«Եթե մարդու մտքին տեղ լինի հայրենիքը պաշտպանելու, այդ կածանը կգտնի ու կգնա Արցախ. գնալու ենք, եթե ոչ կածանով, ապա Լաչինի միջանցքը ճեղքելով, թող թուրքը ռիսկ անի պատերազմ սկսի». Ռաֆիկ Ղազինյան
Արդեն 109-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ 120 հազար խաղաղ բնակիչներ գտնվում են հումանիտար աղետի մեջ։ Ադրբեջանն Արցախը շրջափակելուց զատ, գրեթե ամեն օր կրակում է խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ խանգարելով, որպեսզի նրանք իրենց հողը մշակեն։ Դրան զուգահեռ՝ նաև փորձում է իր առաջխաղացումն ապահովել դեպի Ստեփանակերտ։
Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջախաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:
168.am-ի հետ զրույցում Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանն ասաց, որ, տեսնելով, թե այսօր ինչ է կատարվում Արցախի շուրջ` ակամայից հիշում է 1988-1989 թվականները, երբ Արցախը կրկին նույն վիճակի մեջ էր։
«1989 թվականին Խորհրդային Միության կազմում էինք ապրում, գործում էին տարաբնույթ ծառայություններ, որտեղից մեզ մշտապես կանչում ու ահաբեկում էին։ Այն ժամանակ ես մեր քաղաքի, այսպես կոչված, Ղարաբաղ կոմիտեի նախագահն էի։ Հիմա ես հետ եմ գնում ու իրադարձությունների մասին պատմում, որպեսզի պատկերացնեն, թե այն ժամանակ ինչ վիճակում էինք։
1988 թվականին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, մենք որոշեցինք, որ կարող ենք Գյումրից թռիչքներ իրականացնել դեպի Իվանյանի օդանավակայան, այն ժամանակ Խոջալու էինք ասում, մենք կարողացանք այդ ժամանակ զենք ու զինամթերք տեղափոխել։ Առաջին մարտական ջոկատը, որ կարողացավ մտնել Արցախ՝ մեր և Էջմիածնի ջոկատներն էին։ Մենք գնացել ու 6 ամիս շարունակ պաշտպանել ենք Արցախի Ղազանչի գյուղը՝ 1989 թվականի սեպտեմբերի 4-ից։ Այն ժամանակ էլ Լաչինը փակ էր, բայց մենք կարողանում էինք ճանապարհներ գտնել ու հասնել Արցախ՝ տանելով ոչ միայն զենք ու զինամթերք, այլև պաշտպանել մեր հայրենիքը։ Առհասարակ չի կարելի ասել Արցախ, Հայաստան, երկուսն էլ մեր ընդհանուր հայրենիքն են, ով մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին, չի ասել՝ Արցախ ենք պաշտպանում, ասել է՝ մեր հայրենիքն ենք պաշտպանում, որովհետև այդ հայրենիքը սկսվում է Քուռ-Արաքսի խառնարանից։ Այդ բաժանումներով մեր տունը քանդեցին, մարդկանց բաժանեցին գորիսեցու, ղարաբաղցու, հայաստանցու»,- նշեց Ռաֆիկ Ղազինյանը։
Ըստ ԳԽ նախկին պատգամավորի, 1988 թվականին էլ հեշտ չէր Արցախի համար, բայց հայությունը մտահոգ էր, ճանապարհներ էր փնտրում ու հասնում Արցախ, լիներ ուղղաթիռով, թե այլ ճանապարհով։ Ավելին՝ փոքր ջակատները, որոնք հասան Արցախ, առաջացրեցին մեծ ոգևորություն, ու դրանից հետո արդեն սկսվեց պաշտպանական ջոկատների ձևավորումը։
«Այն ժամանակ Լաչինով որևէ ճանապարհ չկար, բայց դե կարողանում էինք կածաններով հասնել Արցախ, մարդիկ որսորդություն էին արել, ծակ ու ծուկը գիտեին։ Բայց ի տարբերություն այսօրվա, այն ժամանակ կար Հադրութի շրջանը, Քարինտակը, նաև Շահումյանի շրջանն էր մերը։ Բայց մեկ բան հստակ է, եթե մարդու մտքին տեղը լինի իր հայրենիքը պաշտպանելու, ապա հավատացեք՝ հաստատ այդ կածանը, ճանապարհը կգտնի ու կգնա Արցախ։
Հավատացեք, ինքս ծանր եմ տանում այս ամենը, ամաչում եմ, օրինակ, այս ամենի համար։
Մեր հերոս Պետոյի՝ Պետրոս Ղևոնդյանի, հիշատակի օրն էր, գնացել էի Պռոշյան ու խեղճացած նայում էի, որովհետև չգիտեմ՝ ինչպես բացատարեմ Արցախի համար զոհված իմ թանկ ընկերներին, որ իրենց կյանքի գնով ազատագրեցին ու ստեղծեցին մեծ հայրենիք, ու այսօր 42 հազար քկմ տարածքից թողել են 29 հազար քկմ, դրանից 100-ից ավելին էլ ենք կորցրել։
Փոխանակ մեր տարածքների եղած թիվը կլորացնենք, ասենք՝ 30 հազար, ձեռքի հետ ասում ենք՝ 29 հազար քկմ։ Մեր հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրը ներծծված է շատ թանկ արյունով, մեր զոհված ազատամարտիկների, թանկ ընկերների արյունով։ Այսօր մեր հողը ոգեղեն է, լինի թուրքի վերահսկողության տակ, թե մեր վերահսկողության տակ, և այդ ոգեղեն հողը մեզ կանչում է, ինքս գոնե այդ հույսով եմ ապրում։ Ես 90-ականներին, 2016 թվականին ու 2020 թվականի պատերազմներին եմ մասնակցել, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էլ Վարդենիսում եմ եղել, բաց չեմ թողել որևէ մարտական գործողություն։ Մտածում եմ, որ Աստված ինձ այդքանից հետո ողջ է պահել մեկ բանի համար, որովհետև կարող էի, չէ՞, ողջ չմնալ, որ ես տեսնեմ ազատագրված Արցախ, Հադրութ, Շուշի ու մնացյալ տարածքները։ Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես այդ հավատով ու հույսով եմ ապրում»,- հավելեց Ռաֆիկ Ղազինյանը։
Նա ցավով արձանագրեց, որ ի տարբերություն 1988 թվականին, այժմ ժողովրդի մի հատվածն անտարբեր է, ազատագրված հայրենիքի հույսով ապրում ու գործում է ժողովրդի մի հատվածը։
«Իհարկե, Աստված ոչ անի, բայց բոլորովին էլ պարտադիր չէ, որ Երևանի կենտրոնում ռումբ ընկնի, նոր երևանցին հասկանա՝ ինչ է կատարվում։ Ես իմ մայրաքաղաքը միշտ սիրել եմ, բայց այսօր չեմ սիրում, անհոգ սրճարաններում նստած երևանցին քեֆ է անում այն պահին, երբ մենք սահմանին զոհեր ենք ունենում, տոնակատարություններ են անում, թե ինչի վրա, չեմ հասկանում։
Այսօր ես ամաչում եմ նայեմ իմ զոհված ընկերների նկարներին, բայց մարդիկ անհոգ ապրում են, այնպիսի տպավորություն է, որ իրենք այլազգի են, ապրում են Հայաստանում ու ցանկացած պահի կարող են վերադառնալ իրենց հայրենիք։ Մեր հայկական կոդը պիտի վերականգնվի, բոլորին եմ մեղադրում, նաև մեզ, որ 90-ականների պայքարը մենք ճիշտ չներկայացրեցինք, չմտանք մանկապարտեզ ու դպրոց, չներկայացրեցինք ամեն ինչ, գրեցինք երգեր, որոնցից մի քանիսի հեղինակն էլ ես եմ, բայց դրանք այսօր ես լսում ու ամաչում եմ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ռաֆիկ Ղազինյանի բնորոշմամբ՝ թուրքն ու ադրբեջանցին ամենավախկոտ զինվորն են, ոհմակի նման են, շատ լինելու դեպքում կարող են հարձակվել, սակայն, երբ մեկին վերացնում ես, վախը տարածվում է մյուսների մեջ։ Հետևաբար՝ վախենալու որևէ բան չկա, նույն վախկոտ թուրքն է։
«Հիմա բոլորը վախենում են, թե՝ վայ, պատերազմ կլինի, պատերազմից վախենալու կարիք չկա, բայրաքթարներից վախենալու կարիք չկա։ 90-ականներին բայրաքթարների փոխարեն՝ ուղղաթիռները 3-5 կիլոմետրից մեզ հարվածում էին չկառավարվող հրթիռներից, բայրաքթարները գոնե տեսնում ենք, իսկ նա հեռվից գալիս էր, ու մենք չէինք տեսնում, ձայնը չէինք լսում։ Այն ժամանակ էլ էինք մենք ասում՝ բացազատվեք, ցրվեք, հիմա էլ ենք ասում։
Հիմա, Աստված ոչ անի, հենց Ղարաբաղում պատերազմ սկսվեց, վստահ եմ, որ ինձ նման հազարավոր մարդիկ կածաններով, կամ, ինչո՞ւ չէ, Լաչինը ճեղքելով՝ մտնելու են Արցախ։ Ինքս ամենօրյա կապի մեջ եմ Արցախում գտնվող իմ ընկերների հետ, և ինձ ոգևորում է այն ոգին, որը նրանք ունեն, ինչպես 90-ականներին։
Երբ թշնամին հասել էր Վանք գյուղ ու ժամերի ընթացքում մտնելու էր Ստեփանակերտ, մենք մեր մեջ ոգի գտանք՝ նրան հետ մղել, որից հետո ազատագրեցինք ոչ միայն Մարտակերտը, այլև պատմական մյուս հողակտորները։ Հաստատ գնալու ենք, եթե ոչ կածանով, ապա Լաչինի միջանցքը ճեղքելով, թող թուրքը ռիսկ անի պատերազմ սկսի»,- եզրափակեց Ռաֆիկ Ղազինյանը։