Միջմայրցամաքային գավաթ․ Սպերցյանի հերթական ասիստը և Ալ-Ահլիի հաղթանակը
Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հերթական արդյունավետ գործողությունն է գրանցել իր նոր ակումբի կազմում։
ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի խաղարկության առաջին փուլում «Ալ-Ահլին» մրցել է Նոր Զելանդիան ներկայացնող «Օքլենդի» հետ։ Հանդիպման 63-րդ րոպեին 26-ամյա Սպերցյանի կատարած հիանալի փոխանցումից հետո Սալեհ Աբու Ալ-Շամաթը բացել է խաղի հաշիվը։ Այս գոլը միակն էր հանդիպման ընթացքում, և ջիդդայական ակումբը 1:0 հաշվով պարտության է մատնել Օվկիանիայի ուժեղագույն թիմին։
Նշենք, որ «Կրասնոդարի» նախկին ավագն արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Ալ-Ահլիի» կազմում անցկացրած բոլոր 4 հանդիպումներում։ Նրա ակտիվում կա արդեն 2 գոլ և 3 գոլային փոխանցում։
Ջիդդան ներկայացնող թիմը Միջմայրցամաքային գավաթին մասնակցում է որպես Ասիայի Չեմպիոնների լիգայի Էլիտայի հաղթող։ Մրցաշարի երկրորդ փուլում Սպերցյանի թիմը սեպտեմբերի 19-ին ՀԱՀ-ում կմրցի աֆրիկյան ուժեղագույն ակումբի՝ «Մամելոդի Սանդաունզի» հետ։
Հավելենք նաև, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն ավտոմատ կերպով արդեն ապահովել է իր տեղը այս մրցաշարի եզրափակիչում։
ArmSport

