Փաշինյանի կոչին չլսած ի՞նչ 10-11.000 դասալիքի մասին է խոսում Աննա Հակոբյանը, որտե՞ղ է եղել հոր կոչը լսած Աշոտիկը և ե՞րբ է վերադարձել պատերազմից

Այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ակտիվացել է և բարձրաստիճան զինվորականներ է հրավիրում հարցաքննության, Աննա Հակոբյանը, հետ չմնալով իրեն գերագույն հրամանատար հռչակած ամուսնուց, ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ընթացքում պատերազմում պարտությունը գցեց բանակի «գրպանը»՝ ասելով, թե իբր 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում:

168.am-ը մարտի 21-ին ԱԱԾ հարցում է ուղարկել՝ պարզելու՝ 2020 սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում դասալքության և պետական դավաճանության քանի դեպք է արձանագրվել: Կառույցից հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ ժամանակ են խնդրել:

Նշենք, որ 2022-ի թվականի օգոստոսի 25-ին այս հարցը գրավոր տարբերակով ուղարկել էինք Գլխավոր դատախազություն, որին օրեր անց պատասխանել էին՝ նշելով, որ այս առնչությամբ հավաքագրված տվյալներ ՀՀ գլխավոր դատախազությունում առկա են միայն 2022թ. հունիսի 1-ի դրությամբ:

«Համաձայն խնդրո առարկա ժամանակահատվածում գործող ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով հարուցվել է 214 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 59 զինծառայող, այդ թվում՝ 1 շարքային և 58 պահեստազորային:

Կարդացեք նաև

Դատարան է ուղարկվել նշված հոդվածով 1 քրեական գործ, իսկ 11 գործով նախաքննությունը 2022թ. հունիսի 1-ի դրությամբ շարունակվել է:

Բացի այդ, ՀՀ քրեական նախկին (տվյալ ժամանակահատվածում գործող) օրենսգրքի 361-րդ հոդվածի 6-րդ մասի (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) հատկանիշներով հարուցվել է 192 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 71 զինծառայող, այդ թվում՝ 2 սպա, 12 պայմանագրային, 50 շարքային և սերժանտ, 7 պահեստազորային: Նշված քրեական գործերից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 47 քրեական գործով նախաքննությունը 2022թ. հունիսի 1-ի դրությամբ շարունակվել է»,- մանրամասնել էր դատախազությունը:

Դատախազության այս գրությունը, բնավ, չի խոսում 10.000 կամ 11.000 դասալիքի մասին: Հնարավոր է՝ այսօր Գլխավոր դատախազության մոտ նոր տվյալներ լինեն հավաքված այս մոտ 1 տարվա ընթացքում: ԱԱԾ-ից մեր հարցման պատասխանը սռանալուց հետո այս առնչությամբ կփորձենք ճշտումներ անել:

Նախքան այդ 10.000 կամ այսօր արդեն 11.000 դասալիքների մասին պնդումների վերաբերյալ ժամանակագրական որոշակի փաստեր ներկայացնենք:

Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահն իր ժողովրդին ուղղված ուղերձում նշել էր՝ «հայկական բանակում դասալիքների թիվը հատել է 10.000-ի սահմանը, ընդ որում, այդ մասին խոսում են իրենց պաշտոնական դեմքերը»:

Այս միտքը Ալիևը կրկնել է, մասնավորապես, 2021-ի օգոստոսին, 2022 թվականի սեպտեմբերին, 2023 թվականի փետրվարին, վերջին անգամ Ալիևն այդ միտքն արտահայտել է 2023-ի մարտի 18-ին:

Ինչ վերաբերում է հայաստանյան շրջանակներին, ապա 2021 թվականի փետրվարի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ «շուրջ 10 հազարից ավելի անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` պատերազմի դաշտից փախչելու կամ մարտական դիրքը լքելու վերաբերյալ»:

«Նախաքննական մարմինները պատերազմի ժամանակ դիրքը լքած կամ փախած անձանց այս օրերին կանչում են հարցաքննության, իսկ մարդիկ էլ ցուցմունք են տալիս՝ նշելով. «Պատրաստակամ կերպով գնացել ենք կռիվ, բայց ի՞նչ անեինք, երբ օդից կրակ էր թափվում, ու մեր աչքի առջը մեր ընկերները մոխրանում էին, ու մեզ այլ ելք չէր մնում, ստիպված փախչում էինք, որ փրկվենք, ի՞նչ անեինք, մնայինք մեռնեի՞նք»:

Քննիչները, լսելով նրանց ցուցմունքը, չգիտեն՝ ինչ անել, ինչ իրավական լուծում տալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործ հարուցված է 10 հազարից ավելի անձի նկատմամբ, և դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացվի նրանց գործողությունների հետ կապված»,- նշված էր թերթի հոդվածում:

Իսկ 2021 թվականի փետրվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով ստեղծելու առաջարկին, հայտարարել էր. «Այս պահին պատերազմի հետ առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող, որոնք ընթացքի մեջ են»:

Նույն միտքը Փաշինյանը մոտ 2 շաբաթ հետո կրկնել էր Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցի ժամանակ:

Իսկ արդեն 2021 թվականի փետրվարի 25-ին հրապարակվել է ՀՀ կառավարության 242-Ա որոշումը, որն առնչվում է ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին, և այնտեղ, մասնավորապես, նշվում էր.

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է շուրջ 1500 քրեական գործ՝ 12500-ից ավելի անձանց վերաբերյալ, այդ թվում՝ զորահավաքային զորակոչից խուսափելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության և զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքերով: Նշված քրեական գործերով ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Նշված գործերով քրեական հետապնդումն իրականացվում է 12 հրամանատարների, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպաների նկատմամբ»:

Ի դեպ, 2023 թվականի մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ»:

Ինչպես նշեցինք, ԱԱԾ հարցում ենք ուղարկել, ուստի պետական դավաճանության և դասալքության դեպքերին դեռ անդրադառնալու ենք:

Բայց 10.000 կամ ավելի դասալիք ունենալու պնդումների մասով հարկ է նկատել՝ Աննա Հակոբյանը Տավուշում խոսելով պատերազմի ժամանակ 11.000 դասալիք ունենալու մասին, շարունակել է. «11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն, պատկերացնում եք, չէ՞, դա ինչ թիվ է։ 44-օրյա պատերազմի ժամանակ երբ Գլխավոր գերագույն հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, այդ կոչին չէին հետևում»:

Այս համատեքստում հետ գնանք և հիշենք 2020 թվականի հոկտեմբերի 5-ի Նիկոլ Փաշինյանի մարտակոչը՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին։

«Նրանք զորահավաքային, մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, որովհետև օրենքը նրանց չի նախատեսել, բայց ես այսօր նրանց խնդրում եմ որպես կամավորական զինվորագրվել: Իմիջիայլոց, այդպիսի 10 հազար տղա կա Հայաստանում, և եթե այդ 10 հազարից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»:

Արդյո՞ք Աննա Հակոբյանը նաև նրանց նկատի ունի, գուցե անգամ 5000-ը չի արձագանքել գերագույն հրամանատարի կոչին: Եթե անգամ այդպես է, ուրեմն՝ օրենքի խախտում չկա, ըստ էության, խախտումը նրանց մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ մտցնելու փորձն էր: Իսկ զինվորականը և սպան ունի պարտավորություն, նրա կողմից խնդիրների կատարումը մարտակոչերին լսելով չէ: Սա՝ առաջին:

Երկրորդ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, հայտարարվել էր ընդհանուր զորահավաք, բայց մասնագետների կարծիքով, իրականում մոբիլիզացիա տեղի չունեցավ:

«Պատերազմի առաջին օրերին հայտնի անձանցից մեկը սկսեց գովել, թե տեսեք՝ հիմա մեր մոբիլիզացիան ճիշտ է, հստակ, բոլորիս ըստ մասնագիտությունների են զորակոչում, և այլն, և այլն: Այնինչ իրականում դա տեղի չունեցավ, և բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր:

Եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), ստեղծվեին համապատասխան ուժերը, ի վերջո, 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը: Դա ամենամեծ ռազմաքաղաքական սխալն էր, մնացած ամեն ինչը սկսվում է այստեղից: Չկար կառավարման հստակ համակարգ, որի արդյունքում ստացանք այս իրավիճակը»,- 2020 թվականի նոյեմբերի 13-ին 168.am-ին տված հարցազրույցում ասել էր պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը:

Ավելի ուշ պատերազմի շատ մասնակիցներ վկայեցին, որ պատերազմի դաշտում խնդիրը, խուճապը մոբ ուժերը, այսպես ասած, պատահական կամավորներն են ստեղծել: Զորահավաքի կազմակերպման պատասխանատուն կառավարությունն է, այսինքն, Նիկոլ Փաշինյանը ձախողել է մոբիլիզացիան: Երրորդ՝ եթե ընդունենք, որ այդքան դասալիք ենք ունեցել, ապա որտե՞ղ են այդ անձինք, քրեական գործերը, մինչև հիմա անգամ, ըստ էության, պատասխան չեն տվել պատերազմի օրերին մի քանի մարզերում, մասնավորապես՝ Տավուշում պայմանագրայինների ավտոբուսի դիմացը փակողները, որ նրանք չգնան Արցախ, նաև դրա կազմակերպիչներն ու կատարողները: Իհարկե, 2022 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան՝ նշել էին, որ պատերազմի ժամանակ պայմանագրայինների ճանապարհը փակելու փաստով մեղադրվողներ կան:

«Հայտնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Ձեր հարցման մեջ հիշատակվող հանգամանքների կապակցությամբ, 2020թ. հոկտեմբերի 15-ին Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում, 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը պատերազմի ժամանակ) և 38-364–րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելուն օժանդակելը պատերազմի ժամանակ) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել անձի, որոնցից 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-364-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասվում էր ՔԿ գրության մեջ:

Աշոտ Փաշինյանի կամավորական ուղին 44-օրյա պատերազմում

Վերադառնանք Աննա Հակոբյանի հայտարարությանը և մի քանի փաստ ներկայացնենք Աշոտ Փաշինյանի պատերազմական կենսագրությունից:

Ինչպես նշեցինք, 2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան:

Այդ տարվա ամռանը զորացրված Աշոտ Փաշինյանն անմիջապես հետևել էր հոր կոչին և նույն օրը հավաքակայանից լուսանկար հրապարակել: 

«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»,- գրել էր Փաշինյանի որդին:

Ավելի ուշ՝ հոկտեմբերի 7-ին, Աննա Հակոբյանը «Երեք փխրուն աղջիկները» վերտառությամբ լուսանկար է հրապարակում` թվագրված և նշված 5.10.2020թ., Ստեփանակերտ, որտեղ երևում է նաև Փաշինյանի տղան՝ Աշոտը:

Ավելին, 2020 թվականի հոկտեմբերի 2-ին «Հայկական ժամանակը» տեսանյութ է հրապարակում՝ «Աննա Հակոբյանն այցելել է Շուշիի ապաստարաններ և զրուցել բնակիչների հետ», որտեղ երևում է նաև Աշոտ Փաշինյանը:

Իսկ 2020-ի հոկտեմբերի 8-ին տարածվել էր «Զինուժի» ռեպորտաժը  Աշոտ Փաշինյանի՝ կամավոր պատերազմ մեկնելու մասին, որը, թերևս, ավելի ուշ էին նկարել:

Իսկ 2020-ի հոկտեմբերի 12-ին արդեն իշխանական շրջանակներից Աշոտ Փաշինյանի վիրավորվելու մասին լուրեր տարածվեցին: Մասնավորապես, այդ օրը համացանցը և մեդիադաշտը բուռն քննարկել էր իմքայլական նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառումը, թե իբր կամավորական բժշկից նամակ է ստացել, որում ասվում էր.

«Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրայիլից զինվոր են բերել ազդրի հրազենային կոտրվածքով: Ասի, հերոս ջան, ասեց՝ հերոսը Փաշինյանի տղեն ա, գրադը խփեց, սաղ փախան, մի քանի հոգի մնացին ու Աշոտը»:

Նույնատիպ տեքստով գրառումներ ֆեյսբուքյան իրենց էջերին անմիջապես տեղադրեցին նաև իմքայլական այլ պատգամավորներ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը:

Ավելի ուշ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ազգությամբ եզդի կամավորական Արմեն Հասանյանը վստահեցրել էր, թե իբր Աշոտ Փաշինյանն իր հետ Ջաբրայիլում է եղել, և առաջին հարվածն էլ ընդունել է նրա ջոկը, ցավոք, զոհեր են ունեցել:

«Ինչքանով ես եմ տեղեկացված եղել՝ նրա առաջադրանքը եղել է հետախուզական աշխատանքներ իրականացնելը: Եվ երբ նրանց ուղարկել էին դիտակետ հետախուզական աշխատանքներ իրականացնելու, այդ ժամանակ հակառակորդը սկսեց իր հրթիռահրետանային զարկերն իրականացնել»,- շարունակել էր Հասանյանը և հավելել՝ Աշոտ Փաշինյանի հետ Երևանից մեկնած նույն ավտոբուսով սկզբում եղել են Կուբաթլիում, զորավարժանքներ են եղել, այնուհետ՝ Ջաբրայիլում:

Իսկ 2020-ի հոկտեմբերի 13-ին Աննա Հակոբյանն այսպիսի մի գրառում էր կատարել.

«Երբ ամեն զանգից վեր ես թռչում, սրտիդ աշխատանքն արագանում է, ծնկներդ ծալվում են, աչքերիդ առաջ մթնում է, ուսերիդ ծանրությունից ողնաշարդ չես կարողանում ուղիղ պահել, ուզում ես ավելի շուտ հողի տակ անցնել, բայց հանկարծ այդ զանգը քեզ քո զինվոր որդու մասին վատ լուր չբերի կամ ասում ես՝ Աստված իմ գոնե վիրավորված լինի։

Նույն պահին մտածում ես մյուս ձագերի մասին, որոնց ոչ թե անձամբ դու ես կաթ տվել, փայփայել ու մեծացրել, այլ քո նման մեկը։

Մենք՝ բոլոր հայ մայրերս քիչ-քիչ մահանում ենք մեր ամեն մի հերոս զինվորի, բայց մեր սրտում՝ մեր «ձագի, գառնուկի» հետ միասին։

Որդի կորցրած մայրը մահանում է իր բալի հետ միասին, պարզապես դա ֆիզիկապես արձանագրվում է ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի։

Մեզ՝ մայրերիս համար սա դժոխք է։

Բայց մենք ո՛չ հայրենիք և ո՛չ էլ արժանապատվություն չունե՛նք թշնամիներին տալու։

Հայ ժողովուրդը այլևս երբե՛ք չի ցեղասպանվելու։

Հայ մայրը անցնելու է դժոխքի միջով, բայց իր որդուն անարժանապատիվ նահանջի չի՛ դրդելու»:

Հավելենք, որ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ «Զինուժի» տեսանյութում երևում էր փոխգնդապետի կոչումով հրամանատար Աշոտ (Արշալույս) Չոբանյանը, ով 22 տարի ծառայությունից հետո թոշակի էր անցել, բայց պատերազմը սկսելուց մեկնել էր առաջնագիծ: Հրամանատարը պատերազմից հետ չեկավ: Նրա հիշատակի օրը հոկտեմբերի 13-ին է:

Ի դեպ, 2021 թվականի մայիսին Դավթաշեն վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատերազմի օրերին որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առաջնագծից ոչ ոք չի էվակուացրել, եղել է նահանջ:

«Հիմա էլ եկել են, ասում են՝ 1800 զոհ են տվել, որ վարչապետի որդուն էվակուացնեն: Վարչապետի որդուն ոչ ոք չի էվակուացրել, վարչապետի որդին իր ստորաբաժանումների հետ նահանջել է, ինչպես մյուսները»,- շարունակել էր Փաշինյանը:

Նույն թվականի մայիսին ԱԺ-ում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ իր որդու եղած վայրում ամենաշատ զոհերն ենք տվել:

«Ասում են՝ 5000, 7000 մարդ տարավ կոտորեց, այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում՝ այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք կողքի մարդ է եղել՝ մարմիններով իրար կպած, զոհվել է, որևէ մեկը չէր կարող որոշել, որ զոհվողը պետք է լիներ այդ մարդը, ոչ թե իմ որդին: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է»,- նշել էր Փաշինյանը:

Իր հերթին պատերազմից հետո Աշոտ Փաշինյանը՝ freenews.am-ին տված հարցազրույցում՝ խոսելով նահանջների մասին, շեշտել էր.

«Մահը պատերազմի բոլոր պարագաներում կա, մնացած ամեն ինչը բոլոր պարագաներում կա, բայց միակ բանը, որը ոչ միշտ է լինում, դա հայրենիքի կորուստն է՝ կա՛մ կկորցնես, կա՛մ՝ չէ: Ամեն մի նահանջը քո համար մի նոր հարված է, որը կարող էր ուրիշ ձև լինել»:

Եթե ընդունենք, որ Աշոտ Փաշինյանը եղել է Ջրականում, կամ հարավային որևէ հատվածում, ապա հետաքրքիր է՝ Ջրականի անկումից կամ, այսպես ասած, վիրավորվելուց հետո որտե՞ղ է եղել, արդյո՞ք զորացրվել է:

Կապիտուլյացիայի ստորագրումից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել, թե՝ «Իմ կինը և որդին դիրքերում մարտական հերթապահության են»:

Թե պատերազմի ավարտից հետո այդ որտե՞ղ էին հերթապահում, մինչ օրս հայտնի չէ: Նմանատիպ գրառում նույն օրն արել էր նաև Աննա Հակոբյանը:

«Մոտ մեկ ժամ առաջ մեր դիրքեր «հրատապ» լուր եկավ, որ ես և իմ ջոկատը պետք է շտապ լքենք դիրքերը և վերադառնանք Երևան։

Ես պատասխանեցի, որ մինչև ամուսնուս հետ չխոսեմ, ոչ մի տեղ չեմ շարժվի։ Տեղափոխվեցի վայր, որտեղ հնարավոր է կապ հաստատել, և ինչպես և վստահ էի, ՀՀ վարչապետը՝ իմ ամուսինը ասաց, որ որևէ տեղ չգնամ»,- գրել էր Հակոբյանը:

Մինչև հիմա հայտնի չէ, թե դասալքությունից խոսող Աննա Հակոբյանն ինչո՞ւ միայն հոկտեմբերի 26-ին որոշեց մտածել պատերազմին մասնակցելու մասին, ինչո՞ւ մարտական առաջադրանքի պատրաստ եղավ միայն նոյեմբերի 6-ին, և մինչև պատերազմի ավարտը որտեղ է կռվել: Բացի այս հարցերից, Հակոբյանը պետք է պատասխանի՝ որտեղից իրեն 11.000 դասալիքի մասին տեղեկություն: Ասել կուզենք՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը և իրավապահ մարմինները Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մարտական ուղին չպետք է աչքաթող անեն, նրանց հայտարարությունները, ինչո՞ւ չէ՝ գերագույն հրամանատարի պարտականությունների կատարման որակը:

Ի դեպ, ավելի ուշ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ակնարկել է, որ Աննա Հակոբյանի՝ դասալիքների  մասին հնչեցրած թիվը՝ 11.000, «գուցե մի քիչ շատ է», և որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դրա հետ կապված իր պարզաբանումը կստանա:

«Երբ որ հաստատվի 11.000 է, թե 12.000, այն ժամանակ ես ձեզ հստակ կասեմ՝ քանի քրեական գործ է հարուցվել և ուր են հասել այդ քրեական գործերը»,- ասել է Քոչարյանը՝ շեշտելով, որ պատրաստված աշխարհազոր չենք ունեցել, այսինքն՝ մարդիկ չպատրաստված գնացել են պատերազմ, ինչը հանգեցրել է «խառնաշփոթի և պանիկայի»:

Տեսանյութեր

Լրահոս