Ադրբեջանը խառնում է բոլոր խաղաքարտերը․ քաղաքագետ

Ապրիլի 16-ին Տաշքենդում տեղի է ունեցած Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպմանը, որը «Կենտրոնական Ասիա(C5) + Ադրբեջան» ձևաչափով էր, Բաքվին տրամադրվել է Կենտրոնական Ասիայի խորհրդատվական հանդիպումների լիիրավ անդամի կարգավիճակ․ գրել է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։

«Կենտրոնական Ասիայի երկրները առայժմ գոնե հիմնականում քաղաքական և աշխարհաքաղաքական հարթությունում միավորող(բայց նաև, չնայած բազմաթիվ խնդիրներին, տնտեսական, տարանցիկ և քաղաքակրթական ինտեգրման լայն հնարավորություններ ունեցող) C5 ձևաչափը վերածվում է C6-ի։

Ընդ որում, ինչն է կարևոր, որ այս ուղղությամբ առանցքային նախաձեռնողականություն դրսևորողը հենց Ադրբեջանն էր, որն անգամ մինչև Տաշքենդի գագաթնաժողովը, որպես այս հարթակի ոչ ֆորմալ անդամ, ձգտում էր մասնակցել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում տեղի ունեցած C5+ԱՄՆ գագաթնաժողովին։ Եվ Ադրբեջանի նման դիրքորոշումը, հանուն արդարության, չափազանց պրագմատիկ և հեռանկարային քայլ էր՝ տարածաշրջանային տերության դերակատարման ձգտման և արտատարածաշրջանային խաղացողների համար ավելի մեծ կշիռ ներկայացնելու ճանապարհին։

Եվ այնուամենայնիվ, այս իրողությունը չափազանց կարևոր է նաև Հարավային Կովկասի և Հայաստանի դիրքավորման հեռանկարի համար։ Ըստ այդմ, կարելի է առանձնացնել հետևյալ դրույթները/հարցադրումերը, որոնք առնվազն դիտարկման անհրաժեշտություն ունեն։

Ըստ այդմ.

Ադրբեջանը, աշխարհագրական տեսանկյունից գտնվելով Հարավային Կովկասում, առնվազն քաղաքական, տնտեսական, արժեքային հարթություններում դիրքավորվում է դեպի Կենտրոնական Ասիա։ Այս զարգացումն էականորեն բարդացնում է Հարավային Կովկասի տարածաշրջայնացման գործընթացը։

Արդյո՞ք Ադրբեջանը նկատելի ներգրավվածություն կապահովի Հարավային Կովկասում նման ձևաչափի ձևավորման վրա, թե առավելապես կենտրոնացած կմնա հենց Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Հայաստանի և Վրաստանի քաղաքական, տնտեսական ինտեգրման գործընթացների համատեքստում։ Արդյո՞ք ԵՄ-ն կդրսևորի բավարար համարձակություն Հարավային Կովկասում իր սահմաններն ընդլայնելու ուղղությամբ, թե կկորցնի այս պատմական ժամանակահատվածը։

Ըստ էության, առնվազն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեսանկյունից Հայաստանը վերածվում է Կենտրոնական Ասիայի հարևան երկրի, իսկ TRIPP-ը՝ շատ ավելի կարևոր լոգիստիկ նախագծի։

Եթե առաջիկայում ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացն անհեռանկարային է դառնում, Հայաստանի համար կարող է օրակարգային է դառնալ C6+Հայաստան հարթակի նախաձեռնումը։

C6 հարթակի բյուրեղացման ճանապարհին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընթացի իրատեսականության պարագայում բարդ իրավիճակում է հայտնվելու ԵԱՏՄ-ն։ Կանխատեսելի է, որ այն, որպես միասնական մաքսային և տնտեսական գոտի, կարող է վերածվել C6+ Ռուսաստան շատ ավելի լայն բովանդակային ձևաչափի։

Թուրքիայի հետ կապված ԵՄ-ի որոշման բացակայության դեպքում ևս, հաշվի առնելով արդեն ուղիղ սահմանային կապը, Անկարան սեփական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ C6 ձևաչափի հետ համագործակցության բովանդակային նոր՝ շատ ավելի բարձր մակարդակի հարաբերությունների ձևավորմամբ»,-գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս