Բաժիններ՝

Աստվածաշնչական դեմքերից դասեր․ Հռութ

Հռութ գիրքը Հին կտակարանի պատմական գրքերից է: Գրքի հեղինակը Սամվել մարգարեն է։ Մարգարեն մեզ համար գրի է առել Հռութ անունով երիտասարդուհի  հեթանոս կնոջ պատմությունը, որն ամուսնացել էր մի իսրայելացու հետ, շատ էր սիրում իր ամուսնուն ու սկեսուրին, և մինչև իսկ գնաց Իսրայելի ժողովրդի հետ Աստծու ետևից։

Այս հոդվածը գրելու նպատակն է խոսել այն առաքինությունների մասին, որոնցով օժտված էր մովաբացի Հռութը, որպեսզի հոգեմտավոր դասեր լինեն հատկապես  ներկա ժամանակի հարսերին:

Ողորմություն: Հռութը ողորմասեր կին ու հարս էր՝ նրա սիրտը լեցուն էր ողորմությամբ. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն» (Մատթ. 5:7):  Հռութը ոչ միայն ողորմություն արեց՝ գթասրտություն ցուցաբերեց իր  ամուսնուն, այլ նաև իր սկեսուրին՝ Նոոմինին. «Նոոմինն իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, վերադարձե՛ք ամեն մեկդ ձեր հոր տունը. Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք այն մեռածներին և ինձ եք արել» (Հռութ  1:8):

Զգայունություն:  Հռութը զգայուն հարս էր, նա լաց եղավ, որովհետև իր սկեսուր Նոոմինը 1. առաջարկեց իրեն, որ վերադառնա իր հոր տունը, 2. գնահատեց իր կատարած գործերը, որոնք շաղախված էին ողորմությանբ, 3. մաղթեց, որ Աստված իրեն պարգևի հանգիստ իր հոր տան մեջ, 4. համբուրեց իրեն (Հռութ  1:8-9, 14):

Կարդացեք նաև

Կապվածություն: Նոոմինը երկու անգամ առաջարկեց իր հարսներին՝ Օրփային և Հռութին, որ վերադառնան իրենց հոր տուն, որովհետև իրենց ամուսինները մեռած են (Հռութ  1:3-5, 8-9, 11-13): Օրփան համբուրեց իր սկեսուրին՝ Նոոմինին և վերադարձավ իր ժողովրդի մոտ, սակայն Հռութը չուզեց բաժանվել իր սկեսուրից, որովհետև կապված էր նրան (Հռութ 1:14):

Հռութը սրտաբուխ խոսք ասաց իր սկեսուրին, որ ցույց է տալիս նրա հոգեմտավոր կապվածությունը նրա հանդեպ, երբ ասաց. «Ես չեմ թողնի քեզ և չեմ հեռանա քեզնից. ուր որ դու գնաս, ես էլ կգնամ, որտեղ որ մնաս, ես էլ կմնամ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։ Որտեղ մեռնես, այնտեղ էլ ես կմեռնեմ և կթաղվեմ. թող Տերն այսպես և սրանից ավելին անի ինձ, միայն մահը կկարողանա բաժանել ինձ քեզանից» (Հռութ  1:16-17):

Հռութը՝ այդ հոգատար հարսը, պնդեց, որ երբեք չի թողելու, չի հեռանալու իր սկեսուրից.  «Ես չեմ թողնի քեզ և չեմ հեռանա քեզնից. ուր որ դու գնաս, ես էլ կգնամ, որտեղ որ մնաս, ես էլ կմնամ» (Հռութ 1:16): Հռութը՝ այդ խիզախ այրի կինը, վերահաստատեց մինչև մահ ու գերեզման իր սկեսուրի հետ գնալու կայացրած որոշումը՝ ասելով. «Որտեղ մեռնես, այնտեղ էլ ես կմեռնեմ և կթաղվեմ ..․. միայն մահը կկարողանա բաժանել ինձ քեզանից» (Հռութ 1:17): Հռութը՝ այդ հեթանոս երիտասարդուհին, ընդունեց Իսրայելի Աստծուն, որպես իր Աստված․ «Քո Աստվածն իմ Աստվածն է» (Հռութ 1:16): Հռութը՝ այդ իմաստուն հարսը, ընդունեց իր սկեսուրի ժողովրդին՝ Իսրայելի ժողովրդին, որպես իր ժողովուրդ. «Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է» (Հռութ 1:16):

Աշխատասիրություն: Հռութն աշխատասեր անձ էր: Նա գնաց արտ և սկսեց հնձողների հետևից հասկեր հավաքել, որպեսզի իրեն և իր սկեսուրին սնունդ ապահովի (Հռութ 2:2-3): Օրենքի համաձայն՝ Իսրայելի որդիները հնձվորներից հետո մնացած բերքի հասկերը թողնում էին օտարականների և աղքատների համար․ «Ձեր երկրում հունձ անելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և քո հնձից ընկած հասկերը չհավաքես։ Քո այգում ճռաքաղ չանես, այսինքն՝ քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես. դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը» (Ղև. 19:9-10, Նոր Արարատ թարգմանություն)։

Խոնարհություն: Խոնարհությունը՝ որպես առաքինություն, ներկա էր Հռութի կյանքում: Հռութը խոնարհաբար հասկեր հավաքեց Բոոսի արտում: Հռութը երեսի վրա և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագություն արեց Բոոսին, որովհետև նրանից լսեց խրատական խոսքեր՝ 1. ուրիշի արտը չգնալ հասկ հավաքելու համար, այլ մնալ իր արտում, 2. լինել իրեն՝ Բոոսին, ծառայող աղջիկների հետ, 3. խմել ջուր ամաններից, որոնք Բոոսի պատանիների կողմից լցված էին ջրով (Հռութ 2: 3, 8-10)։

Քաղաքավարություն: Հռութը հարգալից ու բարեկիրթ բնույթ ուներ: Նա նրբավարությամբ խոսեց Բոոսի հետ՝ ասելով. «Ինչի՞ց է, որ քո բարեհաճությանն արժանացա, և դու ուշադրություն դարձրիր ինձ վրա, թեև ես մի օտար կին եմ» (Հռութ 2:10), «Տե՛ր իմ, թող ես շնորհ գտնեմ քո աչքերի առջև, որովհետև դու մխիթարեցիր ինձ և քաղցրությամբ խոսեցիր քո աղախնի հետ, թեև ես աղախին էլ չեմ քո աղախիններից մեկի պես» (Հռութ 2:13, Նոր Արարատ թարգմանություն)։

Անկեղծություն: Հռութը ճշմարտախոս անձ էր։ Նա իր սկեսուրին անկեղծությամբ պատմեց այն ամենը, ինչ եղավ հասկի հավաքման առաջին օրը՝ 1. որտեղից  հավաքեց հասկը, 2. նրա հանդիպումը Բոոսի հետ, 3. Բոոսիի խրատական և քաջալերական խոսքերը իրեն և այլն (Հռութ 2:19)։

Համերաշխություն: Հռութը համերաշխ հարս էր: Նա առանց գժտության ապրում էր իր սկեսուրի հետ կյանքի բոլոր պայմաններում՝ բարգավաճ օրերում և աղքատ ժամանակաշրջաններում․ «Եվ Հռութը ..․. ապրում էր իր սկեսրոջ հետ» (Հռութ 2:23)։

Հնազանդություն:  Նոոմինը հրահանգեց Հռութին, որ կատարի մի քանի արարք՝ 1. լվացվի, 2. օծանելիք դնի, 3. հագուստ հագնի, 4. գնա կալ, 5. և երբ Բոոսը քնի, ոտքի կողմից բացի ծածկոցը և պառկի (Հռութ 3:1-4)։

Նոոմինը ցանկացավ իր ազգական՝ Բոոսը զգա, որ ունի պատասխանատվություն Հռութի հանդեպ, ուստի ամուսնանա նրա հետ: Հռութը ունենա տղամարդ, որ կպաշտպանի իրեն: Հռութը չհարցրեց՝ ինչո՞ւ պիտի անեմ, չկա՞ այլ միջոց և այլ հարցումներ, այլ ամենայն հնազանդությամբ ասաց իր սկեսուրին. «Կանեմ այն ամենը, ինչ որ ասես ինձ» (Հռութ 3:5)։

Պատվավորություն: Հռութը՝ այդ այրի երիտասարդուհին, չհետապնդեց երիտասարդ տղամարդկանց՝ աղքատ լինեին նրանք, թե հարուստ, և ոչ էլ գնաց իր մարմնական ցանկությունների հետևից. «Բոոսն ասաց. «Օրհնեալ լինես դու Տիրոջից՝ Աստծուց, աղջի՛կս .․.. քանի որ չգնացիր երիտասարդների հետևից՝ աղքատ կամ հարուստ» (Հռութ 3:10), այլ ցանկացավ ամուսնանալ ծեր Բոոսի հետ, որպեսզի նրա միջոցով վերակենդանացնի իր մեռած ամուսնու՝ Մաալոնի անունը, այսինքն՝  չվերանա Մաալոնի անունը իր ցեղում՝ հրեական օրենքի համաձայն. «Բոոսն ասաց ծերերին և ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցածքը Նոոմինի ձեռքից գնում եմ։ Նաև Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին, ինձ կնության եմ առնում, որ մեռածի անունը պահեմ իր կալվածքում, և նրա անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակավայրի ցեղից. դուք այսօր դրա վկաներն եք» (Հռութ 4:9-10):

Հռութի կյանքից դասեր: Հռութի կյանքից քաղում ենք հետևյալ հոգեմտավոր դասերը՝

1. ողորմությունը ընտանիքի անդամների միջև կապը ամրացնում է,

2. ինչքան սիրուն է պատկերը, երբ հարսն ու սկեսուրը զգայուն՝ փափկասիրտ են միմյանց հանդեպ,

3. սիրո հոգեմտավոր կապվածությունը հարս ու սկեսուրի միջև անգին գանձ է,

4. յուրաքանչյուր հարս կոչված է աշխատասիրության,

5. խոնարհությունը բարձրացնում է կնոջը,

6. քաղաքավարությամբ խոսել մեզնից մեծ մարդկանց հետ,

7. հարս ու սկեսուրի միջև անկեղծությունը առաքինություն է,

8. իմաստուն հարսը համերաշխ կապրի իր սկեսուրի հետ կյանքի ամենադժվար պայմաններում,

9.մեծերի՝ սկեսուրների հանդեպ հնազանդությունը հաջողությունների բանալի է,

10. աղքատ կին լինել՝ չի նշանակում անպատիվ  կյանք ապրել:

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս