«Հենց Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում՝ Հայաստանին կմնան հաշված շաբաթներ կամ ամիսներ». Սերժ Սրապիոնյան
Գրականագետ Սերժ Սրապիոնյանն այն կարծիքին է, որ այս իրավիճակում Հայաստանում հոգեբանորեն ամենաճնշված տեսակներից է առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որն այսօր կոչով դիմել էր ուժայիններին:
«Վազգեն Մանուկյանի արարածը կորչում է իր աչքի առաջ, իսկ դա շատ մեծ ցավ է մարդու համար: Երկրորդ՝ շատ քչերը կարող են տեսնել այն աղետների հանրագումարը, որ կարող է շատ մոտ ժամանակներում լինել մեզ մոտ: Այդ աղետավոր ընթացքը կարող է դառնալ անշրջելի, և Վազգեն Մանուկյանը դա տեսնում է: Հենց այնպես առավոտյան արթնանար ու միամիտ որոշեր նման հայտարարություն անել, դա Վազգեն Մանուկյանի ձեռագիրը չէ. նա շատ խոհական այր է և երկար է մտածել: Այն, ինչ 5 րոպեում մոռանում է Վազգեն Մանուկյանը, սրանք 5 տարում չեն կարող մտածել: Այդպիսի տարբերություն կա խոհականության և այսրոպեական վարքաբանության մեջ: Ես խորհուրդ կտայի, որ և՛ ուժային, և՛ քաղաքական կառույցների նվիրյալ այրերը լսեն Վազգեն Մանուկյանի կոչը, նորից կարդան այն և այդ կոչի կողքին դնեն այն ներքին տագնապալից արտահայտությունները, որ վերջերս արտահայտեց նաև Ամենայն Հայոց Վեհափառը: Եթե այս այրերն այդքան անհանգիստ են, ուրեմն՝ մենք պարտավոր ենք մտածել, որ աղետի չափերը չենք կարող պատկերացնել այն ընդգրկումներով, որով պատկերացնում են այս տեսակի մտածողները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելով՝ Հայաստանը միջազգային ասպարեզում կորցրեց իր վերջին դիրքերը.
«Բոլորը տեսան, թե ինչ խղճալի, ես չասեմ՝ արհամարհելի վիճակի մեջ է Հայաստանը՝ իր իշխանական կազմով: Մեզ արհամարհում են այդ թուրքական պետությունները, ցանկացած պահի տրորում են մեր ինքնասիրությունը: Նաիվ են այն մարդիկ, ովքեր ասում են՝ դե, հո ժողովրդին դա չի՞ վերաբերում, ղեկավարությանն են այդպես վերաբերվում. Բոլոր ժողովուրդների դեմքերը տվյալ պահին երևում են տվյալ իշխանության վարքագծի մեջ, ուրիշներով չեն դատում: Այսօր որևէ մեկը Լևոն Ջավախյանով չի դատում հայ ժողովրդի որակները, կամ Արմեն Քեշիշյանով, ես կարող եմ հարյուրավոր մարդկանց անուններ տալ, դատում են 3-4 դեմքով, որոնք ներկայացնում են Հայաստանի կառավարությունը, Հայաստան պետությունը:
Այն շունը, որին ծեծում են, և վնգստալով թավալվում է տիրոջ ոտքերի տակ, էլի են ծեծում, չեն շոյում: Երբ դու գնում և համբուրում ես այն ձեռքը, որի պապերի ձեռքերը թաթախվել են քո հայրենակիցների՝ 1.5 միլիոն (դա սարսափելի թիվ է) արյունով, երբ այդ մարդը հայտարարում է, որ դու նրա սրի ծայրին մնացած մսի կտոր ես, և դու գնում ես շնորհավորելու, որ քո դահիճը նորից լծակներ է ձեռք բերում շարունակելու իր պապերի արյունոտ գործը, սա ի՞նչ է նշանակում, սա ավելին է, քան նվաստացումը»:
Սերժ Սրապիոնյանը հիշեց Ավետիս Ահարոնյանի խոսքերը, որ աշխարհի ամենադաժան միջավայրը մանուկների միջավայրն է.
«Ասում էր՝ վա՜յ այն մանկանը, ով այդ մանուկների միջավայրում խեղճ կլինի՝ ինքն իրեն պաշտպանել չի կարող, և մանուկները երբեք նրան չեն խնայելու՝ անընդհատ ճնշելու են, անընդհատ ծեծելու են, անընդհատ արհամարհելու են, և այդ մանկան մեջ գոյանալու է ես-ի թերարժեքության կոմպլեքս: Հիմա, մեզ տանում են մենք-ի թերարժեքության կոմպլեքսի, այսինքն՝ մեզ անընդհատ վարկաբեկում են, առողջ, սթափ մտքերն անընդհատ ընդհատում են:

Ես հազարավոր սթափ մարդկանց մեկնաբանություններ կարող եմ բերել, որոնք այսօր համացանցում արտահայտվում են, և նրանց դեմ խաչակրաց արշավանք է, որովհետև այս մարդիկ խեղճությունից դարձել են պատժելու գործիք ունեցողներ և անխնա պատժելու են ցանկացած սթափ, համարձակ, հայրենասեր միտք»:
Նա շեշտեց՝ և՛ Հայաստանի թշնամիները, և՛ գործող իշխանությունները շատ լավ գիտակցում են Արցախի դերն ու նշանակությունը. «Արցախ աշխարհին ծնկի չեն կարողացել բերել թուրքերը, հետագայում՝ պարսիկները: Ռուսները 18-րդ դարի սկզբին ուղղակիորեն ձգտում էին դեպի Արցախ՝ հրաշալի հասկանալով, որ դա հենման այն ամրակուռ կետն է, որտեղից կարող են վերահսկողություն սահմանել ոչ միայն ամբողջ Կովկասում, այլև Միջին և Մերձավոր Արևելքում: Սա լավ հասկանում են մեր թշնամիները:
Հենց Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, ուրեմն՝ հաշվեք, որ Հայաստանին մնում են կա՛մ հաշված շաբաթներ, կա՛մ հաշված ամիսներ, որևէ մեկը թող չկասկածի: Դա ասում է Ալիևը, դա կրկնում է Էրդողանը, դա ասում են բոլոր նրանք, ովքեր նախկինում մեզ դաշնակից էին, իսկ մենք նրանց վերածեցինք թշնամիների, ստիպեցինք, որ նրանք համաձայնեն, որ մենք պատժվենք:
Հայաստանի իշխանությունները փայլուն պատկերացնում են, թե ինչ հետևանքներ է ունենալու իրենց այս դավաճանական, հայատյաց քաղաքականությունը: Իրենք իրենց ապահովված են համարում, որովհետև իրենց անձից դուրս որևէ այլ բան մտածելու հնարավորություն չունեն: Դուք տեսաք՝ նրանց տեսակը ոնց էր տժժում Սարյան փողոցի գինու փառատոնին, դուք տեսաք՝ այս մարդիկ ինչ երջանիկ են, երբ մի կտոր կրակի վրա խանձած միս են հոշոտում, դուք տեսաք՝ այս ծառայողական մեքենաների վայելքներից ինչպես են օգտվում, դուք հիշեք՝ ԱԺ նախագահը Հունաստանի կղզիներում ինչ քեֆեր էր անում, դուք տեսեք, թե նրանք ինչ արհամարհանքով են խոսում իրենցից ներքև կանգնածների մասին, և կհասկանաք՝ նրանց չի հետաքրքրում այս երկիրը, որովհետև իրենք իրենց այս երկրում չեն պատկերացնում»:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չեն հեռանում, նա պատասխանեց. «Գյուղերում տարածված էր այսպիսի մի միտք՝ հատուկ քելեխ ուտողներ կային, որոնք սպասում էին մեռելին և հոգեհանգստի հաց էին ճաշակում: Շիրվանզադեն «Քաոս»-ում դա փայլուն ներկայացնում է, որ՝ գնում ուտում էին, փսխում էին, հետո նորից գալիս էին ուտելու, որովհետև դա ուտելու միակ առիթն էր: Եվ այս մարդիկ գիտեն, որ Հայաստանում դեռ արժեքներ կան, որոնք հնարավոր է արժևորել և այդտեղից էլ ուտել: Իրենք բերեցին թալանի առասպելը և հիմա ցույց են տալիս, թե իսկական թալանը որն է: Հենց թալանելու նյութը վերջանա՝ նրանցից որևէ մեկին Հայաստանում չեք գտնի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



