«Էռատո» ջոկատի «ինստրուկտորը»՝ կորպուսի հրամանատար 

168.am-ը գրել է, որ ՀՀ նախագահի հրամանագրով կադրային փոփոխություններ են կատարվել ՀՀ զինված ուժերում:

Մասնավորապես, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Սասուն Բադասյանը՝ փոխարինելով Սմբատ Գրիգորյանին, որը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ:

Սասուն Բադասյանը տարբեր ժամանակահատվածներում զինված ուժերում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:

Ուշագրավը, սակայն, այն է, որ Բադասյանը 44-օրյա պատերազմի օրերին եղել է Աննա Հակոբյանի՝ «Էռատո» ջոկատի, այսպես ասած, «ինստրուկտորը»:

Կարդացեք նաև

168.amգրել էր, որ 2020-ի հոկտեմբերի 26-ին Աննա Հակոբյանը   ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ո՛չ հայրենիք, ո՛չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»:

«Էռատո» ջոկատը պատրաստ էր մարտական առաջադրանք կատարելուն միայն նոյեմբերի 6-ին:

Իսկ  երբ արդեն ստորագրված էր կապիտուլյացիոն փաստաթուղթը, 2020-ի նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանը գրառում էր արել, թե չի պատրաստվում լքել դիրքերը: Գրառմանը կից տեսանյութում «Էռատո» ջոկատը աղոթք էր անում:

168.am-ն անդրադարձել էր Աննա Հակոբյանի «պատերազմական» մանիպուլյացիաներին՝ ինչն է նրանց  համար ծառայել որպես խրամատ, և գորիսյան ինչ արկածներ է ունեցել «Էռատո» ջոկատը:

Ի դեպ, բնավ, չենք ցանկանում նսեմացնել Սասուն Բադասյանի զինվորական ուղին, մյուս կողմից, սպան ինքն է կամա թե ակամա մասնակից դարձել Աննա Հակոբյանի բեմադրած շոուին, երբ պատերազմում ամոթալի պարտություն էինք կրել:

Տեսանյութեր

Լրահոս