.am-ը իրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեց՝ հայտարարություններից զատ՝ ի՞նչ պետք է սպասել Իրանից:
Վարդան Ոսկանյանը մասնավորապես նշեց. «Իրանական կողմում, ընդ որում, իշխանության բոլոր մակարդակներում անխտիր՝ սկսած հոգևոր առաջնորդի գրասենյակից, Իրանի նախագահի աշխատակազմից, և վերջացած տարբեր նախարարություններով, ինչպես նաև՝ փորձագիտական շրջանակներում իշխում է մի կարևոր տրամադրություն՝ տարածաշրջանում ուժերի բալանսը խախտվել է, և թուրք-ադրբեջանական դաշինքը, ըստ էության, ստացել է գերակայություն, ինչը մարտահրավեր է նաև Իրանի անվտանգության համար: Հետևաբար, այս համատեքստում իրանական կողմի դիրքորոշումները շատ հստակ են:
Այս պահի դրությամբ Իրանի կարմիր գծերը կարելի է բնութագրել հետևյալ կետերով. առաջինը՝ որևէ պարագայում ՀՀ ինքնիշխան տարածքով հայկական սուվերենությունից դուրս որևէ ճանապարհ՝ «միջանցք», որն իրանցիները կոչում են թուրանական միջանցք, չի կարող գործել: Իրանցիներն այս հարցում ունեն շատ կտրուկ դիրքորոշում՝ ընդհուպ, մինչև այն, որ եթե թուրք-ադրբեջանական կողմը ռազմական ագրեսիայի դիմի, ապա Իրանը ռազմական իմաստով էլ կմիջամտի գործընթացներին:
Նաև տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն թույլ տալն է իրանական կողմի համար կարմիր գիծ. այսինքն՝ հիմնականում ՀՀ Սյունիքի մարզը նկատի ունի իրանական կողմը, երբ խոսում է տարածքային ամբողջականության հանգամանքի մասին:
Մյուսը՝ իրանական կողմը համարում է, որ պետք է անպայմանորեն ներգրավվածություն ունենա Հարավային Կովկասի ճակատագրի հարցում: Այստեղ հաշվի է առնվում հանգամանքը, որ կրկին խախտվել է ուժերի բալանսը, քանի որ այս տարածաշրջանն ավանդաբար գտնվում էր ՌԴ աշխարհաքաղաքական շահերի ազդեցության գոտում, իսկ այժմ այստեղ պատերազմի միջոցով խցկվել է Թուրքիան»:
Իրանագետը շեշտեց՝ Իրանի քաղաքականությունն այսօր կառուցվում է հենց այս առանցքների շուրջ, ապա հավելեց, որ Իրանում բազմաթիվ փորձագետներ փակ քննարկումներում առաջ են մղում միտքը, որ Իրանը պետք է աջակցեր նաև Արցախի Հանրապետությանը:
«Արցախի Հանրապետության անկումը, ըստ էության, նոր վտանգներ է ստեղծել նաև Իրանի համար: Սա չի բարձրաձայնվի պաշտոնական մակարդակում, նաև՝ շատ դեպքերում փորձագիտական բաց քննարկումներում, բայց այս մտայնությունն այժմ իշխող է դառնում, որովհետև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հաջողությունները որոշակիորեն ոգևորել են նաև Իրան նկատմամբ տարածքային նկրտումներ ունեցող զանազան լուսանցքային, ծայրահեղական խմբերի»,- մանրամասնեց նա:
Վարդան Ոսկանյանը նկատեց նաև՝ Իրանում գերիշխող է կարծիքը, որ Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված հայությունը պետք է ստանա աջակցություն, պետք է շարունակի մնալ՝ որպես իր հայրենիք վերադառնալու երազանքի կրող հանրություն: Ըստ իրանագետի՝ հենց այս համատեքստում են իրանցիները մարդասիրական օժանդակությանը զուգահեռ՝ նաև նշում, որ ՀՀ-ում բնակվող արցախցիները, այսուհանդերձ, պետք է անվտանգ ապրելու հնարավորություն ստանան իրենց հայրենիքում: