Նման զարգացումների պարագայում Հայաստանին կմնա Ալեքսանդրապոլի պայմանագրով նախատեսված տարածքը. թուրքագետ

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի քննարկումների ծիրում, ինչպես ավելի վաղ նշել էին փորձագետներն ու լրատվամիջոցները, լինելու են տարածաշրջանային ու երկկողմ օրակարգերը, հացահատիկի գործարքը, որից ՌԴ-ն դուրս եկավ հուլիսի 17-ին՝ առաջ քաշելով մի քանի նախապայմաններ: Այս հանդիպման ընթացքում հայկական կողմի ուշադրության կենտրոնում է, մասնավորապես, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին հնարավոր անդրադարձը:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն այս հանդիպման մասին իր դիտարկումները ներկայացրեց տարածաշրջանային իրողությունների համատեքստում՝ հիշեցնելով, որ Արևմուտքը Թուրքիայի ձեռքով փորձում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին:

«Արցախյան հիմնահարցը ևս, ինչպես մշտապես եմ ասել,  հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիր չէ, այլ Արևմուտքի ու Արևելքի պայքար, և այդ պայքարի թատերաբեմն ենք մենք:

Իմ համոզմունքով, մեր ղեկավարությունն էլ, ինչպես Ուկրաինայի ղեկավարությունն Արևմուտքի կողմից դրված մարդիկ են, որոնք այդ գործը պետք է առաջ տանեն: Իսկ նման զարգացումների պարագայում Հայաստանին կմնա Ալեքսանդրապոլի պայմանագրով նախատեսված տարածքը. Սյունիքը՝ կասկածելի է»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց թուրքագետը՝ հիշեցնելով, որ թյուրքական հարյուրամյա երազանքն է Սյունիքին տիրանալը,-  Ինչպես պատերազմի օրերին չկար Թուրքիա և Ադրբեջան, այլ Թուրքիա 1 և Թուրքիա 2, այսօր էլ, կարող ենք ասել, որ գոյություն չունեն 3 պետություններ, այլ մեկ քաղաքականություն:

Կարդացեք նաև

Ռուսաստանի և Իրանի դիրքերը թուլացմանը միտված աշխատանք է կատարվում, Արևմուտքի քաղաքականությունն է սա, և այն առաջ է տարվում ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այլև այսօր՝ նաև Հայաստանի: Իրանն ու Ռուսաստանը դեռևս դիմադրում են»:

Ի դեպ, Տիրան Լոքմագյոզյանը հիշեցրեց, որ Էրդողանն Արևմուտքի քաղաքականությունն առաջ տանելու մասին բաց ակնարկել էր դեռ իշխանության գալու օրերից, նաև խոսել սահմանների փոփոխության մասին:

Այս իրավիճակում ի՞նչ սպասել Պուտին-Էրդողան հանդիպումից՝ հարցադրմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցը նկատեց. «Առաջին հերթին, իհարկե,  հացահատիկի գործարքն է: Առաջին գործարքը կատարվեց, բայց քանի որ Արևմուտքի կողմից խաբվեց Պուտինը, նա այժմ պահանջներ է դնում, որոնք գուցե Արևմուտքի կողմից բավարարվեն փակ դռների հետևում, որովհետև այդ ցորենն Արևմուտքին շատ պետք է: Ու քանի որ այստեղ միջնորդն Էրդողանն է, նա փորձում է դրանով ինչ-որ բան կորզած լինել և նաև՝ դրանով իր դիրքն է բարձրացնում:

Արցախի առնչությամբ. Արևմուտքի ճնշումը սաստկանում է, և քանի որ մեր կառավարությունն էլ նրանց հետ է աշխատում, իհարկե, ՌԴ խնդիրն այստեղ բարդ է: Վերջերս նորից ՌԴ խոսնակի կողմից ՀՀ ուղղությամբ մեղադրանքներ հնչեցին, ուղիղ նշելով, որ այս ամենը կատարվում է Փաշինյանի հայտարարությունների պատճառով, ինչը ճշմարտություն է: Եվ նաև այս հանգամանքը նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ մեր ղեկավարությունն աշխատում է Արևմուտքի համար՝ ոչ միայն ՌԴ դեմ, այլև՝ մեր դեմ»:

Թուրքագետը արձանագրեց՝ Հայաստանի իշխանությունները  ՌԴ-ին դրել են նեղ դրության մեջ և հաճախ պահանջում են  գործառույթներ, որոնք հաճախ չեն մտնում նրա մանդատի մեջ:

Հիշեցնենք՝ La Repubblica թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ըստ էության, արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից: Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից:

Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա: Բայց հասկանալի է, որ Ձեր նշած հարցը մեզ շատ է հուզում և հետաքրքրում, և դա նորություն չէ: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:

Նաև պիտի համաձայնեմ Ձեր այն ձևակերպման հետ, որ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ, կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է»:

Տեսանյութեր

Լրահոս