Բաքվի դատական գործընթացները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին, այլև Ադրբեջանի օրենքներին. Արա Ղազարյան

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը վերջերս Երևանում էր, հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին և անդրադարձել Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս պատանդների իրավունքների ոտնահարմանը։

Փաստաբանը հստակ ընդգծել էր, որ չկա այնպիսի իրավունք, որն Ադրբեջանը խախտած չլինի՝ սկսած բանտային պայմաններից։

Փաստաբանը նաև ասել էր, որ Ռուբեն Վարդանյանի և մյուս պաշտոնյաների դեմ մեղադրանքներն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունեն։

Ջարեդ Գենսերից զատ, բազմիցս նաև հայաստանյան այլ փաստաբաններ ու իրավապաշտպաններ են հայտարարել, որ պատանդների ու գերիների վերադարձը քաղաքական հարց է։

Կարդացեք նաև

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի դիտարկմամբ՝ բոլորին հայտնի է, որ Ադրբեջանի իրավական գործընթացները մեծ հաշվով ձևականություն են՝ քաղաքական որոշման արդյունք։

«Ինքս համաձայն եմ Ջարեդ Գենսերի հետ, ի վերջո, եթե խոսենք գերիների վերադարձի մասին, ապա իրավական գործընթացներն այս պահի դրությամբ որևէ լուծում չեն տա։ Այստեղ մնում է քաղաքական պայմանավորվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որպեսզի նրանք վերադառնան։ Բայց այդ օրվան դեռ շատ կա, եթե, իհարկե, այդ օրը երբևիցե գա։ Բայց միևնույն է՝ իրավական գործընթացները պետք է սպառել, որովհետև նույն քաղաքական գործընթացներում պետք են լինելու իրավական ստանդարտներ, որոնք դեռ պետք է ստանալ։ Իսկ ստանալու համար՝ պետք է մտնել այդ պրոցեսի մեջ ու մինչև վերջ տանել՝ ստանալով դատական ակտ։

Ի վերջո, Բաքվում ընթացող այս գործընթացները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին, այլև Ադրբեջանի օրենքներին՝ դատն անցկացնելու միջոցը և այլն»,- 168.am հետ զրույցում նշեց Արա Ղազարյանը։

Հարցին՝ արդյո՞ք մտահոգիչ չէ, որ գերիների, պատանդների վերադարձը ներառված չէ «խաղաղության պայմանագրում», այդ մասին հայտարարել են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ալեն Սիմոնյանը, արդյո՞ք այսպիսով ընդմիշտ չեն փակվելու նրանց վերադաձնելու բոլոր հնարավորությունները, Արա Ղազարյանը պատասխանեց՝ սա խնդրահարույց է։

«Շատերը մտածում են, որ եթե «խաղաղության պայմանագիր» ստորագրվում է, պետությունները հանձն են առնում լուծել գերիների հարցը, խոսքը նաև անհետ կորածների մասին է։ Հետևաբար, եթե խաղաղության պայմանագրում չկա այդ կետը, հուսամ, կետ կներառեն, որ պարտավորվում են ապագայում ստեղծել այդ մեխանիզմները։ Եթե դա էլ չլինի, ապա իրավական պաշտպանության գործիքը մնում է միայն Սահմանադրությունից դուրս միջազգային իրավական գործընթացները։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, նաև՝ որոշ շրջանակային պայմանագրեր, որով իրավական փոխօգնություն կարելի է ակնկալել՝ Մինսկի կոնվենցիան և այլն։ Սակայն դրանք այդքան արդյունավետ չեն, որքան, եթե այդ պայմանագրում լինեն հավելվածներ հատուցման, հայրենադարձության վերաբերյալ, ինչպես, օրինակ, Բալկանյան երկրների դեպքում էր։

Զարմանալի կլինի, եթե այդ պայմանագրում նույնիսկ կետ չլինի, որ կողմերը պայմանավորվում են ստեղծել վերադարձի, մշտադիտարկման, հետաքննության մեխանիզմներ։ Այդ դեպքում այս պայմանագիրն ինչի՞ մասին է, խաղաղության նպատակը ո՞րն է, որպեսզի չկրկնվի այն ամենը, ինչը տեղի ունեցավ, իսկ չկրկնվելու համար պետք է կանխարգելման մեխանիզմներ սահմանվեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը 2023 թվականի սեպտեմբերից գտնվում է ադրբեջանական գերության մեջ. Արցախի նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ադրբեջանական կողմը նրանց ապօրինաբար ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 27-ից սկսած: Նրանց տեղափոխել են Բաքու, բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ առաջադրել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս