ԿԳՄՍՆ-ն 90 միլիոն 518.000 դրամ (247.700 դոլար) կհատկացնի «Մշակութային ուղիներ» 15-րդ ֆորումի համար
Դեռ նախորդ տարի մայիսին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել էին, որ 2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը։
Իսկ արդեն այս օրերին ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհի պայմանագիր է կնքել իր հոգեզավակ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հետ՝ 90 միլիոն 518 400 դրամով (247 700 ԱՄՆ դոլար) պատվիրակելով այս ֆորումի կազմակերպումը։
Ըստ պայմանագրի՝ այս ֆորումը ծրագրի ամենամյա գլխավոր միջազգային միջոցառումն է, որը միավորելու է 300 մասնակիցների՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, մշակութային ուղիների ցանցերի ղեկավարների, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և տարածաշրջանային զարգացման ոլորտների մասնագետների, ակադեմիական համայնքի ներկայացուցիչների և այլ շահառուների:
«Մշակութային ուղիներ» ծրագիրը մեկնարկել է 1987 թ. Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության և մշակութային ժառանգության պահպանությանը և առաջընթացին՝ որպես մշակութային, սոցիալական կայուն զարգացման կարևորագույն գործոնի: Միաժամանակ, այն ցույց է տալիս, թե ինչպես է եվրոպական տարբեր երկրների մշակութային ժառանգությունը նպաստում համընդհանուր մշակութային ժառանգության պահպանությանը և կենսունակությանը:
2015 թվականից Հայաստանը «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ է:
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը 2024 թվականի տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ տարվա ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից հսկայական գումարներ, աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին։ Հերթականը «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծումն էր, որին ևս նմանատիպ դրամաշնորհներ սկսեցին հատկացնել։
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հարցը դեռ փետրվարի 29-ի նիստում զեկուցել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»։
Ավելի ուշ արդեն ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրությամբ ընդգծել էր, թե «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքետինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը:
Նշենք՝ այս հիմնադրամի նպատակներից մեկը նաև միասնական վարչատնտեսական կառավարման մոդելի ստեղծումն է, այդ թվում՝ միասնական տոմսային համակարգին անցումը։ Դեռ այդ օրերին մամուլում եղան հրապարակումներ, որ թանգարանային ոլորտի մասնագետները, փորձագետներն այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել։
Նրանք նկատել էին, որ թանգարանները, որոնք պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, վարելու են մեկ հաշվապահություն, ունենալու են մեկ ղեկավար մարմին, ինչը նշանակում է՝ լինելու է կենտրոնաձիգ ու միահեծան կառավարում, որով թանգարանները զրկվելու են ինքնակառավարումից և ինքնուրույնությունից։

