Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը Հայաստանի տնտեսության մեջ

Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը նախատեսված ժամկետում այդպես էլ տեղի չունեցավ։ Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք անհամբեր սպասում են սահմանի բացմանը, Թուրքիան չի շտապում բացել սահմանը նաև երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետների համար։ Եվ ինչո՞ւ պիտի շտապի, եթե առանց սահմանը բացելու էլ իր ուզածն անում է՝ արագորեն ընդլայնում է ազդեցությունը Հայաստանի տնտեսության մեջ։

Թուրքիայից ռեկորդային քանակությամբ ապրանքներ են մտնում Հայաստան։

Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, թուրքական ապրանքների ներմուծման պատմական ռեկորդ է գրանցվել՝ այն էլ փակ սահմանների պայմաններում։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին յոթ ամիսներին այդ երկրից ներմուծումը հասել է գրեթե 183 մլն դոլարի։

Կարդացեք նաև

Յոթ ամսվա կտրվածքով, նախկինում երբևէ նման ծավալի ներուծումներ չէին իրականացվել Թուրքիայից։ Այս տարի գերազանցվել են նախկին բոլոր ռեկորդները։

Ամեն ամիս Թուրքիայից առնվազն 20-30 մլն դոլարի ապրանքներ են մտնում Հայաստան։ Այնինչ՝ դրա դիմաց արտահանումներ, ինչպես միշտ, գրեթե չկան։

Անցած տարի մի պահ, իհարկե, պաշտոնական վիճակագրությունը Հայաստանից-Թուրքիա արտահանումների ակտիվացում արձանագրեց, բայց հետո պարզվեց, որ դա էլ ֆիկցիա է։ Արտահանումն ավելացել էր գերազանցապես չմշակված ոսկու հաշվին, որն ըստ էության Թուրքիայի միջոցով տեղափոխվում էր այլ երկրներ։

Այս տարի դա էլ չկա։

Հայաստանից Թուրքիա արտահանումը յոթ ամսում կազմել է ընդամենը 3,5 մլն դոլար։

Նախորդ տարվա համեմատ կրճատվել է 13,7 անգամով։ Կրճատվել է, որովհետև ոսկու արտահանումը դադարել է, ինչի հետևանքով դադարել է նաև այն ժամանակավոր աճը, որը տեսանք անցած տարի՝ Հայաստանից Թուրքիա արտահանումների կառուցվածքում։

Մինչ Թուրքիան շարունակում է փակ մնալ Հայաստանի տնտեսության համար, թուրքական ապրանքներն արագորեն կլանում են հայաստանյան շուկան։

Նախորդ տարվա առաջին յոթ ամիսներին Թուրքիայից Հայաստան էր մտել 119 մլն դոլարի ապրանք։ Այս տարի արդեն հասել է 183 միլիոնի։ Մեկ տարում ավելացել է գրեթե 54 տոկոսով։

Մինչդեռ արտահանումը Հայաստանից Թուրքիա կրճատվել է 1370 տոկոսով։

Ակնհայտ է, թե առևտրային ինչ հարաբերությունների մեջ են գտնվում Հայաստանն ու Թուրքիան։

Թուրքական ներմուծումներն առնվազն 52 անգամով գերազանցել են Հայաստանից արտահանումներին։

Այսքանից հետո էլ ինչո՞ւ պիտի Թուրքիան շահագրգռված լինի Հայաստանի հետ սահմանը բացելով, եթե առանց դրա էլ կարողանում է հանգիստ տեղավորվել մեր տնտեսության մեջ, ընդլայնվել ու նոր տարածքներ զբաղեցնել՝ դուրս մղելով նաև տեղական արտադրողին։ Իսկ Հայաստանի իշխանությունները հույս ունեն, թե Թուրքիան սահմանը կբացի ու հնարավորություն կստեղծի, որպեսզի Հայաստանի տնտեսությունն օգուտներ ստանա։

Ի՞նչ օգուտների մասին է խոսքը, երբ Հայաստանը գրեթե բան չունի առաջարկելու թուրքական շուկային։

Ու երբ հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարներից Հայաստանի իշխանությունները ցնցումների մեջ են ընկնում, պարզապես պետք է հարցնել՝ ի՞նչ եք պատրաստվում առաջարկել թուրքական շուկային։

Առաջարկելու գրեթե ոչինչ չկա, որովհետև նախ՝ արտահանվող հայկական ապրանքների տեսականին է շատ սահմանափակ, և երկրորդ՝ դրանք մրցունակ չեն թուրքական շուկայում։

Մրցունակ չեն լինի նույնիսկ այն պարագայում, երբ հանվեն բոլոր սահմանափակումները, որոնք կան մաքսատուրքերի տեսքով։ Չնայած քիչ հավանական է, որ Թուրքիան դրան էլ կգնա ու զիջումներ կանի Հայաստանի համար։

Ասում են, թե տարբեր հետազոտական կենտրոնների կամ ֆինանսական հաստատությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, սահմանի բացումից հետո երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը շուրջ 10 անգամով կավելանա։

Այսինքն՝ եթե այսօր կազմում է արտաքին առևտրի 1 տոկոսը, կհասնի 10 տոկոսին։

Հայտնի է, թե այսօրվա այդ 1 տոկոսի, որն այս տարվա յոթ ամսում կազմել է 186,5 մլն դոլար, ո՞ր մասն է բաժին ընկնում Հայաստանից արտահանմանը։

Արտահանումը նույնիսկ 2 տոկոսին չի ձգում։ Մնացածը թուրքական ապրանքներն են, որոնք գալիս են Հայաստան։

Երբ սահմանի բացման հեռանկարներում արտաքին առևտրի մեջ հայ-թուրքական ապրանաքաշրջանառության 10 անգամ աճ են ակնկալում, գոնե մտածո՞ւմ են, թե դա ինչի՞ հաշվին է լինելու։

Այսօրվա միտումները հաշվի առնելով՝ բնականաբար, լինելու է գերազանցապես թուրքական ներկրումների հաշվին։ Դրանից Հայաստանի օգուտները լինելու են այն, որ մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավելանալու են սահմանին գանձվող հարկերը։ Իսկ որ տնտեսության բազմաթիվ հատվածներ կանգնելու են գոյության խնդրի առաջ, կարծես կարևոր չէ։

Կարևորն իշխանությունների համար այն է, որ սահմանը բացվի, և որոշ մարդիկ դրա վրա մեծ փողեր աշխատեն։ Նպատակին հասնելու համար պատրաստ են ամեն ինչի, բայց Թուրքիան չի շտապում, որովհետև առանց դրա էլ իրեն վատ չի զգում՝ կարողանում է լավ տեղավորվել Հայաստանի տնտեսության մեջ ու պահանջներ թելադրելով՝ շարունակել փակ պահել սահմանը։

Հիշեցնենք, որ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետների համար սահմանի բացումը նախատեսվում էր մեկնարկել այս տարվա կեսին։ Տարին վաղուց կիսվել է, իսկ սահմանը դեռևս փակ է։

Բնականաբար, առայժմ խոսք չկա սահմանի ընդհանրապես բացման մասին։

Հայտնի չէ նաև, թե ինչ փուլում են գտնվում սահմանային Մարգարայում կառուցվող անցակետի շինարարական աշխատանքները, որոնք հապճեպ մեկնարկեցին տարվա սկզբին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս