Ալիևը խոստովանել է՝ Թալիշի ուղղությամբ հաջողություններն ազդել են պատերազմի ընթացքի վրա. արդյո՞ք միայն խնջույքն էր պատճառը
Մարտի 18-ին Արցախի օկուպացված Թալիշ գյուղ այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Թալիշ գյուղի ուղղությամբ մեր ունեցած հաջողությունները մեծ նշանակություն ունեցան պատերազմի հետագա ընթացքի վրա: Միաժամանակ, սա բարձրացրեց ժողովրդի և բանակի ոգին, որովհետև Թալիշ գյուղի ռազմավարական նշանակությունը բոլորին է հայտնի»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 168.am–ի խնդրանքով խոսել է Թալիշի և Մատաղիսի ռազմավարական կարևորության մասին։
«Մատաղիսը եղել է կարևոր հանգույց, որովհետև Սարսանգի ջրամբար, այնուհետ՝ Մատաղիսի ջրամբար, այդ հատվածն է եղել: Այսինքն, հիդրո և, առհասարակ, ռազմավարական տեսանկյունից Արցախի համար շատ կարևոր ենթակառուցվածք է եղել, ուստի պատահական չէ, որ 2016 թվականի մարտական գործողությունների ժամանակ էլ Ադրբեջանը փորձում էր Մատաղիսի նկատմամբ վերահսկողություն ստանալ: Այս 44-օրյա պատերազմի ժամանակ բավականին արագ ընկավ Թալիշը, որից հետո արդեն Մատաղիսի նկատմամբ հարձակման ճակատը բավականին մեծ է եղել: Մատաղիսի հատվածում՝ Տոնաշեն, Հակոբ Կամարի, Մարտակերտ, իհարկե, հաջողվեց մեր ուժերին կանխել ադրբեջանական հետագա առաջխաղացումը: Մյուս կողմից, դա նաև պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը պատերազմի երկրորդ շաբաթվա ընթացքում հիմնական ուժերը կենտրոնացրեց հարավային ուղղությամբ, և հիմնական գործողությունները հարավից էին իրականացվում»:
Հիշեցնենք, որ պատերազմի առաջին օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հարձակումն առավոտյան ժամը 7-ի սահմանում է սկսվել և ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս:
«Այո՛, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր»,- նշել էր նա:
Պատերազմի օրերին այդ ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար եղած Սամվել Բաբայանն էլ հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը:
Նշենք, որ պատերազմի առաջին օրերին ընկել են Թալիշը, Մատաղիսը, հակառակորդին հաջողվել էր գրավել Արեգասարի բարձունքը՝ ունենալով որոշակի առաջխաղացում «Եղնիկների» պաշտպանության տեղամասում:
Հավելենք, որ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկը վերաբերում է «Արեգա» բարձունքին:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։
Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։
2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ. նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։
2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի հիմնական կենդանի ուժը, զրահատեխնիկան, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:
Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի կողմից տրված «նահանջ» հրամանը, որպիսի հանգամանքից վրդովված՝ վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։
Զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք, և կստեղծվի յուրային ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։
Մինչդեռ, ըստ ՔԿ-ի, Միքայել Արզումանյանն օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Արզումանյանին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում՝ ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:
ՊԲ նախկին հրամանատարի գործողությունների հետևանքով յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության՝ առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը:
2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին):
Եթե մի պահ ընդունենք, որ ՔԿ հաղորդագրության մեջ ասվածը ճիշտ է, ապա սա վկայում է պատերազմի օրերին քաոսի և բարդակի մասին, այդ ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի և գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի՝ իրենց տեղում չլինելու մասին:
Իհարկե, այս դեպքում ստացվում է, որ Արզումանյանը նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին է շրջանցել, այսինքն՝ իր վերադասին, քանի որ նա այդ ժամանակ, ինչպես նշեցինք՝ ՀՀ ԶՈՒ-երում է պաշտոն զբաղեցրել:
Սակայն, մեր տեղեկություններով և բարձրաստիճան սպաների վկայությամբ՝ Միքայել Արզումանյանը նահանջի հրաման չի տվել:
Վերադառնալով Թալիշին և Մատաղիսին, նշենք, որ անցած տարի մեղադրանք առաջադրվեց Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանին, ում պատճառով, ըստ ՔԿ-ի, Թալիշ և Մատաղիս գյուղերը հակառակորդի վերահսկողության տակ են անցել:
Մասնավորապես, ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Սևակ Աբրահամյանը, ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում խախտել է մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանված մարտական հերթապահություն կրելու կանոնները։
«Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։
Այդ պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով՝ մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։
Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, որի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և հաջորդող ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով՝ ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:
Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն):
News.am-ի փոխանցմամբ, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է: Նախնական դատալսումները տեղի են ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այնուհետ գործը տեղափոխվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան:
Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանը News.am-ին ասել է, որ սեպտեմբերի 26-ին կազմակերպված խնջույքը եղել է Բանակի հրամանատարի և դիվիզիայի հրամանատարի գիտությամբ և թույլտվությամբ:
Այսինքն, առնվազն պատերազմից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, իմանալով պատերազմի սկսման մասին, Ջալալ Հարությունյանը թույլ է տվել խնջույք կազմակերպել՝ քաջատեղյակ լինելով ադրբեջանական կուտակումների մասին:
168.am-ը բաց աղբյուրներից ուսումնասիրություններ էր կատարել առ այն, որ պատերազմի սկսվելու պահին զինվորները որոշ տեղերում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել։
Մենք նաև գրել էինք, որ անգործության մեջ մեղադրվող Սևակ Աբրահամյանն ավելի ուշ նշանակվել էր 18-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ:
Հետաքրքիր է, որ մեր հոդվածների հիման վրա գլխավոր դատախազությունն ինչ-ինչ գործողություններ էր սկսել: Իսկ 2021 թվականի փետրվարին հարցին՝ Մատաղիսի զորամասին, զորամասի հրամանատարությանը և մասնավորապես՝ Սևակ Աբրահամյանին առնչվող քրեական գործ կա՞ հարուցված, թե՞ ոչ, Դատախազությունից մեզ պատասխանել էին.
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում «Մատաղիսի» զորամասի հրամանատարության, այդ թվում՝ Սևակ Աբրահամյանի գործողությունների իրավաչափության վերաբերյալ քրեական գործ չկա հարուցված»:
Ավելի ուշ, սակայն, գործ հարուցվում է, որը, ըստ էության, վերաբերում է միայն խնջույքի կազմակերպմանը և ոչ ավելին:
Մատաղիսի ռազմավարական նշանակության համատեքստում հավելենք, որ պատերազմից հետո հայկական երբեմնի ամենապաշտպանված հենակետի և գերիշխող 457 բարձունքի մասին տեսանյութում ադրբեջանցի մասնագետները նշում էին, որ այն թույլ էր տալիս հայկական կողմին վիզուալ վերահսկողության տակ պահել Թալիշը, Մատաղիսը, Շիխարխ բնակավայրը և այլն: Այստեղ հնարավորություն էր ստեղծված առաջնագիծը թողնել և երկրորդ գծից կրակ վարել:
Այս մասին մանրամասն գրվել է, ուստի կրկին չենք անդրադառնա։ Հարցն այլ կերպ ձևակերպենք՝ ինչո՞ւ չպայթեցվեց Մատաղիսի ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարը, երբ արդեն պարզ էր, որ այն մեզ չի մնալու: Ի դեպ, այս հարցը քննարկվել է նաև փորձագիտական շրջանակներում:
Ինչ վերաբերում է 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշ և Մատաղիս գյուղերը գրավելու ադրբեջանական փորձերին, նշենք, որ «Թարթառի գործի» շրջանակում 2021-ի նոյեմբերի 23-ին «Թուրան» գործակալությունը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե 2016-ի ապրիլին Ադրբեջանի բանակի առաջ խնդիր էր դրված՝ «ազատագրել» Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող «օկուպացված» տարածքի մի մասը:
Խնդիրը հատուկ նշանակության ջոկատները կատարել են, սակայն, ըստ ադրբեջանական գործակալության, բարձր ղեկավարության հրամանով, զինուժը, որը պիտի հասներ հատուկ նշանակության զինծառայողների մոտ և ընդուներ դիրքերը, չի գնացել, արդյունքում՝ 100-ավոր հատուկ նշանակության զինծառայողներ են ոչնչացվել:
«Թարթառի գործով» անցած և կտտանքների ենթարկված կապիտան Էլմար Ալլահվերդիևը պատմել էր, որ 2016-ի Ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը Իլհամ Ալիևին զեկուցել է, թե «Սեյսուլան և Թալիշ գյուղերը «ազատագրված են», մինչդեռ իրականում դրանք հայկական վերահսկողության տակ են եղել և չեն վերցվել»:
«2017-ի մայիսի դեպքերը («Թարթառի դեպքերը») հիմնականում կապ ունեին Ադրբեջանի նախագահին կեղծ տեղեկություններ տրամադրելու հետ, թե կատարվել է զանգվածային դավաճանություն, ինչի արդյունքում հակառակորդը հակագրոհ է իրականացրել և իր հսկողությանը վերադարձրել իբր ազատագրված Սեյսուլան և Թալիշ գյուղերը»,- ընդգծել էր Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումներից մեկի հետախուզական բաժինը ղեկավարած Ալլահվերդիևը՝ շարունակելով, որ Սեյսուլանի ուղղությամբ իրենք առանց աջակցության են մնացել:
Նրա խոսքով, «այստեղ հակառակորդի տարածք ներթափանցման խորությունը 400 մետր էր, և ոչ ինչպես Թալիշում՝ 7-8 կմ, դրա համար հաջողվել է իրեն հանել անձնակազմին»:
«Սակայն մոտոհրաձիգները և նրանց հրամանատարությունը փախչում էին, որոնք պիտի վերցված դիրքերը զբաղեցնեին»,- լրացրել էր ադրբեջանցի կապիտանը՝ պնդելով, որ սրանից հետո իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, այդ ժամանակ ԳՇ պետ Սադիկովը և 1-ին կորպուսի հրամանատար Հիքմեթ Հասանովը հրամայել են կեղծ տեղեկություն տալ Իլհամ Ալիևին, ինչից ինքը հրաժարվել է, և արդյունքում՝ դարձել «Թարթառի գործի» ֆիգուրանտ:
Ադրբեջանցի պահեստազորի որոշ սպաներ կարծիք էին հայտնել, որ «Թարթառի գործն» ի հայտ է եկել, քանի որ զինվորական բարձրագույն հրամանատարությունը ցանկացել է թաքցնել 2016 թվականին տեղի ունեցած պատերազմի իր կորուստները:
Նշենք, որ վերևում հիշատակված Սեյսուլանը և, ինչպես արդեն նշեցինք՝ Թալիշը հայկական կողմը կորցրեց արցախյան վերջին պատերազմի ժամանակ:
Իսկ Ջալալ Հարությունյանը, որն առաջիկայում հրավիրվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, որևէ պատասխանատվություն չի կրում, ինչպես նաև մյուս տարածքային կորուստների, և ոչ էլ պատերազմին պատշաճ կերպով ՊԲ-ն չպատրաստելու համար:
Ի՞նչ ենթադրել սրանից, տվյալ դեպքում՝ Թալիշի և Մատաղիսի ռազմավարական նշանակությունը Ջալալ Հարությունյանը չի՞ գիտակցել, թե՞ գիտակցելով են նման անգործություն թույլ տվել, հատկապես, երբ 2016-ին դրանք եղել են ադրբեջանական օրակարգում: Ժամանակը ցույց կտա: