Սրանք ոչնչացրել, այլասերել ու վարկաբեկել են մեր երեսնամյա պատմությունը, որ իրենց սև գործն ավարտին հասցնեն․ Արա Սահակյան
1988-ին սկսված արցախյան շարժումը ԽՍՀՄ ներսում լուծման տարբերակ ուներ, այն կարող էր լուծվել, քանի որ ԽՍՀՄ պատմությունն ուներ օրինակներ, երբ մի հանրապետությունից մյուսին տարածքներ էին հանձնվում։ 1991-ի դեկտեմբերին Արցախի հարցը դարձավ հայ-ադրբեջանական միջազգային հակամարտություն, և արդեն 1992-ին ԵԱՀԿ-ն սկսեց զբաղվել դրանով, բազմաթիվ հանդիպումներ եղան։ Ի վերջո, հանգեցին ավելի աշխատունակ ձևաչափին՝ եռանախագահությանը, և այս ամբողջ ընթացքում՝ 1992-ից մինչև 2020-ի գարուն, փորձ էր կատարվում կողմերի մոտեցումները մերձեցնելու, պատերազմը բացառելու։ Սրանք եկան իշխանության, փոքրիկ ու կարճատև խաբկանքի շրջան ձևավորեցին, թե իբր զրոյական կետից են սկսում, կամ լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը:
«Այս ամենի նպատակը մեր գրեթե երեսնամյա պատմության ոչնչացումն էր, այլասերումն ու վարկաբեկումը, որի հիման վրա արդեն կատարվում է ներկայիս գործը։ Այսինքն՝ սրանք ասում են, թե իբր խնդիր՝ որպես այդպիսին, գոյություն չունի, հակամարտություն չկա, կան այնտեղ դեռևս ապրող և գոյատևող հայեր, որոնք սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքներ ունեն, ընդ որում՝ նույնիսկ դրանով չեն զբաղվում։ Պետք է արձանագրել, որ հինգ տարի առաջ սկսված հեղափոխությունը հաստատուն քայլերով իրականացնում է իր առջև դրված նպատակները։
Գունավոր հեղափոխությունների շարքում մենք վերջինն ենք, մեզնից առաջ արաբական երկրներն էին կամ, օրինակ, Մոլդովան։ Սրանց բոլորի նպատակը եղել է այդ երկրներում ազգային-հայրենասիրական ուժերն ու կառավարությունները ոչնչացնելը, որոնք կարող էին կարծել, թե այս միաբևեռ աշխարհում իրենք ունեն իրենց տեղն ու ինքնատիպությունը, քաղաքական ուրույն շահերն ու քաղաքակրթական և մշակութային կերպարը»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Հեղափոխության, ազատության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ սկսված մեծ շարժումը՝ կախված տվյալ երկրի առանձնահատկություններից, նպատակ ուներ հլու-հնազանդ դարձնելու այն երկրները, որոնք ազգային նպատակ են հետապնդում։ Հայաստանում ազգային նպատակ կար՝ հարևանությամբ, այլ երկրի տարածքում կոմպակտ բնակվող հայության քաղաքական ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այս պատկերը հարկավոր էր միաբևեռ աշխարհին՝ վերջնականապես իր տիրապետությունը հաստատելու համար, պարզապես Ռուսաստանը ոսկորի պես մնաց կոկորդին։ Ռուսաստանում ևս փորձեր արվեցին բավական համակրելի կերպարներով առաջ տանելու նորացման և ժողովրդավարացման գործընթացները, բայց այնտեղ դա չհաջողվեց։ Եթե այնտեղ հաջողվեր, հաջորդը Չինաստանն էր լինելու»,- նշեց Սահակյանը:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ պետք է հասկանալ՝ այս իրավիճակում ՀՀ իշխանությունները կկարողանա՞ն իրենց մեջ ուժ գտնել՝ կանգնեցնելու այս ընթացքը. «Խնդրի արմատը Հայաստանում չէ, մեզ մոտ խամաճիկային կառավարություն է, որը կատարում է Արևմուտքի պատվերը և հիմա էլ փորձում է խորացնել այդ հակադրությունը։ Պետք է հիշել արցախյան շարժման ակունքները՝ հասկանալու, որ պատմական կեղծարարությունն արմատից է գալիս։ Մեր սերնդի շարժումը, զոհողությունները ներկայացվում են՝ որպես ագրեսիա։ Մյուս կողմից՝ այլ կերպ չեն կարող արդարացնել իրենց կողմից այս զիջումները, նահանջը, հրաժարումը, ուրացումը, դավաճանությունը։ Սա ազգային շահերի ուրացում է, և աշխարհում հիմա չկա երկրորդ պետություն, որտեղ կառավարությունն արդեն հինգ տարի է՝ մեթոդաբար ուրացման քաղաքականություն է իրականացնում»:
«Ամենաազդեցիկ ահազանգը մեր՝ դեռևս քնած շատ հայրենակիցներին Ալիևն է տալիս։ Նա պարզ ասում է, թե մեզ հետ ինչպես է վարվելու։ Սա շատ մեծ ծրագրի փոքր տարրն է։ Ոչ մի զիջում մեզ խաղաղություն չի բերելու։ Մենք արմատական սխալ ենք կատարում, երբ պատերազմների շրջանում ոչ թե հաղթանակից ենք խոսում ու հանուն հաղթանակի ենք պայքարում, այլ խաղաղություն ենք մուրում։ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հնարավոր և մեզ համար ցանկալի հաղթանակի պայմաններում դառնալ բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկը՝ թուրքալեզու պետությունների, թյուրքական աշխարհի առաջնորդը։ Նրա ճանապարհը մինչև Կենտրոնական Ասիա ու Արևելյան Չինաստան՝ անցնում է Հայաստանով։ Մեր հրապարակախոսության մեջ միշտ էլ ասվել է, որ Հայաստանը սեպի պես խրված է թուրքական աշխարհում։ Այսօր մենք ոչ միայն սեպ ենք, այլև մեր առջև դրված է այս սեպը ոչնչացնելու կամավոր հանձնառություն»,- ամփոփեց Արա Սահակյանը: