«Չի կարող մի առու հոսել Սև ծով, մեկը՝ Կասպից ծով, մյուսը՝ Սևանա լիճ». Վեհափառ Հայրապետը՝ Փաշինյանին
«Մենք կարծում ենք, որ բոլոր ջրերը մեկ առվով պետք է հոսեն, որպեսզի կարողանանք մեր իղձերը, երազները կյանքի կոչել, կերտել հզոր հայրենիք»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Գարեգին Երկրորդը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում կա մեկ իշխանություն, դա ժողովրդի իշխանությունն է, իսկ Եկեղեցին պետք է զբաղվի հոգևոր հարցերով, և, որ դրանք տարբեր առուներ են:
Վեհափառը շեշտեց՝ չի՛ կարող մի առու հոսել-թափվել Սև ծով, մեկը՝ Կասպից ծով, մեկ ուրիշը՝ Սևանա լիճ:
«Պետք է, որ այդ բոլոր ջրերը հոսեն դեպի մեր նպատակների իրագործում, եթե պատկերավոր ասենք՝ դեպի Սևանա լիճ»,- նկատեց Վեհափառը:
Հարցին, թե իշխանության ցանկության պատճա՞ռն է, որ ջրերը մեկ առվով չեն հոսում, Գարեգին Բ-ն պատասխանեց, որ նման հայտարարություն հնչել է ՀՀ վարչապետի շուրթերից:
«Մենք ճիշտ չենք գտնում այդ մոտեցումը,- հավելեց նա, ապա անդրադառնալով հարցին, թե Մայր Աթոռը պատրա՞ստ է ընդունել վարչապետին, ասաց,- Մենք պատրաստ ենք ցանկացած հայորդու հետ, առավելևս՝ պետական պաշտոնյաների հետ, եթե նման անհրաժեշտություններ, խնդիրներ կան, հանդիպել և քննարկել ազգին, հայրենիքին հուզող հարցեր, առավելևս՝ հանրապետության վարչապետի հետ, նախագահի հետ և նախարարական կազմի անձանց հետ»:
Արձագանքելով 168.am-ի ճշգրտող հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Եկեղեցու, Եկեղեցու առաջնորդի թիրախավորումը, Գարեգին Բ-ն արձագանքեց.
«Կարծում եմ՝ այդ հարցը պետք ուղղել այն անձանց, որոնք թիրախավորում են եկեղեցին և հոգևորականությանը: Ես կարծում եմ, որ Եկեղեցին նման առիթ չի տվել. Եկեղեցին հավատարիմ է իր առաքելությանը՝ ծառայություն մատուցել ազգին, ծառայություն բերել հայրենիքի շենացմանը, մեր ժողովրդի բարօրությանը, մեր ազգի հարատևության ապահովման նպաստ բերող յուրաքանչյուր քայլի և ձեռնարկի:
Սա նվիրական առաքելությունն է մեր Եկեղեցու, և փառք եմ տալիս Աստծուն, որ այսօր Հայ եկեղեցում սպասավորող յուրաքանչյուր եկեղեցական ունի այդ բարձր գիտակցությունը և այդ ոգով իր ծառայությունն է մատուցում մեր երկրին, մեր ժողովրդին այստեղ՝ Հայաստանում, և Սփյուռքում»: