«Օտար դիվանագետներն ասում են՝ ի՞նչ ես ինձ պատմում, ի՞նչ ես ուզում, պահանջում ինձնից, երբ քո հայրենիքի իշխանությունների ձայնը չի բարձրանում». Օնտարիոյի հայազգի պատգամավոր
Օնտարիոյի Օրենսդիր ժողովի պատգամավոր Արիս Պապիկյանը ցավով է արձանագրում՝ այսօր Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները լարված են:
«Հայ ժողովուրդը Խորհրդային Միության տարիներին երազեց ազատ, անկախ ու միացյալ Հայաստան ունենալու մասին, ամեն ջանք ներդրեց այդ երազն իրականացնելու: Երբ այդ երազն իրականացավ, դժբախտաբար, մի շրջան լարված վիճակ կար Հայաստանի և Սփյուռքի միջև, որը, սակայն, շուտով հաղթահարվեց:
Ցավում եմ՝ ասելու, որ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազից հետո այդ հարաբերությունները, վստահությունը, համագործակցությունը Սփյուռքի և Հայաստանի իշխանությունների միջև կորսված է, որովհետև իշխանությունները, որոնք այս աստիճանի հասցրին հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի իրավիճակը, աննախադեպ երևույթ են,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արիս Պապիկյանը՝ զարմանքով արձանագրելով,- Հայրենիքը հզոր Սփյուռք ունի, որը տարածված է աշխարհի չորս կողմում, բայց իշխանությունը որոշում է, որ արդեն կարևորություն չպետք է տա սփյուռքին ու միայնակ պետք է իր որոշումները կայացնի, մանավանդ այն ժամանակ, երբ մեր հակառակորդները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, կարողացան օգտագործել համաշխարհային քաղաքական իրավիճակը՝ ճնշումներ բանեցնելու ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի զիջումներ արվեն:
Եվ իշխանությունները, փոխարեն խոհեմություն ունենալու համախմբելու իր բոլոր ուժերը՝ թե՛ հայրենիքից ներս, թե՛ դուրս, նախընտրեց ուրիշ ուղղությամբ գնալ և առանց խորհրդակցության որոշումներ կայացնել»:
Կանադահայ գործիչը սփյուռքի դերակատարման համաշխարհային օրինակներ հակադրեց ստեղծված իրավիճակին՝ շեշտելով, որ շատ փոքր երկրներ, որոնք հզոր սփյուռք ունեն, մշտական համագործակցությամբ հաջողություններ են արձանագրում:
Սփյուռքահայ գործիչը հավելեց՝ իրավիճակը մտահոգիչ է, և Սփյուռքի շատ մտավորականներ մտահոգություն ունեն՝ ոչ միայն Արցախը կորցնելու համար, այլև՝ Հայաստանի մի հատվածը ևս:
Անդրադառնալով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգերի, բարիդրացիության մասին խոսույթներին՝ Արիս Պապիկյանը շեշտեց. «Որևէ մեկը դեմ չէ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելուն, բայց բարիդրացիությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և արժևորումների վրա:
Երբ Ադրբեջանն ու Թուրքիան մշտական դավադրությունների մեջ են, թե ինչպես պետք է չեզոքացնեն հայ ժողովուրդը, դու այսօր չես կարող միակողմանի բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Երբ Թուրքիան իր օդային տարածքը փակում է հայկական օդանավերի համար, որովհետև Երևանում հուշակոթող է դրվել, սա ցույց է տալիս, թե դրացիներդ իրականում ինչ տրամադրվածություն ունեն»:
Սփյուռքահայ գործիչն այս գործընթացների համատեքստում ուշադրություն հրավիրեց Թուրքիայի վերընտրված նախագահի երդմնակալության արարողությունից համաշխարհային մամուլում տեղ գտած այն լուսանկարի վրա, որտեղ Նիկոլ Փաշինյանը և Էրդողանը կանգնած են դեմառդեմ:
Ըստ նրա՝ նույնիսկ այդ լուսանկարից է պարզ, թե իրականում ինչ հարաբերությունների մասին է խոսքը, և, որ Հայաստանը չպետք է շարունակի այդ քաղաքականությունը:
«Երբ մենք գնում ենք՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից,ԵՄ-ից խաղաղություն ենք մուրում, և մեր հակառակորդը ոչինչ չի անում, ընդհակառակը՝ սպառնալիքներ է տեղում, ու թշնամու բանակը շարունակում է մնալ ոչ միայն Արցախի հողերում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքներում, ի՞նչ բարիդրացիության մասին են խոսում, երբ Ադրբեջանն ասում է՝ Երևան գոյություն չունի. այն Ադրբեջանի նահանգ է, ի՞նչ բարիդրացիության մասին է խոսքը:
Ես կարծում եմ, որ այս քաղաքականությունը, որ որդեգրված է օրվա իշխանությունների կողմից, մեզ անկյուն է տանում և արդեն տարել է վերջին երեք տարիներին:
Այսօր լուրջ մտահոգություն կա, թե մենք կկարողանանք Հայաստանը պահել»,- ասաց նա:
Ո՞րն է այդ քաղաքականության այլընտրանքը՝ հարցադրմանն ի պատասխան, Արիս Պապիկյանը որպես առաջին քայլ՝ նշեց հայրենիքի ու սփյուռքի բոլոր կարող ուժերի միավորումը, ապա՝ միասնաբար հետագա քայլերի, ուղեգծի մշակումը:
«Երբ այսօր սփյուռքյան ուժերն իրենց երկրներում, իրենց բարեկամ պետություններից պահանջում են այդ պետությունների համագործակցությունը՝ Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, օտար դիվանագետներն ասում են՝ դու եկել ես՝ ի՞նչ ես ինձ պատմում, ի՞նչ ես ուզում, պահանջում ինձնից, երբ քո հայրենիքի իշխանությունների ձայնը չի բարձրանում, երբ հայրենիքիդ իշխանությունը մեզնից ոչինչ չի պահանջում:
Առաջին քայլը դա է՝ համագործակցել. անմիջապես համագումար պետք է տեղի ունենա: Երեկ պետք է լիներ, ոչ թե այսօր, վաղը պետք է լինի, ոչ թե հաջորդ շաբաթ:
Հակառակ պարագայում մենք այս ձևով չենք կարող շարունակել»,- պարզաբանեց նա՝ նկատելով նաև, որ ինչքան էլ մտահոգ լինի հայրենիքով, ինչքան էլ աջակցի Հայաստանին, այդուհանդերձ, չի կարող ՀՀ-ում ապրողների փոխարեն որոշել՝ իշխանությունները պե՞տք է հեռանան, թե՞ ոչ, սակայն համոզում հայտնեց, որ ճիշտ որոշումներ պետք է կայացվեն:
Կանադահայ գործչի՝ հայրենիք վերջին այցը եղել է 2019 թվականին, երբ մասնակցում էր Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին:
Հետաքրքրվեցինք՝ չի՞ վախենում հայտնվել իշխանությունների «սև ցուցակում», որով արգելվում է մի շարք սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան: Նա պատասխանեց. «Ժողովրդավարության մեջ ընդդիմադրությունը հարգված սկզբունք է. եթե ընդդիմությանը ուշադրություն չդարձնես, որքան էլ փորձես ժոովրդավարություն քարոզել, անիմաստ է:
Այսօր, երբ Արևմուտքում ընդդիմադիրներն առանց վախի քննադատում են պաշտոնյաներին, իրենց երկրի սիրույն համար են անում. սա՛ է ժողովրդավարության հիմնական սկզբունքը: Եթե դու ընդդիմադրությունը պետք է պատժես, ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հայրենիքից զրկես, ձերբակալես, ասել է թե՝ ժողովրդավարություն չկա երկրում, և մենք դառնում ենք՝ ինչպես Հյուսիսային Կորեան, կամ որևէ մեկ այլ բռնապետական իշխանություն:
Մեծ ցավով կարդացի սփյուռքի գործիչների՝ հայրենիք արգելքի մասին լուրերը. մենք երազեցինք ազատ ու անկախ հայրենիք ունենալ, բայց այսօր այդ քայլերը, որ տեղի են ունենում հայրենիքում, մեր երազն ամբողջովին ի չիք դարձրին»:
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականին Կանադայի Օնտարիո նահանգի Օրենսդիր ժողովի հոկտեմբերի 21-ի քննարկմանը պատգամավոր Արիս Պապիկյանը պահանջել էր դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացնել միջազգային դատական ատյանին՝ որպես պատերազմական հանցագործների։