Բաժիններ՝

Հասկանում ենք, ծառը ծերանում է, բայց վստահության խնդիրը կարևոր է. Բնապահպանը՝ Երևանում հատվող ծառերի մասին

«Եթե Երևանի քաղաքապետարանն ուզում է ինքնաոչնչացման կնոպկան սեղմի՝ թող շարունակի Կասկադի ծառերի ոչնչացման կասկածելի ու անգրագետ որոշումը փորձել իրականացնել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Նա հիշեցրել է, որ Կասկադը քաղաքի և Կենտրոնի ամենաճանաչված և սիրված վայրերից է նաև տուրիստների համար:

Կարդացեք նաև

«Ժամանակին, երբ նախկինում սրճարանները գռեհկաբար տեղադրված էին մեջտեղի-հասարակական տարածքում, և այդ սեփականատերերը բնակիչների բողոքներից հետո իբր որոշեցին և լուծում բերեցին՝ Կասկադի հետ կապ չունեցող անկապ բարդիներ տնկեցին»,- նշել է նա:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ բնապահպանները հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, և իրենց ասել են՝ մեծ ծրագիր կա և ռեսուրս, որ հին ծառերը, որոնք հիվանդ են, պետք է փոխարինել նոր ծառերով: Վստահեցրել են նաև, որ տնկիները շատ փոքր չեն լինելու:

«Ասացի, որ հասկանում ենք, ծառը ծերանում է, բայց վստահության խնդիրը կարևոր է, քանի որ միշտ տեսել ենք, որ հեկտարներով ծառեր են հատվել, և փոխարենը՝ ոչինչ չի արվել: Նշեցի, եթե ասում են, որ փոխարինելու են, ապա կոնկրետ ծառը պետք է ցույց տան, եթե ոչ, ապա մենք կարող ենք այդ ամենը կասկածի տակ դնել: Ոչ թե կարող ենք, այլ մարդիկ կասկածում են, ու ոչ ոք ոչինչ չի կարող ասել, քանի որ կա բազմամյա վատ փորձ»,- նկատեց Ինգա Զարաֆյանը:

Քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն էլ հիշեցրեց՝ դեռևս 1990-ական թվականներին, երբ ուզում էին, որ խանութի անունը երևա, ու ծառը խանգարում էր, բռնում ու այն կտրում էին:

«Մեզ մոտ շատ շոգ է, սաղարթախիտ ծառեր պետք է լինեն. չինարի ծառ, լիպայի ծառ և այլն: Դրանք պետք է բերեն, այսպես չի լինի: 1900-ական թվականներին, երբ Եվրոպայում շատ վատ է եղել էկոլոգիան, ամեն քայլափոխին կանաչ են արել»,- ընդգծեց Մարիամ Խաչատրյանը:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն էլ Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ մարտի 23-ից մեկնարկում է երկար սպասված` կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով: Օրինակ՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Կառավարության շենքին հարող մայթեզրերի դեֆորմացված ծառերը կփոխարինվեն թեղի տերևաշատ գնդաձև ծառատեսակներով:

Տեսանյութեր

Լրահոս