Ռազմական փաստեր՝ հատուկ հանձնարարություններով իրավաբան դեսպանի համար
«Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև Ապրիլյան պատերազմին: Նա, մասնավորապես, կասկածի տակ է դրել Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Յուրի Խաչատուրովի պնդումը, թե Ադրբեջանն ինքն է 2016-ի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։
«Քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը շատ կարևոր ռազմավարական դիրքեր գրավեց և հետևաբար՝ չէր կարող խնդրողը լինել, որ կռիվը կանգնեցվի: Պաշտոնական տեղեկություն կա՞, որ Բաքուն պնդել է Մոսկվային, որ կռիվը կանգնեցնեն: Տեղեկություններ կան, որ ասել են՝ տարածքները խաղաղ կտան… Թող ապացուցեն, որ Ալիևն է խնդրել ապրիլյան պատերազմը կանգնեցնել: Ես շատ ուրախ կլինեի, որ իրենք խնդրած լինեին, բայց փաստերը ոնց որ հակառակն են խոսում: Ես ուզում եմ, որ մենք չշարունակենք մեզ խաբել, Խաչատուրովը թող գա ասի, որ՝ ես Մոսկվայում էի, և ադրբեջանցիները աղաչում էին, որ կռիվը կանգներ… Ապրիլյան պատերազմի ժամանակ Ալիևի բանակը 4 օրվա ընթացքում հաջողություններ է ունեցել, հաջողություն ունեցող կո՞ղմն է խնդրում դադարեցնել պատերազմը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Էդմոն Մարուքյանը:
Հերթականությամբ անդրադառնանք նախկին ընդդիմադիր պատգամավորի, այժմ՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Է. Մարուքյանի մտքերին.
1. «Ադրբեջանը շատ կարևոր ռազմավարական դիրքեր գրավեց»,- ասել է Մարուքյանը:
Նախ՝ անկարևոր դիրքեր չկան, բայց դրանց կարևորության և ռազմավարական աստիճանը մասնագետների որոշելու հարցն է: Իսկ Էդմոն Մարուքյանը հաղորդման մեջ մի քանի անգամ շեշտեց, որ ինքը իրավաբան է, և ոչ թե ռազմական ոլորտի մասնագետ: Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով նշել է, որ Յուրի Խաչատուրովի հետ քննարկել են կորցրածը հետ բերելու և հակահարձակման հնարավորությունը և եկել են այն եզրահանգման, որ դրա հետևանքով մոտ 8 տասնյակ զոհ էինք ունենալու: Այս դեպքում գերակա է համարվել զինվորի կյանքը: Նշենք, որ չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա:
2. «4 օրվա ընթացքում հաջողություններ է ունեցել, հաջողություն ունեցող կո՞ղմն է խնդրում դադարեցնել պատերազմը, Ադրբեջանը չէր կարող խնդրողը լիներ, որ կռիվը կանգնեցվի»,- շարունակել է Է. Մարուքյանը:
168.am-ը մեկ անգամ չէ, որ փաստերով անդրադարձել է Ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմի հաջողությունների աստիճանին, և թե որքանով նրան կարելի է համարել հաղթած: Էդմոն Մարուքյանը իրավաբան է, ամեն դեպքում, ռազմական օպերացիաներից որոշակի փաստեր կներկայացնենք:
2016-ի ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքից (թռիչքային քարտեզներ, օդաչուի պլանշետ, գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգ, ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետր, УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան, АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց, САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով, սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս, 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր, օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով) պարզ է դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:
Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ: Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:
Պաշտպանության նախարարությունում ռազմական փորձագետներին և լրագրողներին նույնիսկ ասել էին, որ հարձակողական օպերացիայի հրաման Ադրբեջանի ԶՈՒ-ն ստացել է դեռ 10 օր առաջ:
«Oդաչուների կողմից կիրառվող քարտեզը գաղտնիացված է, ինչը հետազոտելիս երևում է, որ օդաչուն թռիչքից առնվազն 1-2 օր առաջ ստացել է մարտական թռիչքներ իրականացնելու հանձնարարականներ, ինչն իր հերթին՝ հուշում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից նման հրաման իջեցվել է 10 օր առաջ: Ինչևէ, մարտական քարտեզում նշված են հավանական հակառակորդի առաջնագիծը, ԼՂՀ տարածքում 9 նշանակետ՝ խորությունն առաջնագծից 3 կմ-ից մինչև 10 կմ:
Ամենահեռահար կետը Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասն է: Որպես օդաչու՝ կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր հերթականությամբ` օրվա խնդրի կատարումից ելնելով:
Քարտեզը պատրաստված է մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին, որում նշված է Լյալյա-Իլյագի լեռան բարձունքը, որը գտնվում է ԼՂՀ տարածքում, դրա վրա նշված է ավիանշանառուի դիրքը և այդտեղից բանակային ավիացիայի կիրառման տարբերակները:
Հակառակորդը բանակային ավիացիային հրահանգել է պատրաստ լինել ամսի 1-2-ի գիշերը` բանակային ավիացիայի կիրառմամբ իրականացնելու հարձակողական գործողություններ` ԼՂՀ հարավ-արևելյան մասով:
Ցանկացած ռազմական մասնագետ սա կընդունի որպես իրողություն և կհասկանա, որ տվյալ կողմն իրականացրել է նախնական գործողությունների մշակում, օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների տեսակետով նախորոշում և նշանակետերի կոնկրետ ցուցում: Տվյալ խնդիրը կատարելիս հակառակորդի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ: Ունենք «սև արկղի» բացվածք, որի կտրվածքով կարող ենք ասել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ցամաքային զորքերի դեմ կիրառվող միջոցներ, նա չի կիրառել դրանք, այլ կիրառել է միայն թնդանոթ, որի հեռահարությունը մինչև 1 կմ խորությամբ է:
Ընդ որում, կիրառելուց ձգանը պահած է եղել մոտավորապես 2 րոպե և այդ վիճակում էլ խոցվել է մեր տղաների կողմից»,- 2016-ին այս օրերին ռազմական լրագրողներին մանրամասնել էր ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, որն այսօր անցնում է հրթիռների հայտնի գործով և գտնվում է կալանքի տակ:
Մարտական գործողությունները բավականին թեժ են եղել ռազմաճակատի վերածված սահմանագծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Մասնագետների գնահատմամբ, հակառակորդը մտադրված էր հրադադարի գծի հյուսիսային և հարավային ուղղություններում ակտիվ մարտական գործողությունների արդյունքում տարրալուծել կենտրոնական պաշտպանական ուղղության ռազմական ուժերը, ինչը նրան չի հաջողվել:
Կարևոր գործողություններ են տեղի ունեցել նաև Ակնայի (Աղդամի) ուղղությամբ: Կենտրոնական հատվածում կուտակված թշնամական զորախումբը, որն ըստ մարտական պլանի` պետք է աշխատեր մարտական գործողությունների միայն երկրորդ օրվանից հետո, բավականին մեծ վտանգ է ներկայացրել:
Ըստ էության, հակառակորդը առաջնային խնդիր է ունեցել՝ հասնել դիրքային առավելության, իր հիմնական ուժերով անցնել պաշտպանության բնագիծը և գրավել Ակնան և ոչ միայն, որի հաջող իրականացումից հետո արդեն հակառակորդը կարող էր զարգացնել հարձակում Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:
Սա տեղի չի ունեցել, հակառակորդին չի հաջողվել գրավել Ակնան, ինչպեսև Թալիշը, Ֆիզուլին, Մատաղիսը, Սեյսուլանը և այլն:
«Թարթառի գործով» անցնող և կտտանքների ենթարկված կապիտան Էլմար Ալլահվերդիևը պատմել էր, որ 2016թ․ Ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը Իլհամ Ալիևին զեկուցել է, թե «Սեյսուլան և Թալիշ գյուղերը «ազատագրված են», մինչդեռ իրականում դրանք հայկական վերահսկողության տակ են եղել և չեն վերցվել»:
«2017թ․ մայիսի դեպքերը («Թարթառի դեպքերը») հիմնականում կապ ունեին Ադրբեջանի նախագահին կեղծ տեղեկություններ տրամադրելու հետ, թե կատարվել է զանգվածային դավաճանություն, ինչի արդյունքում հակառակորդը հակագրոհ է իրականացրել և իր հսկողությանը վերադարձրել իբր ազատագրված Սեյսուլան և Թալիշ գյուղերը»,- ընդգծել էր Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումներից մեկի հետախուզական բաժինը ղեկավարած Ալլահվերդիևը՝ շարունակելով, որ Սեյսուլանի ուղղությամբ իրենք առանց աջակցության են մնացել:
Նրա խոսքով, «այստեղ հակառակորդի տարածք ներթափանցման խորությունը 400 մետր էր, և ոչ ինչպես Թալիշում՝ 7-8 կմ, դրա համար հաջողվել է իրեն հանել անձնակազմին»:
Ադրբեջանը 2016-ին գործի էր դրել տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ «Սմերչ», «Կասիրգա», «Ուրագան», «Գրադլար», «ТОС-1А» («Սոլցեպյոկ»), իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, МИ-24G հարվածային ուղղաթիռներ և այլն:
Ադրբեջանը գործողության մեջ էր դրել նաև իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները: Ռազմական ապացույցների առումով, թերևս, սահմանափակվենք այսքանով, եզրահանգումները թողնելով Էդմոն Մարուքյանին:
3. Էդմոն Մարուքյանը, որը նեղվում է, երբ Փաշինյանի իշխանության օրոք ավելի շատ հավատում են ադրբեջանական կողմի ասածներին, պնդում է, թե չկա պաշտոնական որևէ ապացույց, որ Ալիևն է խնդրել հրադադար: Նախ՝ Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը պետություն էին ներկայացնում, ըստ այդմ՝ սա պաշտոնական տեղեկություն է, երկրորդ՝ նրանց հայտարարությունը Կրեմլից չեն հերքել, ինչպես դա մի քանի անգամ արվել է Փաշինյանի դեպքում, երրորդ՝ դեռ ապրիլի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ էր անում դադարեցնել պատերազմը և հայտնում իր պատրաստակամությունը:
«Ելնելով խաղաղասիրությունից և հիմք ընդունելով միջազգային հանրության կոչերը, Ադրբեջանը որոշում է կայացրել միակողմանի դադարեցնել պատասխան ռազմական օպերացիաները: Իհարկե, փորձելու է ամրացնել գրաված տարածքները»,- նշվում էր Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Սա այն է, ինչ ասում էին Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը:
Ի դեպ, իշխանությունները պնդում էին, թե իբր Յուրի Խաչատուրովը Մոսկվայում բանավոր պայմանավորվածություններ է ունեցել Արցախի հարցի համատեքստում, ինչը, սակայն, այդպես էլ չկարողացան ապացուցել:
2020թ. «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ապրիլյան պատերազմի մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմ էր պատրաստել: Հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Յուրի Խաչատուրովի հետ զրույցից հատված էր ներկայացրել, որը դուրս էր մնացել ֆիլմից: «Դնում եմ հատուկ այն լիբերաստների համար, ովքեր տարիներ շարունակ չեն դադարում ցեխ շպրտել գեներալի ուղղությամբ: …Ֆիլմից դուրս մնացած հատվածներ էլի կան, բայց առայժմ այս հատվածը ներկայացնում եմ, որ երևա թե ինչ կեղտոտ քարոզչություն են տարել բանակի, գեներալիտետի և ընդհանրապես՝ երեսուն տարեկան երիտասարդ պետության հանդեպ և ինչպես քանդեցին ամեն ինչ, որ անգլոսաքսոնական դարավոր երազանքը՝ մեծ թուրանական պետության կայացումը, իրականություն դարձնեն»,- գրել էր նա:
4. Քանի որ իրավաբան Էդմոն Մարուքյանը ապացույցներից էր պարբերաբար խոսում, թերևս, հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ «2016 Ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից»: Ապրիլյան հանձնաժողով նրան, իհարկե, նպատակահարմար չհամարեցին կանչել, ամեն դեպքում, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը ինչի հիման վրա էր նման եզրահանգման եկել՝ «ռադիոպերեխվատո՞վ» էր պատերազմից 2 օր առաջ իմացել, թե՞ միայն այն փաստը, որ ՌԴ-ն զինել է Ադրբեջանին, բավարար հիմք է համարվել նման պնդում անելու: Իսկ գուցե սա էլ զուտ քաղաքական հայտարարություն էր, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հակառուսական քաղաքական պահանջներ էր առաջ քաշում:
Ի դեպ, Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի առթիվ իր հայտարարության մեջ այդ ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ըստ էության, հաստատել էր վերևում մեր բերած փաստերը՝ կապված Ադրբեջանի հաղթել-չհաղթելու հետ:
«2016թ․-ի այս օրը Ադրբեջանը ռազմաճակատի ողջ երկայնքով անցավ լայնածավալ հարձակման՝ փորձելով ճեղքել պաշտպանական գիծն ու ներխուժել Արցախի տարածք։ Դա, ըստ էության, բլից-կրիգի փորձ էր, այսինքն՝ Ադրբեջանը կայծակնային և անսպասելի հարձակմամբ փորձում էր մեկ գիշերվա ընթացքում շոշափելի արդյունքներ արձանագրել և զենքի ուժով լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Փորձն այս, իհարկե, անմիջապես վիժեցվեց, քանի որ հայկական բանակի զինվորներն ու սպաները, ռազմաքաղաքական հրամատարությունը ոչ միայն կանգնեցրեցին ադրբեջանական հարձակումը, այլ նաև ետ մղեցին ագրեսորին՝ ստիպելով նահանջել և առերեսվել Պաշտպանական բանակի ցավոտ հարվածների հետ։
Ապրիլյան պատերազմը Հայաստանի նորագույն պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է, քանի որ դրա կրակներում դրսևորվեցին մեր զինվորների և սպաների հերոսությունն ու անձնուրացությունը, հանրության հասունությունն ու համախմբվածությունը։ Այսինքն, այդ ծանր օրերին մենք կարողացանք ցուցադրել մեր լավագույն որակները, ինչի շնորհիվ էլ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները հավասարվեցին հողին»,- հայտարարել էր նա:
Ինչպես ասում են՝ факты на лицо, պարզապես պետք է փնտրել և գտնել ընդդիմադիր Էդմոն Մարուքյանին…