Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը չեն լսել Կամո Աղաջանյանի զգուշացումը

2020թ․ սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 7:10-ին, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` լայնամասշտաբ պատերազմ է սկսվել: Նույն օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․

«Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո՛, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր»,- շարունակել էր նա:

168.am-ը գրել էր, որ պատերազմի առաջին օրերին ընկել է Թալիշը, Մատաղիսը, հակառակորդին հաջողվել է գրավել Արեգասարի բարձունքը՝ ունենալով որոշակի առաջխաղացում «Եղնիկների» պաշտպանության տեղամասում:

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է. «Եթե մեզ չհաջողվեր առաջին օրը ճեղքել հակառակորդի պաշտպանական գիծը, հետագայում մեզ շատ դժվար էր լինելու»:

Իսկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը:

«Մենք պետք է այդ հնարավորությունից իրենց զրկեինք: Ես ուզում եմ մեր հասարակությունը տեղյակ լինի, որ հրետանու 40 տոկոսը կորցնելը մեծ աղետ է, հակաօդայինն էլ՝ 50 տոկոսը։ Հրետանին ամբողջ ռազմաճակատում կարկուտի պես թափվել է, ինչպես ասել էի, բայց գլխավոր երկու ուղղությամբ՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս»,- ասել է Ս. Բաբայանը՝ նշելով, որ չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքել էր հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսել ծավալվել, մի քանի օր անց զարգացնելով գրոհը։

Վերադառնանք ՊԲ-ի լիովին կամ հիմնականում պատրաստ լինելու Արցախի ղեկավարության պնդումներին:

168.am-ը մի քանի անգամ գրել է, որ ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին, որի օրը, ավելին, սցենարը, ըստ էության, պարզ է եղել։ Այսինքն, պատերազմի սկսվելու պահին զինվորները որոշ տեղերում զորամասերում են եղել: Խոսենք փաստերով.

Գոռ Ավետիքյան

2020 թվական, սեպտեմբերի 27, առավոտ

Մարտունի 3

Գոռը լվացված դուրս եկավ բակ, նայեց պայծառ, կապուտակ երկնքին, մի լավ ձգվեց ու մտածեց. «Այսօր լավ օր է լինելու», և հենց այդ պահին լսվեց պայթյունի ձայն:  

Ու հենց այդ պահին լսվեց ռումբի պայթյունը, թշնամին հարվածել էր զորամասի հարևան մասնաշենքի վրա։ Միանգամից հասկացել էր, որ սա արդեն հերթական կեղծ տագնապը չէ։ Թշնամին հարձակվել է։ Գոռն իր զինակից ընկերների հետ վազում է ներս՝ հագնվելու և զինվելու։

«Թշնամու հարվածներից մեկը զորամասի շենքի ուղղությամբ էր։ Մուտքը փլվեց։ Գոռը ֆիզիկապես շատ ուժեղ էր, ընկերների խոսքով՝ պատուհանից դուրս է բերել վիրավոր ծառայակից ընկերներին, չի հեռացել այնքան ժամանակ, մինչև վերջին մարդը զորամասից դուրս չի եկել»,- ամիսներ առաջ «Սպուտնիկ Արմենիային» պատմել էր Գոռի մայրը: Նոյեմբերի 3-ի առավոտը եղավ Գոռի վերջին առավոտը…

Պատերազմի օրերին Հատուկ նշանակության զորքերի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Ֆահրադյանը «Զինուժին» պատմել է. «Առավոտը 7:15-ին արդեն հրթիռակոծություն սկսվեց մեր զորամասի ՄՏՎ-ի վրա (մշտական տեղակայման վայրի.- Մ.Պ.): Անմիջապես տագնապ տվեցինք, անձնակազմը հանեցինք»:

Տագնապ ազդանշանից հետո փոխգնդապետ Ֆահրադյանն իր հատուկ նշանակության ստորաբաժանման հետ անցնում է պաշտպանության, հաջողվում է հետ վերցնել մի քանի կարևոր բարձունք, սակայն շուտով զորքն ընկնում է շրջափակման մեջ: Փոխգնդապետին հաջողվում է գործադրած հնարքի միջոցով 62 զինվորի դուրս բերել շրջափակումից:

Զոհված փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը պատմում է. «Ջրականում եղել է հրաձգային գումարտակի հրամանատար: Ինքը պատերազմի սկսվելու ժամանակ գտնվել է 45-օրյա արձակուրդում: Արձակուրդայինից ընդամենը տասը օրն է անցած եղել, երբ իր տեղակալներից մեկը զանգել է և ասել՝ հրամանատար ջան, կրակոցներ կան: Ինքն այդ ժամանակ եղել է Կապան քաղաքում՝ վարձով բնակարանում: Միանգամից տեղից վեր է կացել և ասել՝ զորքս մնաց անտեր, ես պիտի հասնեմ զորքիս: Իրեն պաշտոնական հետկանչ չի եղել զորամաս: Զուտ իր տեղակալն է զանգել»:

Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ սպաներին, նույնիսկ՝ ավելի բարձր պաշտոնի, սեպտեմբերի 27-ին տնից են կանչել վերջին պահին: Մինչդեռ, ինչպես վերջերս, պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ եղած Արծրուն Հովհաննիսյանն է ասել՝ ՀՀ-ում պատերազմից 2-3 օր առաջ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաթղթային հրահանգը՝ զորքերը բերել համապատասխան աստիճանի:

Հարց՝ գեներալ Գասպարյանի այս հրահանգը հասե՞լ է ՊԲ, Ջալալ Հարությունյանին, եթե ոչ՝ ինչո՞ւ, եթե այո՝ ինչո՞ւ ՊԲ-ն լիովին պատրաստ չի եղել պաշտպանության, ինչո՞ւ են պատերազմի սկսման պահին որոշ տեղերում զինվորներն այն «դիմավորել» զորամասերում:

Ի դեպ, 2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով վերջին պատերազմի ժամանակահատվածում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, ասել էր, որ ինքը նախապես տեղյակ չի եղել պատերազմի ժամկետից, և հավելել. «Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ՝ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»:

Ճշտող հարցին՝ զեկուցվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՞ն, Սամվել Բաբայանը արձագանքել է՝ երևի, բա էլ ո՞ւմ:

Այսինքն, Արայիկ Հարությունյանին ոչ թե սուրճի բաժակ են նայել և հուշել հնարավոր պատերազմի մասին, այլ պատերազմից 2 օր առաջ ասվել է՝ պատերազմ է սկսվելու:

Տեսանյութեր

Լրահոս