«Մաքսիմումը՝ բանաձև, մինիմումը՝ հայտարարություն». Արա Ղազարյանը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի մասին

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այսօր տեղի կունենա ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը հրավիրվել է  Հայաստանի դիմումի հիման վրա:

168.amի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը խոսելով նիստից ունեցած սպասելիքների մասին, ասաց, որ իրավական ասպեկտով մաքսիմումը, որ կարող է սպասել, բանաձևի ընդունումն է։

«Բանաձևն արդեն պարտադիր քաղաքական փաստաթուղթ է, ոչ իրավական, այն մասին, որ միջանցքը պետք է պարտադիր բացել, որպես ցեղասպանության կանխարգելման, կանխման միջոց, որպես ՄԱԿ-ի դատարանի որոշման ի կատար ածում։ Նաև՝ որպեսզի ստեղծվի հանձնախումբ, նաև փաստահավաք խումբ ուղարկվի Արցախ՝ ՄԱԿ-ի դրոշի ներքո։ Սա մաքսիմումն է, որ ես սպասում եմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից։

Իսկ մինիմումը, որ հայտարարությամբ հանդես կգան՝ պայմանով, որ առաջիկայում նիստ հրավիրվի, որովհետև բոլորը կարծես թե կիսում են Արցախի նախկին դատախազի հայտարարությունը, որ Արցախում ցեղասպանություն է իրականացվում, այս մասին «CNN»-ն արդեն գրում է։ Նշեցի մաքսիմումն ու մինիմումը, բնականաբար, արդեն պետությունները, ցավոք, քվեարկում են՝ ելնելով ոչ թե այն հանգամանքից, որ Արցախում միջազգային հանցագործություն է կատարվում, այլ ելնելով, նախևառաջ, իրենց պետության շահերից, չեմ էլ ուզում ասել՝ նաև ազգային շահերից։ Հաճախ ազգային շահը չի համընկնում քաղաքական էլիտայի շահերի հետ»,- նշեց Արա Ղազարյանը։

Կարդացեք նաև

Ըստ իրավաբանի, առավել դժվար կլինի քվեարկությունը կանխատեսելը, և բնական է, որ Ռուսաստանը պետք է դիմադրի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ՌԴ-ն արդեն ասել է, որ իր ներկայությունն այնտեղ արդեն կա և կարիք չկա մեկ այլ սուբյեկտի, այսինքն՝ ՄԱԿ-ի ներկայությանը։

«Ամեն ինչ կախված է քաղաքական բանակցություններից, պայմանավորվածություններից, շահերից»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի կատարել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ Բերձորի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն որևէ բանաձև ընդունի, Ադրբեջանը կարո՞ղ է դրանից նույնպես խուսափել, Արա Ղազարյանը պատասխանեց, թե կարող է խուսափել, սակայն պետք է նկատի ունենալ, որ եթե Արցախում ճանապարհը շարունակի արգելափակված մնալ, ապա ճնշումը գնալով մեծանալու է։

«Ենթադրենք, եվրոպական որևէ պետություն պետք է որոշում կայացնի, ինքը կա՛մ պետք է հերքի, որ Արցախում ցեղասպանություն է տեղի ունենում, կա՛մ պետք է կողմ քվեարկի, երրորդը չկա, որովհետև երրորդը նշանակում է մասնակից լինել ցեղասպանության քաղաքականության։ Հարցը սուր է դրված, քանի որ 1995 թվականից այս կողմ բլոկադա չի եղել՝ բացառությամբ Իսրայելն ընդդեմ Պաղեստինի, որի բլոկադան մինչև այժմ շարունակվում է։ Սա խնդրահարույց իրավիճակ է Եվրոպայի խորհրդի տարածքում։ Գուցե Ադրբեջանը դիմի ռազմական ավանտյուրայի, որպեսզի ուշադրությունը շեղի։ Բոլոր դեպքերում ճնշումը գնալով մեծանալու է»,- եզրափակեց Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի ներկայացրած հայցը մասնակի բավարարելով՝ որոշում էր  ընդունել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ իր ստանձնած պարտականությունների շրջանակներում ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սակայն Ադրբեջանը չի շտապում կատարել միջազգային դատարանի որոշումը։ Միջազգային իրավական համագործակցության հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն  էլ դրանից հետո ասուլիսի ընթացքում ասել էր՝ չնայած որոշման կատարման վերաբերյալ ժամկետ նշված չէ, ինչը նշանակում է, որ այն պետք է կատարվի որոշման ընդունումից անմիջապես հետո։

Տեսանյութեր

Լրահոս