Պատերազմի ժամանակ Տավուշում պայմանագրայինների ճանապարհը փակելու փաստով մեղադրվողներ կան
Մոտ մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆակտորին» տված հարցազրույցում պատմել էր.
«44-օրյա պատերազմի ժամանակ ստորաբաժանում է եղել, որը շրջափակման մեջ է գտնվել, փորձ է արվել Բ ստորաբաժանումը հանել ի աջակցություն Ա ստորաբաժանման և փրկել այն, խնդիր լուծել: Մարդիկ են զանգում Բ ստորաբաժանման ընտանիքներին, ժողովուրդը դուրս է գալիս և փակում այս ստորաբաժանման ճանապարհը, և այն չի կարողանում տեղ հասնել և չի գնում: Ա ստորաբաժանումը մնում է իր տեղում, և բոլորը կամ մեծ մասը զոհվում են: Ռազմական դրություն չլինի, ինչ ուզում է լինի, պետք է նայել քաղաքացիական անձա՞նց, ովքեր զինված ուժերի որևէ ստորաբաժանման դեմը կարան կանգնե՞ն, թե զինված ուժերի ստորաբաժանումը պետք է անցնի, անգամ՝ եթե ես կանգնած եմ, իմ վրայով»:
Թե որտեղի, ինչ ստորաբաժանման մասին է խոսքը երկու դեպքում էլ, Մարուքյանը չի գաղտնազերծել, չի բացահայտել նաև՝ որտեղից այդ տեղեկությունն իրեն: Նա նաև չի տվել կոնկրետ անուններ, թե ովքեր կամ ում կողմից կարող էին լինել այդ մարդիկ։ Եթե ենթադրենք՝ ճիշտ է, ինչու իշխանությունը դա չի կանխել, մեղավորին հենց այդ պահին պատժել պատերազմի օրենքներով:
Իսկ պատերազմի ընթացքում ՀՀ տարբեր հատվածներում նման դեպքեր եղել են, մասնավորապես, այդ օրերին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին Տավուշում պայմանագրայինների ճանապարհը հարազատների կողմից փակելու դեպքերի մասին, որպեսզի չգնան Արցախ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ պայմանագրայիններից շատերը չեն հեռացվել համակարգից, և սա արդեն իսկ հուշում է ինչ-որ կասկածելի իրավիճակի մասին:
168.am-ն այս դեպքերի հետ առնչությամբ սեպտեմբերի 30-ին գրավոր դիմել էր ՀՀ քննչական կոմիտե հետևյալ հարցադրումներով՝
1. 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում քանի նման դեպք է արձանագրվել, որտե՞ղ՝ մարզ, քաղաք, գյուղ, արդյո՞ք հարուցվել են քրեական գործեր, եղե՞լ են մեղադրյալներ, ի՞նչ մեղադրանքով, ի՞նչ փուլում են այդ գործերը, եթե հարուցվել են, իսկ եթե գործերը փակվել են, ի՞նչ հիմնավորմամբ:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն իր պատասխան-գրության մեջ շրջանցել է որոշ հարցեր:
«Հայաստանի Հարապետության քննչական կոմիտեի նախագահին 30.09.2022թ. հասցեագրած Ձեր հարցումը 03.10.2022թ. ստացվել և քննարկվել է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։
Հայտնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Ձեր հարցման մեջ հիշատակվող հանգամանքների կապակցությամբ, 2020թ. հոկտեմբերի 15-ին Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում, 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը պատերազմի ժամանակ) և 38-364–րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելուն օժանդակելը պատերազմի ժամանակ) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-364-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ գրության մեջ:
Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկած լինեն նրանց պատժել ռազմական օրենքներով, և նա հրաժարված լինի:
Հնարավոր է՝ մեղավորներն ավելի շատ են եղել, բայց մեղադրվում են միայն 4-ը:
Մի բան հստակ է՝ բանակում նման դեպքերի «մեղավորը» Նիկոլ Փաշինյանն է, եթե հաշվի առնենք միայն 2018թ. ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ համազգեստներով զինծառայողների միանալու փաստը, որոնք այդպես էլ որևէ պատասխանատվություն չկրեցին:
Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը թվով 209 զինծառայողների մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:
«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ի՞նչ ուժերի ազդեցության տակ են, ինչպես, և այլն»,- ասել էր նա:
Բայց, ինչպես նշեցինք, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, ավելին՝ այդ ժամանակ խաղաղապահ բրիգադի հրամանատար եղած Վաղինակ Սարգսյանն ավելի ուշ նշանակվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար՝ 2018թ. հունիսի 11-ին, և 2020թ. հոկտեմբերի 26-ին ազատվեց պաշտոնից:
Այսօր նա «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարն է: