Աշխարհահռչակ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ Երևանում հանդես կգա մենահամերգով
Աշխարհահռչակ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ Երևանում հանդես կգա մենահամերգովՄենահամերգը բարեգործական է, տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանի մարզերում դասական երաժշտության բնագավառում խոստումնալից հայ երեխաների կրթական ծրագրերի աջակցությանը:
Համերգը տեղի կունենա ապրիլ 21-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:
Բացի մենահամերգից դաշնակահարուհին անվճար վարպետության դասեր կտա հայ երիտասարդ երաժիշտներին:
Օսետինսկայան Հայաստան կայցելի Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի հրավերով` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ:
Երևանյան մենահամերգին Օսետինսկայան կներկայացնի ‹‹Բարոկկո երաժշտությունը՝ հեղինակային ֆիլմում›› ծրագիրը: Կհնչեն Բախի, Հենդելի, Պյորսելի, Ռամոյի և բարոկկո դարաշրջանի այլ հանճարեղ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք հնչել են 20-րդ դարի հեղափոխական ռեժիսորներ Ստենլի Կուբրիկի, Ինգմար Բերգմանի, Անդրեյ Տարկովսկու, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի և Լարս ֆոն Տրիերի կուլտային ֆիլմերում:
Դաշնակահարուհուն կարելի է լսել Քարնեգի Հոլում, Վիեննայի Musikverein -ում, Լոնդոնի Barbican համերգասրահում, Հռոմի Teatro Argentina-ում, Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի ամենամեծ դահլիճներում և փառատոներում: Դաշնակահարը ելույթ է ունեցել MusicAeterna նվագախմբի, Մարիինյան թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ, Սվետլանովի անվան Պետական ակադեմիական սիմֆոնիկ, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:
Նրա բեմական գործընկերներից են դիրիժորներ Թեոդոր Կուրենտզիսը, Վլադիմիր Սպիվակովը, Լորան Պետիժերարը, Տուգան Սոխիևը, Ալեքսանդր Սլադկովսկին, Վասիլի Սինայսկին, Անդրեյ Բորեյկոն, Դմիտրի Լիսսը, Գերդ Ալբրեխտը, Յան-Պասկալ Տորտելիեն, Թոմաս Զանդերլինգը։
Օսետինսկայան ձայնագրություններ է արել Sony Music, Naxos, Bel Air, Quartz և ‹‹Մելոդիա›› ձայնագրման ընկերություններում:
Պոլինա Օսետինսկայան մեծ աղմուկ բարձրացրած «Մնաս բարով, տխրություն» բեսթսելլերի հեղինակն է, որը լույս է տեսել 2008թ.-ին և վերահրատարակվել՝ 2022 թ.-ին։