Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառահատումների վերաբերյալ քննարկում-բանավեճերը պարբերաբար դառնում են սոցցանցերի օգտատերերի և ԶԼՄ-ների թոփ թեման։ Ծառահատումների վերաբերյալ այդ բանավեճերում որոշ օգտատերեր իրենց դժգոհությունն էին արտահայտել, որ այդ թեման, փաստորեն, բնապահպանական գործունեությամբ հայտնի ակտիվիստների ուշադրությանը չի արժանանում, նրանք լուռ են, ինչպես աղտոտված ջրերի ձուկը։ Համենայնդեպս, ոչ ոք բողոքի ակցիաներ չի իրականացնում, նստացույց չի անում, ճանապարհ չի փակում, ինչպես արվում էր ամեն պատեհ ու անպատեհ առիթով նախկինում՝ մինչև 2018-ի տխրահռչակ հեղափոխություն կոչվածը։
Մայիսի 27-ին Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել էր 3 հսկայական բարդի՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։
Մայիսի 28-ին Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել են 3 հսկայական բարդի՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։ Տեղեկությունը հայտնել էր Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
«Հասկացանք, որ շատ ծառեր կորցրել են կենսունակությունը, բայց մեկումեջ պետք է պահեին, որ ամառը կարողանայինք անցկացնել: 3-4 տարի հետո այս նոր ծառերը կմեծանային, նոր մնացածը կկտրեին: Այսպես անապատ է լինելու: Սակայն, եթե վերցնում ու մասսայական կտրում են, կարող են կանաչ տարածքների վերակազմակերպում անել և երթևեկելի հատվածի մասով որոշ տեղերում փոփոխություն կատարել, որի արդյունքում կանաչ տարածքները կավելանան: Ի դեպ, տեղեր էլ կան, փոխանակ կանաչապատեն՝ կառուցապատում են, վառ օրինակ դեպի Պոլիտեխնիկ գնացող հատվածը»,- նշեց Մարիամ Խաչատրյանը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ բնապահպանները հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, և իրենց ասել են՝ մեծ ծրագիր կա և ռեսուրս, որ հին ծառերը, որոնք հիվանդ են, պետք է փոխարինել նոր ծառերով: Վստահեցրել են նաև, որ տնկիները շատ փոքր չեն լինելու: