Ով է հանձնել Արցախը, երբ և ինչ փաստաթղթով
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, որում, մասնավորապես, նշվում է՝ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։
2020 թվականի 44-օրյա պատերազմում երկիրը և բանակը պարտության տարած, Արցախի տարածքների կորուստն «ապահոված» կամ առնվազն չկանխած Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն Արցախի իշխանություններին մեղադրում են Արցախը հանձնելու և կապիտուլյացիայի գնալու համար: Ավելին, մասնավորապես, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է.
«2020 թվականի նոյեմբերին Հայաստանը կապիտուլյացիա չի ստորագրել, այլ 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը պատերազմի դադարեցման մասին թուղթ է ստորագրել՝ ՀՀ-ի համար վատ պայմաններով: Կապիտուլյացիան դուք եք ստորագրել»:
Թեև այս 3 տարվա ընթացքում բազմիցս անդրադարձել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության կապիտուլյացիոն բնույթին, այդուհանդերձ, հերթական անգամ մի քանի դրվագ հիշեցնենք:
Դրվագ առաջին
Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ժողովրդին իր ուղերձում հայտարարել էր, որ եռակողմ հայտարարությունը կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է:
«Կարող ենք ասել, որ մենք ստորագրել ենք մեզ համար առավելագույն շահավետ փաստաթուղթ, որը ստորագրել է Փաշինյանը: Սա փաստացի Հայաստանի ռազմական կապիտուլյացիա է»,- ասել էր Ալիևը՝ հավելելով, որ ռազմական փուլն ավարտված է, թևակոխում են քաղաքական կարգավորման փուլ:
168.am-ը մեկ անգամ չէ ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի խմբագրումները, որոնք Ադրբեջանի կողմի դոմինանտությունն են ավելացրել և տվել քաղաքական և դիվանագիտական մանևրելու հնարավորություն, որոնց մինչ օրս հղում էր տալիս Ադրբեջանը՝ լեգիտիմացնելով իր ագրեսիվ ռազմական գործողությունները:
Դրվագ երկրորդ
44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության մեջ, որը, այո՛, հրադադարի հայտարարություն էր, Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ ամրագրվեց Աղդամի՝ Ակնայի, և Քելբաջարի՝ Քարվաճառի շրջանների անկրակոց վերադարձն Ադրբեջանին:
2021 թվականի օգոստոսին Ալիևը անկրակոց հանձնված Քարվաճառի շրջան այցի ընթացքում հայտարարել էր, որ՝ Հայաստանը ստորագրելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին ակտը, իր վրա պարտականություն էր վերցրել Ադրբեջանին հանձնել Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջանները: Ադրբեջանի ղեկավարն այլ առիթով նշել էր, որ Քարվաճառի հետ ստանալը ռազմավարական նշանակություն ուներ իրենց համար, և բազմաթիվ վտանգներ Հայաստանի համար, մասնավորապես, ռազմական առումով:
Նշենք, որ Քարվաճառում ոչ մի սանտիմետր հայկական կողմը 44-օրյա պատերազմի ընթացքում չի կորցրել: Հավելենք, որ 2020 թվականի նոյեմբերի 29-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում մի փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, որ այն 2020-ի պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու համար առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն էր, ինչը Փաշինյանը մերժել էր։
Հրապարակված այս աշխատանքային փաստաթղթում ոչ մի խոսք չկար Քաշաթաղի (Լաչինի) և Քարվաճառի (Քելբաջարի) շրջանների հանձնման մասին, ինչպես նաև՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության մասին, ինչն ամրագրված է 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության մեջ: Միքայել Մինասյանի հրապարակված փաստաթղթում, սակայն, նշված էր Շուշիի հանձնման մասին՝ մինչև նոյեմբերի 10-ը, ինչպես նաև Աղդամի՝ մինչև նոյեմբերի 5-ը:
Դրվագ երրորդ
Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրելով՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր նաև ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի պահանջին՝ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Ավելին, այս եռակողմ հայտարարությունն է հիմք ընդունում Ադրբեջանը և պահանջում ՀՀ-ից «Զանգեզուրի միջանցք», որքան էլ ՀՀ իշխանությունները պնդեն, որ միջանցքի մասին նոյեմբերի 9-10-ի հայտարարության մեջ ուղղակի ձևակերպում չկա:
Այս շարքը կարելի է շարունակել, բայց մի՞թե այսքանն էլ բավարար չէ ասելու, որ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հրադադարի հայտարարության անվան կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է ստորագրել: Դեռ չենք խոսում այն մասին, որ Փաշինյանը Սյունիքից զորքի հետքաշման հրաման տալով՝ ինքն է խախտել այդ հայտարարության առաջին կետը դրա հաստատումից շատ չանցած, որը հստակ սահմանում է՝ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
Դեռ չենք խոսում նաև 44-օրյա պատերազմից հետո Արցախի գյուղերի հանձնման և ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քկմ-ի օկուպացիայի մասին:
Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում կետ է եղել նաև Տավուշի մասին, որը հետո հանվել է ռազմական ղեկավարության պահանջի արդյունքում, ըստ էության: Սակայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության կնքվելիք պայմանագրում Տավուշի գյուղերի հանձնման հարցն ամրագրվելու է: Սա չի բացառել ինքը՝ Փաշինյանը, դեռ մայիսին՝ Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Այսինքն, մեզ սպասվում է կապիտուլյացիայի մասին հերթական փաստաթուղթը, այս անգամ՝ ՀՀ-ին վերաբերող:
Դրվագ չորրորդ
2020-ի հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ՝ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա», և, որ եթե որևէ բանի համաձայնել են, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին:
Այսինքն, եթե մի պահ ընդունենք, որ Արցախի գործող իշխանությունները համաձայնելով հրադադարի ադրբեջանական պահանջին, նաև կապիտուլյացիայի են գնացել, ապա պետք է հստակ արձանագրել՝ Նիկոլ Փաշինյանը 2020-ին ստորագրել է կապիտուլյացիայի մասին հայտարարություն, որը բարենպաստ պայմաններ է ստեղծել հետագայում Արցախի ամբողջական կապիտուլյացիայի համար:
Ավելին, 168.am-ը գրել էր՝ Արցախն անվտանգության երաշխավոր չուներ արդեն 2020 թվականի փետրվարին Մյունխենում, և որ հենց այնտեղ գծվեց, ըստ էության, Արցախի վերաբերյալ Փաշինյանի միկրոհեղափոխական տեսլականը՝ չկան տարածքներ, կա անվտանգություն, որին համաձայնեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երկրորդելով Արցախի կարգավիճակի հարցը և առաջնահերթ համարելով անվտանգությունը: Թե ինչպես է հնարավոր առանց կարգավիճակի հարցի լուծման անվտանգության ապահովում, մենք դա տեսանք 44-օրյայի օրերին, դրանից հետո և վերջին օրերին:
Այսինքն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ ստորագրել էր Նիկոլ Փաշինյանը, միայն անունով էր հրադադարի մասին, իսկ բնույթով՝ ոչ: Զինադադարի համաձայնագիր էր 1994-ին կնքվածը, որի տակ ստորագրել էր նաև ղարաբաղյան կողմը: Այլ հարց է, թե որքանով էր ճիշտ դրանում որոշ կետերի չներառումը: Սա առանձին քննարկման թեմա է, թողնենք մասնագետներին: Փոխարենը հիշեցնենք, որ 2016-ի Ապրիլյան պատերազմը կանգնեցվել էր ադրբեջանական կողմի խնդրանքով և ՌԴ միջնորդությամբ, իսկ հայկական կողմն ավելորդ արկածախնդրություն չէր դրսևորել: Իսկ դրան հաջորդեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները, որը Փաշինյանի իշխանությունը մի կողմ դրեց:
Իսկ հիմա մեզ սպասվում է հերթական կապիտուլյացիան, որովհետև հանրությունը թույլ չտվեց նախորդ իշխանություններին բանակցությունների միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը, թեկուզ՝ 30 տարի անց: